ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ. ՌԵԳԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ` ՀԱՄԵՄՎԱԾ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Արխիվ 12-16Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձել է փոխարժեքի տատանումներին. "Մենք հետեւում ենք գործընթացին, դա Կենտրոնական բանկի իրավասության շրջանակներում է, եւ իրենք պետք է զգալի տատանումների պարագայում միջամտեն: Հետեւում ենք նաեւ գնաճին, որպեսզի այն լինի փոխարժեքի տատանման սահմաններում",- նշել է նա:
Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձեւավորմանը եւ փոխարժեքի տատանողականության աճին, որը ոչ այնքան խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, որքան դրանից դիվիդենտներ քաղող քաղաքական գործիչների մոտ նոր շնչառություն է բացել:
Գնահատելով գոյություն ունեցող երեւույթները, ՀՀ կենտրոնական բանկը նախորդ օրը տարածած հաղորդագրությամբ հայտարարել է, որ դրանք կարճաժամկետ բնույթ են կրում եւ հաստատել է իր պատրաստակամությունը` կայունացնել շուկայում իրավիճակը` իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: "Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն` կարող են հանգեցնել զգալի վնասների: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը եւ արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության եւ ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան",- ասված է ՀՀ ԿԲ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թվում է, թե երկրի ֆինանսական շուկայի համար պատասխանատու մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո որոշակիորեն պետք է կրքերը հանդարտվեին, սակայն այս օրերին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը պարարտ հող է ստեղծել քաղաքական պոպուլիզմով տառապողների համար: Նկատենք, սակայն, որ վերջիններն իրավիճակից օգտվողների մի խումբ են, մյուսը` շուկայում արհեստականորեն գնաճ առաջացնողներն են:
Տնտեսագիտական կանոնների համաձայն` դոլարի փոխարժեքի բարձրացման պարագայում պետք է բարձրանային բացառապես ներկրվող ապրանքների գները, սակայն ինչպես շատ հաճախ է պատահում Հայաստանի դեպքում` միջազգային տնտեսագիտական կանոնները չեն գործում եւ տնտեսվարող սուբյեկտները, կամ ինչպես արդարացիորեն նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում, արժութային սպեկուլյանտներն անհարկի բարձրացրել են առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների գները` սկսած հացից, վերջացրած կարտոֆիլով:
Խնդրին անդրադարձել է նաեւ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով եւս պնդել է, որ դոլարի արժեւորումը սպեկուլյատիվ բնույթ ունի: Ըստ նրա` դրամի արժեզրկումը տնտեսական իրավիճակի արդյունք չէ: "Դրա պատճառով գնաճի վրա միգուցե որոշակի ազդեցություն կա, բայց տնտեսության ունեցած ցուցանիշները եւ իրավիճակն այնպիսին չեն, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ լինեն: Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ,- ասել է նա եւ հավելել: -Իրավիճակը կկարգավորվի, քանի որ օրենսդրական եւ վարչական գործիքները, որոնք ունի Կենտրոնական բանկը, կարող է կարճ ժամանակում կարգավորել":
Իշխանության ներկայացուցիչների պնդումները, կարծեք թե վերահաստատել է դրամագետ եւ ֆինանսական խորհրդատու Արմեն Փափազյանը, ում կարծիքով եւս դրամի կտրուկ արժեզրկումն իրոք առնչվում է միջազգային շուկային, նաեւ` տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական որոշ խնդիրների հետ:
ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

