"ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ"
Վերջին շրջանում այդքան արդիական դարձած ակումբները նաեւ լուրջ մշակութային ծրագրերի, ստեղծագործողների համար են հիմնական հանգրվան դարձել: Երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Կամերային երաժշտության տանը վերջերս կայացած իր "Կոմիտաս. վերապրում" համերգից առաջ ավելի քան 10 տարի համերգային ելույթով չէր ներկայացել:
"Համերգասրահները, համերգային դահլիճները բազում խնդիրներ են ի հայտ բերում, դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ այն երաժիշտներին, որոնց սովոր ենք տեսնել համերգային բեմերում, արդեն որերոդ տարին է` իրենց գործունեությունը տեղափոխել են ակումբային ոլորտ: Ճիշտ է, ակումբային մշակույթը Երեւանում վերջին տարիներին է զարգացել, բայց հասցրել է անփոխարինելի դառնալ. այն կենդանի ու առողջ օրգանիզմ է, բավական է ներկայացնես ծրագիրդ, եւ գործն արագ առաջ է գնում, աշխատանքն այստեղ շատ արդյունավետ է: Եվ հետո, ակումբն իր յուրահատուկ քաղցրությունն ունի նաեւ անմիջական շփման տեսանկյունից. հաճախ քեզ ու հանդիսատեսին մի քանի մետր է միայն բաժանում, նրա շունչն անգամ զգում ես, այստեղ որոշակի ադրենալին, հետաքրքրություն կա,- "Իրավունքի" հետ զրույցում ասաց Վահան Արծրունին ու թվելով ակումբներում հանդես գալու դրական կողմերը: - Ակումբային համերգներով նաեւ աշխատանքդ է հղկվում. հանդիսատեսի հետ այդքան անմիջականությունից շուտ ես զգում, թե ինչ տարր է պետք զարգացնել, ինչ փոփոխություններ անել: Ես եթե ամփոփեմ իմ երկամյա ակումբային փուլը, ապա կարձանագրեմ, որ մոտ 60 համերգով ներկայացել եմ ու կարծես այս առումով հագեցել եմ": Ակումբային համերգների առավելությունների մասին խոսելիս Արծրունին նշեց նաեւ, որ այսօր իրական երաժշտական կյանքն ընթանում է ակումբային մակարդակի վրա, եւ որ բոլոր խմորումները, նորությունները, եռուզեռը հիմնականում ակումբային հարթության վրա են ծավալվում: Իսկ 2015 թվականի իր ծրագրերին անդրադառնալով նշեց. "Հաջորդ տարի, ինչպես բոլոր ստեղծագործողները, այնպես էլ ես իմ գործունեությունը ծավալելու եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ. կներկայացնեմ 2 մեծ նախագիծ` կամերային երաժշտության ոլորտում, ունեմ հրավեր` այս թեմատիկայով ներկայանալու Սանկտ Պետերբուրգում": ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ