ՈՐՈՇԻՉ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆԱՎԹՆ ՈՒ ԳԱԶՆ ԵՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ԹՈՒՂԹԸ
Արխիվ 12-16ՈՐՈՇԻՉ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆԱՎԹՆ ՈՒ ԳԱԶՆ ԵՆ,
ԵՎ ՈՉ ԹԵ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ԹՈՒՂԹԸ
Չնայած անցած շաբաթ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրային բազան, համենայնդեպսª այն մասով, որը կախված է մեր երկրից, հասավ իր վերջնակետին, սակայն տեղական արեւմտամետները դեռ շարունակում են լացուկոծը: Օրինակª ժառանգական Արմեն Մարտիրոսյանը այն հին բայաթին է կապել, թե այդ ինչպես եղավ, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու փոխարեն Հայաստանը "մի գիշերվա մեջ 180 աստիճանով շրջվեց եւ գնում է դեպի ԵՏՄ": դե ուրեմն. "Մենք ունենք այսպես ասած ճոճանակային դիվանագիտություն":
ԻՆՉՈՒ ԵՆ ԴԵՌ ԱՂՄԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԸ
Սակայն հիշատակված հարցադրումը հնչեցնողները մեկ պարզ բանի մասին են "մոռանում" խոսել. այդ ինչպե՞ս էր ստացվել, որ մեկ-երկու տարի առաջ Հայաստանը որոշվել էր եվրաասոցացվել, երբ հայաստանյան արեւմտամոլների կազմակերպած հազիվ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ բողոքներն անգամ ապացուցեցին, որ հայաստանյան հասարակության գերակշիռ մեծամասնության համակրանքը հենց Եվրասիան է:
"ԵՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական վնասների մասին բազմաթիվ անկախ տնտեսագետներ եւ միջազգային կազմակերպություններ են խոսել... ԵՏՄ-ին` Հայաստանի անդամակցելուց մեր երկրում ներդրումներ չեն լինելու, այն դեպքում, երբ ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը ենթադրում էր ներդրումներ Հայաստանում: Բացի այդ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի հանգեցնելու արդյունաբերության վերազինմանը",- իր, ավելի ճիշտª վաղուց ստանդարտ դարձած հերթական "մտքի գոհարներն" է շարունակում գլխներից թափել "Ժառանգության" փոխնախագահըª եւ էլի "մոռանալով" շատ պարզ բաներից խոսել: Օրինակª Եվրաասոցացման պայմանագրի այդ ո՞ր կետն էր երաշխավորումª Հայաստանում ներդրումներ իրականացնել կամ "հանգեցնել արդյունաբերության վերազինման": Միանգամից նշում ենք. նման կետ չկա եւ կեղծարարությամբ էլ այն չի հայտնվի:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ներդրումներին, ապա միայն այն փաստը, որ արդեն իսկ պայմանագրով նախատեսված 270 դոլարի փոխարեն Հայաստանը գազի համար վճարում է աշխարհում ամենացածր գներից մեկըª 189 դոլար, արդեն իսկ այդ անդամակցությունից բխող հսկայական առավելություն է, եւ "Ժառանգության" խելքին ընկնելու դեպքում հենց այս պահին ՀՀ ամեն մի քաղաքացի ստիպված կլիներ վճարել 30 տոկոսով բարձր գին: Էլ չասած, որ գալիք տարվանից գազը կգնեինք միջին եվրոպական շուկայական գներով, այսինքնª առնվազն 340-350 դոլարով, ինչի պարագայում Հայաստանի ներսում երկնագույն վառելիքից օգտվել կկարողանային միայն արեւմտյան գրանտներով ապրողներն ու օլիգարխները: Ասենքª նաեւ էլեկտրաէներգիան կդառնար միայն նրանց մենաշնորհը, քանի որ առանց ռուսական այդ "չեղած" ներդրումների` մեկ տարուցª 2016-ից հայկական ատոմակայանը շահագործման ժամկետի լրանալու պատճառով կդադարեր աշխատել, իսկ 350 դոլարանոց գազով արտադրված էլեկտրաէներգիան հաստատ հայաստանյան շարքային քաղաքացիների գրպանի բանը չէր: Թե դրանից հետո քանի մարդ կմնար Հայաստանում...
Իրականում թերեւս հենց այս վերջին հարցադրումն էլ դրված էր եվրաասոցացման "գաղափարախոսության" հիմքումª քանի մարդ կմնա Հայաստանում: Հիշո՞ւմ եքª դեռ 1990-ականների սկզբներին էին մեր այն ժամանակվա արեւմտամետները, ովքեր իշխանության ղեկին էին, մեկ-մեկ բերաններից պլստացնում, թե Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով հազիվ կարող է 1-1,5 միլիոն մարդու կերակրել, այն էլª որպես սպասարկման ու մի քիչ էլª գյուղատնտեսության ոլորտներում աշխատուժ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչ օրս կյանքի բոլոր բնագավառներում բացառապես արեւմտյան սխեմաներով ապրող Հայաստանը հետեւողականորեն կորցրեց իր բնակչությունը, ինչը անթաքույց ակնարկ է այն մասին, որ այն 1-1,5 միլիոնը հենց այնպեսª օդից ընկած թիվ չէր: Եվրաասոցացիա կոչվածն էլ կարող էր այդ երազանքների 1-1,5 միլիոնանոց Հայաստանին հասնելու վերջին ակորդը դառնալª երկրին զրկելով դիմադրողական ֆունկցիայի վերջին մնացորդներից: Իսկ երբ դրանից հետո Հայաստանը "մի գիշերվա մեջ 180 աստիճանով շրջվում է", ապա դժվար չէ "հասկանալ" 1-1,5 միլիոնանոց Հայաստան երազողների հիասթափությունը:
ՆԱՎԹ, ԳԱԶ ԵՎ... ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐ
Բայց նաեւ ասել, թե ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո գործադրված այդ մեխանիզմներն այս պահին վերջնականապես են ձախողվել, միամտություն կլիներ: Չնայածª հասկանալի է, որ ամեն ինչ, այդ թվում, թե ինչքանով կկայանա Եվրասիական միությունը, արդեն կախված է դեմ առ դեմ բախման փուլ մտած ռուս-ամերիկյան հակամարտության ընթացքից: Իսկ այս հակամարտությանը պետք է մոտենալ երկու ուղղությամբ: Առաջինն անշուշտª ռազմաքաղաքական մոտեցումն է, եւ այս հարթությունում Ռուսաստանն ակնհայտորեն այս պահին հաղթողի դիրքերում է: Ամենապարզ ապացույցն այն է, որ ներկայումս հենց ռուսական զորքերն են գտնվում Ղրիմում եւ օր օրի հզորանում, ինչը, ըստ էության, նշանակում է Եվրոպայի պատկառելի մասի նկատմամբ ռազմական վերահսկողություն: Ընդ որում, այս բալանսը ռազմական միջոցներով փոխելու եւ ոչ մի շանս ԱՄՆ-ը չունի, հաշվի առնելով դեռ մեկ-երկու ամիս առաջ ի հայտ եկած այն փաստը, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ ունի ոչ միայն հավասարազոր միջուկային զինապաշար, այլ նաեւ այն հակառակորդի տարածք հասցնող միջոցներª հրթիռներ եւ այլն: Այսինքնª վերականգնված է այն միջուկային բալանսը, որը ժամանակին կամովին կորցրեց ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Գորբաչովըª բացելով Միության փլուզման վերջին դուռը: Եվ ահա ներկայումս այդ բալանսի վերականգնումն արդեն գործնականում անհնար է դարձնում Ռուսաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքի ամեն մի փորձ, ինչքան էլ որ ՆԱՏՕ-ն այդ երկրի սահմաններին է հասցրել կենտրոնանալ:
Եվ դժվար չէ նկատել, որ հենց այդ փաստի ի հայտ գալուց հետո էր, որ ռուս-ամերիկյան հակամարտությունը սկսեց հիմնականում խորանալ Մոսկվայի համար ամենախոցելիª տնտեսական ուղղությամբ: Իսկ այն, որ մինչեւ իսկ ռուբլու փոխարժեքի անկումն արդեն պատերազմի վերածվող այդ հակամարտության արդյունք է, օրերս բաց տեքստով հայտարարեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելին, գրեթե անմիջապես էլ ՌԴ նախկին վարչապետ, ապաª ռուսական արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովն էլ ավելի բացեց փակագծերըª ներկայացնելով կոնկրետ կատարողներիª "արեւմտյան ֆոնդերին եւ ֆինանսական ինստիտուտներին", որոնք ռուբլու փոխարժեքի վրա ազդում են "իրենց գործակալների եւ ֆինանսական միջնորդների" միջոցով:
Իհարկեª մեղավորներին իմանալը մեկ բան է, նրանց գործունեությունը կանխելըª այլ բան: Այդ հայտարարություններից մի քանի օր է անցել, սակայն ռուբլու փոխարժեքի աճ դեռ չկա: Բայց նաեւ անկման դինամիկան է այս օրերին նկատելիորոն մեղմվել, եւ այս իրավիճակը խոսում է, որ ոչ այնքան տեսանելի, սակայն համառ պայքար այս ուղղությամբ կա, որն, ի դեպ, չի կարող հանգուցալուծվել միայն "գործակալներին եւ ֆինանսական միջնորդներին" բռնել-պատժելով, քանի որ ցանկացած պահի նրանց կարող են փոխարինել այլ նման գործակալներ:
Բայց անկախ այս ուղղությամբ ընթացող ֆինանսական պատերազմներից, օրերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ընդունելով Ֆրանսիայի նախագահ Օլանդին, ռուսական տնտեսական այս խնդիրը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն. "Չպետք է թերագնահատել Ռուսաստանի զորությունը: Այն աշխարհի ամենամեծ պետությունն է եւ ամենահարուստ: Պատժամիջոցների պատճառով նրանք, իհարկե, եկամուտներից զրկվել են, բայց նավթը, գազը եւ մնացած ամեն ինչ մնում է Ռուսաստանին: Մինչդեռ ճգնաժամերը երկար չեն տեւում... Եվ իմ անձնական վերլուծությունը հուշում է, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանում նմանատիպ "գարուն" կազմակերպելու ցանկությունը ձախողվել է եւ ավարտվել "Ղրիմյան գարունով"":
Եվ, իրոք, ինչքան էլ փոխվեն փոխարժեքները, միեւնույն է, դրանք հարաբերական հասկացություններ են, եւ իրական արժեքները` նավթը, գազը եւ այլն: Առավել եւս, եթե դրան գումարվում են նաեւ թեեւ ոչ տնտեսական, բայց մեկ է, հսկայական նշանակություն ունեցող միջուկային մարտագլխիկները: Ու թերեւս նազարբաեւյան այս մեսիջները Եվրոպայում համապատասխան արձագանք ստանում են, հաշվի առնելով, որ Օլանդը հարկ համարեց տուն վերադարձի ճանապարհին չնախատեսված վայրէջք կատարել Մոսկվայում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

