ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ "ՏԱՐՕՐԻՆԱԿ" "ՓՈԽԱՐԺԵՔԱԽԱՂԵՐԸ"
Արխիվ 12-16"ՏԱՐՕՐԻՆԱԿ" "ՓՈԽԱՐԺԵՔԱԽԱՂԵՐԸ"
Այն, որ հայաստանյան դրամի փոխարժեքի ներկայիս աննորմալ դրսեւորումների տակ պետք է ոչ թե տնտեսագիտական լուրջ տրամաբանություն, այլ հիմնականում արհեստական տարրեր փնտրել, քիչ չի խոսվել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նման ակնարկներ արդեն սկսել են հնչեցնել նաեւ տնտեսական ոլորտի պատասխանատուները:
ԻՍԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԵԿՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԷ՞
Օրինակª Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւս այն համոզմունքին է, որ դրամի արժեզրկումն ու դրան անմիջապես հաջորդած թանկացումները ներքին տնտեսական իրավիճակի արդյունք չէ, եւ պետք է սպեկուլյացիոն հետքեր փնտրել. "Տնտեսության ունեցած ցուցանիշները եւ իրավիճակն այնպիսին չեն, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ լինեն: Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ":
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են այս ոչ միայն հակաժողովրդական, այլ նաեւª հակապետական սպեկուլյացիայի հեղինակները, պարոն Ճշմարիտյանը նախ նշում է. "Չեմ կարող ասել": Եվ նույն պահին էլ ակնարկի նմանվող մեկ հետաքրքիր միտք է հնչեցնում. "Մեր ունեցած օրենսդրական եւ վարչական գործիքներով, որ ունի Կենտրոնական բանկը, կարող է կարճ ժամանակում կարգավորել":
Ուրեմն, եթե "կարող է կարճ ժամանակում կարգավորել", ինչո՞ւ կարգավորված չէ: Սա բացատրելու փոխարեն, երեկ կառավարությունում ԿԲ նախագահի փոխարեն բոլորովին այլ "բացատրություններ" էր տալիս նրա տեղակալ Ներսես Երիցյանը, ում տնտեսական "հանճարի" հետեւանքները ¥երբ ղեկավարում էր հայաստանյան էկոնոմիկան¤ շատերը մինչ օրս չեն մոռացել: Եվ այս անգամ էլ պարոն Երիցյանը փայլեց իր ողջ "հանճարով". "Այս ամենը, ձեւավորված որոշակի սպասումների ներքո, հանգեցրել է փոխարժեքի տատանողականության աճին: Վերջին մեր հայտարարություններն ուղղված էին սպեկուլյացիաներից ու անհարկի փոխարկումներից զերծ պահելուն...": Լավ էլի, հոգնեցրիք: Այդ ի՞նչ "սպասումներ" են, այս ո՞ր միջազգային բարդ իրավիճակների մասին եք խոսում... Հնարավոր չէ՞ այս պատմությունների փոխարեն տեղը-տեղին բացատրեք, թե դրսի կոնկրետ այս-այս իրադարձությունները նման-նման ուղիներով հասցրեցին փոխարժեքի ներքին անկայունության եւ այս-այս սպեկուլյանտներն էլ թեժացնում են վիճակը: Լավ. ամեն դեպքում ի՞նչ իմաստ ունեն այդ բոլոր բացատրություններն ու անհասցե սպեկուլյանտները, եթե կոնկրետ պահերի հենց հայաստանյան բանկերն են հրաժարվում դոլար վաճառել, կամª սահմանում են խելագար փոխարժեքներ, ինչն արդեն իսկ բավարար է չեղած տեղն էլ սուր սպեկուլյացիոն միտումներ եւ փոխարժեքի անկանոն թռիչքներ առաջացնելու համար: Էլ չասած, որ առքից էականորեն բարձր գնով դոլար վաճառելով, բանկերը հենց իրենք են վերածվում սպեկուլյանտների, այն էլª ամենախոշոր:
Բայց չէ, բանկերի այս գործելաոճը բացատրելու փոխարեն պարոն Երիցյանը մեդիտացիայի մեջ գտնվող բուդդայականի հանդարտությամբ շարունակում է քարոզել. "Որպեսզի շուկայում կայունացնենք իրավիճակը, գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները եւ միջոցները... Մեր պահուստները համապատասխանում են շրջանառության մեջ գտնվող դրամին... Կայունությունը ապահովված է եւ երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերում արդեն իսկ մեծ ակտիվներն ու պարտավորությունները դոլարացված են եւ բանկերն իրենք ունեն շատ մեծ դոլարային իրացվելիությունª ե՛ւ կանխիկ, ե՛ւ անկանխիկ":
Այսինքնª կա ամեն ինչ, բայց մեկ էª դրամը քրոնոմետրի ճշգրտությամբ "պայթում է": Ուրեմն ինչո՞վ բացատրել այդ հանելուկը:
ԻՍԿ ԵԹԵ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՍՐՈ՞ՒՄ
Իհարկեª վաղ թե ուշ ողջ ճշմարտությունը ջրի երես կելնի: Սակայն այս պահին որոշ հանգամանքներ աչքի տակ առնենք: ԿԲ փոխնախագահն ամեն դեպքում պնդում է, թե կա ինչ-որ հանելուկային արտաքին գործոն. "Այն ճշգրտումները, որոնք դրսի շոկով են պայմանավորված, պետք է իրենց տեղը գտնեն": Իսկ դրսում տեսանելի փոխարժեքային շոկ կա միայն Ռուսաստանում, եւ չբացառենք, որ հենց այդ ուղղությամբ էլ ակնարկ անում է ԿԲ փոխնախագահը: Բայց չէ՞ որ ռուսական այդ շոկը ամենեւին էլ նույն շոկային ազդեցությունը չի թողնում տարածաշրջանի մյուս երկրների վրա: Այդ դեպքում Հայաստանն ինչո՞վ է առանձնահատուկ: Նրանով, որ դառնում ենք Եվրասիական միության անդա՞մ. հենց այդ մտքի՞ն է տանում պարոն Երիցյանը, ինչն ի դեպ, առանց ակնարկների էլ այս օրերին ակտիվորեն հայտարարում էին ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ մեր հատուկենտ ԱԺ պատգամավորները:
Լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ պատճառը դա է կամ էլ մեկ այլ արտաքին շոկային աղբյուր, էլի վիճակը մնում է անհասկանալի: Հազար անգամ ասացին, որ ե՛ւ ՀՀ ԿԲ-ն, ե՛ւ մյուս բանկերը, ամենեւին էլ փոխարժեքի պակաս չունեն: Դրան նույնիսկ կարելի է հավատալ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 2-ի "շոկային թերապիայի" հաջորդ օրը, երբ շատերն ընկած դոլար էին փնտրում, փոխարժեքի "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻ" բորսայում դոլարային եւ ոչ մի գործարք չկնքվեց: Դա նախ նշանակում է, որ եղած այդ պիկային պահանջարկը մասամբ փակելու համար ԿԲ-ն որեւէ ինտերվենցիայի չի դիմել, այսինքնª գոնե իր կարեւոր գործիքներից մեկը հարկ չի համարել կիրառել: Կամ էլª բանկերը դոլարի նկատմամբ պահանջ չեն ունեցել: Ուրեմն կան բավարար ռեսուրսներ, բայց էլի հրաժարվո՞ւմ են դոլար վաճառելով նաեւ շուկայական պահանջը բավարարելª մինչեւ վերջ սրելով խուճապը: Առավել եւս, որ մինչեւիսկ ԱԺ որոշ պատգամավորներ են խոսում այն մասին, թե. "Բանկերի վրա դրված են դոլարի վաճառքի արգելք":
Ամեն դեպքում այն, որ հենց հայաստանյան բանկերն են, որ իրենց նման գործելաոճով էապես սրեցին իրավիճակը, հազիվ թե որեւէ մեկը հակաճառի: Իսկ դա նշանակում է, որ դրսի շոկերից խոսելուց առաջª ԿԲ-ն նախ պետք է բացատրեր իր ենթակայության տակ եղած համակարգի քայլերը: Միգուցե իրոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ, որ բանկերն այդպես են վարվում: Կամ կարո՞ղ է դա սովորական տնտեսական դիվերսիա էր, առավել եւս, որ ռուսական փորձագիտական շրջանակներում էլ կա այն բավականին համոզիչ վարկածը, որ ռուբլու անկումը "իշխանության մեջ գտնվող լիբերալների հատուկ գործողությունն էª երկիրն ապակայունացնելու համար": Ինչ է. մենք էլ չունե՞նք համաշխարհային հայտնի ֆինանսական կենտրոնների շահերը սպասարկող նման լիբերալներ...
Մի խոսքովª հենց բանկերի նման քայլերի շուրջ պարզաբանումն է, որ այսօր ակնկալվում էր ԿԲ-ից: Ու եթե սրա փոխարեն պարոն Երիցյանն ամենայն հանդարտությամբ արտաքին շոկերի մասին ԿԲ-ի ծեծված պատմությունն է վերաշարադրում, դա արդեն լրիվ "անհասկանալի" է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

