ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տարիներ շարունակ Թուրքիան բոլոր ջանքերն ուղղել է իր հոգեբանությանն ու գործելաոճին հատուկ բարբարոսության իրականացման?` Արեւմտյան Հայաստանի տարածքից վերացնել այն ամեն ինչ հայկական է: Պատմական հայրենիքում այսօր գրեթե բոլոր եկեղեցիների որմնանկարները եւ հայկական արձանագրությունները ջնջված են, դրանցից մնացել է միայն մի չնչին մաս: Այսպիսով` Թուրքիան ձգտում է ապացուցել, որ այս տարածքը հայկական չէ:
Ինչքան էլ ջնջեն արձանագրությունները եւ հայկականությունը խորհրդանշող փաստերը, միեւնույն է` ամբողջ պատմությունը ջնջել հնարավոր չէ: Հայկական հարուստ մշակույթը վերագրելով իրեն` Թուրքիան հպարտանում է բոլոր այն զբոսաշրջիկների մոտ, ովքեր աշխարհի տարբեր ծայրերից գալիս են հրաշագեղ Անին ու մյուս հայկական եկեղեցիները տեսնելու: Նրանցից շատերին պատմական այդ հուշարձանները ներկայացվում են այնպես, ինչպես ձեռնտու է Թուրքիային: Չնայած հայկական մշակույթին որոշ չափով ծանոթ օտարերկրացիների համար դժվար չէ գլխի ընկնել, որ այստեղ ամբողջությամբ հայկական ճարտարապետական ձեռագիրն է:
Վերջին շրջանում մամուլում կրկին լուրեր տարածվեցին, որ Թուրքիան հավատարիմ մնալով իր "սկզբունքներին", վերսկսել է ոչնչացնող գործողությունները հայկական արձանագրությունների նկատմամբ: Ահա այս հրատապ խնդրի շուրջ էլ "Իրավունքը" զրուցեց շրջանառվող ամբողջ տեղեկատվությանը քաջատեղյակ մարդկանց հետ:
"ԵԹԵ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՋՆՋՎԱԾ ԼԻՆԵՐ, ԻՆՁ ԿՈՒՂԱՐԿԵԻՆ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՂ ՆԿԱՐՆԵՐ"
"Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող" հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.
- Կարող եմ ասել, որ այստեղից վերացվել է հայկական զինանշանը: Իսկ պատերից, այս ընթացքում, որեւէ արձանագրություն չի ջնջվել եւ գրեթե բոլոր արձանագրություններն իրենց տեղում են: Անիում նույնիսկ եկեղեցի վերականգնվեց, այլ բան է, թե այս ամենի հետեւում ինչ կա: Իհարկե եկեղեցու գմբեթը մինչեւ վերջ չվերականգնեցին, որպեսզի խաչ չտեղադրեն: Վերջին անգամ ես Արեւմտյան Հայաստանում եղել եմ այս տարվա ամռանը եւ բացառում եմ, որ այս մի քանի ամսվա ընթացքում Անիի եկեղեցիներից ջնջված լինի արձանագրություն, քանի որ Անին օրական ընդունում է հազարավոր այցելուներ: Եթե արձանագրություններից որեւէ մեկը ջնջված լիներ, աշխարհի տարբեր ծայրերից միանգամից ինձ կուղարկեին բարբարոսությունը փաստող նկարներ: Մինչեւ այդ ամենը լուսանկարներով չտարածվի, պետք չէ հավատալ:
"ԱՆԻՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՆՊԱՏԱԿ"
Հայագետ, նախիջեւանագետ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ.
- Անիում կատարվում են պեղման աշխատանքներ, որոնք ունեն թաքնված նպատակ` հնարավորինս տեղահանել ու ոչնչացնել հայկական արձանագրությունները: Ես հատուկ կոչով հանդես եմ եկել, որպեսզի ստեղծվի հատուկ կառույց հուշարձանների պահպանության համար: Այսպիսի կառույցներ պետք է լինեն այն երկրներում, որտեղ հայկական հուշարձանները պահպանելու կարիք կա: Եթե այսպես շարունակվի, ապա հայկական հուշարձանները կարող են գոյատեւել միայն 30-50 տարի: Եթե քայլեր չձեռնակենք դրանք պահպանելու համար, ապա կզրկվենք մեր ունեցած արժեքներից:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

