ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՄՍԱՄԹԵՐՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ
Եղվարդի մանկապարտեզի երեխաների զանգվածային թունավորման հավանական պատճառ է դեռ համարվում "Մուշ" ՍՊԸ-ի նրբերշիկը: Բայց կա նաեւ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն:
Եթե արգելված է, ապա ինչպե՞ս է նրբերշիկը, անկախ նրանից, թե ով է արտադրողը, հայտնվել մանկապարտեզում: Չէ՞ որ դա ենթադրում է գնման գործընթաց, այսինքնª պայմանագրերի կնքում, այդ նպատակով` ֆինանսական հատկացումներ: Մինչդեռ, եթե խոսքը նախարարի հրամանով արգելված ապրանքի մասին է, ապա այն պետք է, որ չկարողանար նման ընթացակարգերով անցնել: Հարցի պատասխանը փորձեցինք պարզել նախ` մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանից, ով, սակայն, լսելով հարցը, հրաժարվեց պատասխանել, ասելով, որ իրեն հարմար չէ, եւ չի էլ կարող ասել, թե երբ հարմար կլինի` մեր հարցերին պատասխանել: Դրանից հետո տիկին Մանուկյանն անջատեց հեռախոսը, ըստ երեւույթին, որպեսզի այլեւս չզանգենք եւ չտանք վերոնշյալ հարցը, որի պատասխանին` որպես տնօրեն, նա հաստատ տիրապետում է: Իսկ "Մուշ" ՍՊԸ-ի սեփականատեր Բորիս Ներսիսյանը շատ հետաքրքիր բացատրություն տվեց. "Մենք մատակարարում ենք էդ ապրանքը մեկ այլ կազմակերպության, որն իր հերթին մատակարարել է մանկապարտեզին... Մեր ընկերությունը նման պատվեր է ստացել, մենք չենք համոզել, որպեսզի մեզանից գնեն": Կարծես թե, նրբերշիկի պատմության շուրջ կենացները սկսում են քաղցրանալ: Դե ուրեմն, այս ուղղությամբ մեր ուսումնասիրությունները դեռ կշարունակենք: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ