ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ "ԼԻՎԵՐՊՈՒԼ"
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ "ԼԻՎԵՐՊՈՒԼ"
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Դորտմունդի "Բորուսիայի" ծայրահեղ անհաջող խաղը չի դադարում զարմացնել ֆուտբոլասերներին եւ մասնագիտական տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Իսկ հայաստանյան ֆուտբոլասերի համար դրան ավելանում է նաեւ այն, որ այդ թիմի նման վիճակն ուղղակիորեն անդրադառնում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթայանի հեղինակության եւ ցուցադրած խաղի վրա: Համենայնդեպսª Մխիթարյանը դարձյալ քննադատների ուշադրության կենտրոնում է. գերմանական ակումբի ձախողումների մեջ ֆուտբոլային քննադատները, բնականաբար, տեսնում են նաեւ Մխիթարյանի մեղքի բաժինը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Լոնդոնի "Արսենալի" հետ խաղի համար Ruhr Nachrichten-ը Մխիթարյանի խաղին տվել է 5 գնահատականը: Այդ գնահատականն են ստացել նաեւ Գինտերը, Շմելցերը եւ Իմոբիլեն, իսկ "Բորուսիայի" կազմում լավագույնը Վայդենֆելլերն է (2.5): "Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ ընդհատել անհաջող խաղերի շարքը: Հայ ֆուտբոլիստը հազվադեպ էր մտնում պայքարի մեջ եւ ակտիվ չէր: Պիշչեկի փոխանցումից հետո լավ ընդունեց գնդակը եւ դուրս եկավ հարվածային դիրք, սակայն չգրավեց դարպասը: Ընդմիջումից հետո Մխիթարյանն աննկատ էր խաղադաշտում",- գրել է պարբերականը:
Գերմանական ակումբն իսկապես բարդ կացության մեջ է, սակայն խնդիրները պետք է փնտրել թիմ ասվածում եւ ոչ մի կերպ չանհատականացնել հարցը: Ինչեւէ, ստեղծված իրադրության արդյունքում թիմում հնարավոր են կադրային փոփոխություններ: Բրիտանական express.co.uk-ի տվյալներով` այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը լքողներից մեկը կարող է լինել Մխիթարյանը. հայ ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել անգլիական "Լիվերպուլը". այս ակումբը ցանկանում է կամ գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, կամ վարձակալության պայմանագիր կնքել: Հիշեցնենք, որ 2013թ. ամռանը "Բորուսիայի" հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարում էր նաեւ "Լիվերպուլը", եւ հայ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը անգլիական ակումբ քննարկվում էր միջազգային ամենահայտնի պարբերականների էջերում: Որքանով է հավանական Մխիթարյանի հեռանալը գերմանական ակումբից, ցույց կտա ժամանակը: Ի վերջո չմոռանանք, որ հայ ֆուտբոլիստն այս ակումբի կազմում նաեւ շատ արդյունավետ եւ տպավորիչ խաղ է ցուցադրել: Տեղափոխվել Ուկրաինայի առաջնությունից միանգամից Բունդեսլիգա եւ "չկորել" բավական աստղային թիմում եւ միանգամից էլ հասնել նոր խաղամակարդակի, որն առաջադրում էր "Բորուսիան", հեշտ չէր, բայց Մխիթարյանը կարիերայի այդ անցումային հատվածն անցկացրեց բարձր պրոֆեսիոնալիզմով:
Ի դեպ, պետք է նշել, որ Մխիթարյանն այս տարի եւս մեկ նվաճում ունեցավ, վերջինս FourFourTwo պարբերականի վարկածով ընդգրկվել է 2014թ. աշխարհի առաջատար 100 ֆուտբոլիստների ցուցակում. նա 84-րդն է: "Դորտմունդի "Բորուսիայում" Հենրիխ Մխիթարյանի առաջին մրցաշրջանը տպավորիչ է: Այս տարի նրա ելույթներն այդքան էլ ուրախացնող չեն, բայց պետք է ընդունել, որ Մխիթարյանը տարվա առաջին հատվածում խփել է մի քանի կարեւոր գոլ: Նա դարձել է "Բորուսիայի" երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը",- գրում է FourFourTwo-ն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

