«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ԵՆ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ԵՆ»
Երեկ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեց խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին:
Լսումներին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, ՀՀ ազգային փոքրամասնությունների ղեկավարներ, տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլք: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՅՍՕՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է»
-Տիկին նախարար, Ձեր ելույթում նշեցիք, որ համակարծիք եք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի արտահայտած այն մտքին, որ, ի վերջո, Թուրքիայի ղեկավարությունը ծաղիկ է դնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի առաջ: Սա պարզապես ցանկությո՞ւն էր, թե՞ Դուք այդպիսի գործընթացի ռեալ հեռանկար տեսնում եք:
- Իհարկե, ռեալ հեռանկար տեսնում եմ, որովհետեւ Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է: Թուրքիայի ժողովրդավարացումը այլեւս կասեցնել հնարավոր չէ, որովհետեւ արդեն իսկ թուրք երիտասարդությունը, թուրք մտավորականությունը, թուրք ժողովուրդը կամաց-կամաց ճանաչում եւ առերեսվում է իր պատմության հետ: Եվ հետեւաբար իրողությունը փակել այլեւս հնարավոր չէ, պետք է մաքրել այդ դարավոր մուրը, կեղտը եւ ցույց տալ աշխարհին, որ իրականությունը սա է: Ես հավատում եմ, որ մի օր, իրոք, այնքան կքաղաքակրթվի Թուրքիան, որ կճանաչի իր անցած պատմությունը ու կառերեսվի դրա հետ` ծաղիկ դնելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջեւ: Եթե Ջեմալի թոռը կարող էր գալ Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկ դնել, մի՞թե Թուրքիայում չի գտնվի մի թուրք, խիզախ ղեկավար, որ կանի այդ քայլը:
- Իսկ արդյոք Թուրքիայի կողմից պատմության հետ առերեսման առաջին քայլը չպետք է լինի այն, որ նախ բացեն հայ-թուրքական սահմանը:
- Մենք լռելյայն սպասում ենք, ու հատկապես լրագրողները, մտավորականները, դիվանագետները չեն խոսում այս մասին, ինչը շատ վատ է: Մինչդեռ պարտավոր ենք ի լուր աշխարհին անպայման ասել մեր փակ սահմանների, մեր երկրի տնտեսական դժվարությունների, աղքատության, գործազրկության մասին, որովհետեւ այս ամենը խոսում է հենց սահմանի փակ լինելու մասին: Եթե այսօրվա Թուրքիային միջազգայնորեն ասեն, որ դու պարտականություն ունես եւ դու պատասխանատվություն ես կրում այս ամենի համար, որ պետք է քո դեմ պատժամիջոցներ կիրառվեն` սահմանը փակելու համար, ու արդյունքում միջազգային հանրությունը կարողանա ե՛ւ իրավաբանորեն, ե՛ւ բարոյական, քաղաքական առումով ճնշման ենթարկել Թուրքիային, ապա կարծում եմ` սահմանները` ուշ, թե շուտ, եւս կբացվեն:
«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»
-Եվրոպական գործընկերներին եմ ուզում անդրադառնանք, քանի որ ելույթների տեսքով հնչում են նրանց կողմից տեսակետներ, թե իրենք էլ շահագրգռված են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, սակայն 100 տարի է անցել, ու էական առաջընթաց չկա: Ըստ Ձեզ, իսկապե՞ս Եվրոպան այս հարցում հետեւողական է, թե՞ Հայոց ցեղասպանության թեման նրանց անհրաժեշտ է զուտ ի շահ իրենց` երբեմն-երբեմն օգտագործելու համար:
- Եթե դիտարկելու լինենք Եվրամիությունը, ապա այն` որպես առանձին միավոր, Ցեղասպանությունը ճանաչեց դեռեւս 1987 թվականին, երբ Հայաստանը նույնիսկ անկախ չէր: Այսինքն` սա խոսում է եվրոպական արժեքների, մարդկային իրավունքների գնահատման մասին, որը նրանց համար բարձրագույն արժեք է: Մյուս կողմից` Եվրոպայում կան երկրներ, որոնք դեռ, ցավոք, չեն ճանաչել: Օրինակ` Անգլիան չի ճանաչել, սակայն մեծ քայլ եմ համարում այն, որ վերջերս Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նրանց նախարարը եկավ Հայաստան ու այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց: Նաեւ արքայազն Չարլզը եկավ հայկական համայնքի հետ հանդիպման, այցելեց մեր Սուրբ Եղիշե եկեղեցին: Եվ այս ամենը մեր դեսպան Արմեն Սարգսյանի փայլուն աշխատանքի արդյունքում է, որ այսօր թագավորական ընտանիքն այդքան ջերմ վերաբերմունք ունի մեր հայկական համայնքի, ինչու չէ, նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացման եւ առաջընթացի առումով: Դուք տեսնեիք, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք եւ ընկերական հարաբերություններ էին, ինչպես էին մեր հայրենակիցները եւ մեր դեսպանը ներկայացնում արքայազնին եղելությունն ու Եղեռնի հետեւանքները: Ինչին հետեւեց այն, որ արքայազնի բերանից հնչեց Դեր Զորի եկեղեցու պայթեցման մասին: Փաստորեն, նրանք անհանգստացած են Միջին Արեւելքում քրիստոնեական ազգերի իրավիճակով: Այդ նույն անհանգստությունը Հռոմի Պապն արտահայտեց Թուրքիայում, որ Միջին Արեւելքը չի կարող լինել առանց քրիստոնեական ժողովուրդների: Կարծում եմ` իրադարձությունները, կյանքը քայլ առ քայլ թելադրում են, որ ավելի զգոն լինեն, ավելի ուշադիր լինեն քրիստոնեական հատվածի, մեր պատմական ժառանգության նկատմամբ: Չէ՞ որ պատմական ժառանգության կորուստը պատմության, հիշողության, ազգի կորուստ է: Հետեւաբար, ամեն առումով մենք պետք է ձայն բարձրացնենք ու չպետք է լռենք: Եվ պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գլխավոր կարգախոսն է` «Հիշում եմ եւ պահանջում»: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պետք է այս կարգախոսը դարձնի իր սեփականությունը:
«ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ԵՐԲԵՎԷ
ՉԽԵՂՃԱՑՆԵԼ»
-Ազգային ժողովի վավերացումից հետո այլեւս իրականություն է ՀՀ ԵՏՄ անդամակցումը: Հետաքրքիր է, թե եվրոպական հայ համայնքներն ինչպե՞ս արձագանքեցին դրան:
- Բոլոր հայերն էլ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ապրում են, շատ իրատես են եւ հասկանում են, որ Հայաստանի զարգացման ուղղությունը, վեկտորը, իրոք, ռուսական տարածքն է: Իրենք շատ լավ հասկանում, են, որ Հայաստանի անվտանգության խնդիրները ամեն ինչից վեր են: Շատ լավ գիտեն նաեւ, որ դարավոր է ռուս-հայկական բարեկամությունը, եւ այդ բարեկամության վրա որեւէ ստվեր նետել չի՛ կարելի: 2,5-3 միլիոն հայ է ապրում ՌԴ տարածքում, եւ այդ մարդկանց մասին մենք եւս պետք է մտածենք: Միեւնույն ժամանակ եվրոպական երկրների հետ մեր հարաբերությունները ոչ թե վատանում, այլ ավելի սերտանում են: Մենք երկկողմանի հարաբերություններ ենք ուժեղացնում Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ մյուս եվրոպական երկրների հետ, մենք փորձում ենք եվրոպական կառույցներում մեր դիրքերը երբեւէ չխեղճացնել, չզիջել եւ նույն ակտիվությամբ աշխատել: Ինչո՞ւ պետք է Եվրոպայում ապրող հայերը մտահոգություն ունենան, թե Հայաստանը ինչ կառույցների եւ կազմակերպությունների անդամ է դառնում, չէ՞ որ ինչքան Հայաստանը ընդգրկված լինի տարբեր կառույցներում, կազմակերպություններում, այնքան այն ճանաչելի կդառնա, ձայն կունենա, ու նրա նկատմամբ մոտեցումները կփոխվեն: Ու առավել եւս, որ ռուսական, ղազախական եւ բելառուսական տարածքը մեծ շուկա է ապահովում մեզ համար: Սա ճանապարհ է դեպի մեծ շուկա: Իսկ մյուս կողմից` մենք չպետք է մոռանանք, որ մեր էներգետիկ եւ ռազմական խնդիրները պետք է առավել հզոր եւ ապահովված լինեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

