"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԷ"
Արխիվ 12-16"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԷ"
Վերջին օրերի դրամի արժեզրկումը կկարգավորվի, համենայնդեպս, մեզ հետ զրույցում նման վստահություն հայտնեց էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ` չբացառելով, որ դաշտում սպեկուլյատիվ երեւույթներ կան:-Կենտրոնական բանկի ե՛ւ պահուստները, ե՛ւ ունեցած դրամային ծավալները, ե՛ւ դոլարային ծավալները, ե՛ւ բանկերի մոտ եղած դոլարային ծավալները թույլ են տալիս եզրակացնել, որ ամեն ինչ կկարգավորվի:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված դրամի ներկայիս անկումը:
- Ընդհանուր առմամբ, նորություն չէ, որ Հայաստանում, ի տարբերություն ամբողջ աշխարհի, Ամանորին ընդառաջ գները բարձրանում են: Եթե անհիմն բարձրացումներ են լինում, այդտեղ արդեն ՏՄՊՊ-ն պետք է իր գործիքները կիրառի: Կամ եթե դա պայմանավորված է զուտ շուկայի տատանումներով, ապա դա առանձին հետազոտության առարկա Է: Ես կարծում եմ, որ դեռ վաղ է որեւէ եզրակացություն անել եւ պետք չէ ավելորդ աժիոտաժ բարձրացնել, քանի որ շուկայական տնտեսության պայմաններում նման երեւույթները, կարելի է ասել, սովորական են: Պարզապես, մեկ օրվա մեջ նման տատանումները լավ բան չեն: Բայց էլի, կարծում եմ, որ Կենտրոնական բանկը իր բոլոր գործիքները կկիրառի` խնդիրը կարգավորելու նպատակով:
- Իսկ վերլուծե՞լ եք, թե ինչի հետեւանքով են նման կտրուկ տատանումներ լինում:
- Ընդհանուր տնտեսության մեջ նման երեւույթներ չկան, որոնք որ կարող էին նման խոշոր տատանումների հանգեցնել: Ընդհակառակըª այս պահին տնտեսական ակտիվության ցուցանիշի, համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի բարձրացում է տեղի ունենում, արդյունաբերական արտադրանքի աճը նույնպես նույն դինամիկան ունի: Արտաքին առեւտրաշրջանառությունը ավելանում է, աշխարհագրությունըª ընդլայնվում: Օրինակ, եթե առաջ մեր հիմնական գործընկերները Եվրամիությունն ու ԱՊՀ երկրներն էին, հիմա 44 տոկոսն այլ երկրներ են, որը շատ փայլուն ցուցանիշ է: Այսինքնª տնտեսական դինամիկան լավ է, իսկ դա չէր կարող նման երեւույթ առաջ բերել:
- Իսկ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա: Շատերը նույնիսկ այսօրվա դրամի արժեզրկումն են կապում դրա հետ:
- Բացասական, բայց դրամի արժեզրկումը վստահաբար դրա հետ կապված չէ: Միգուցե, ինչ-որ չնչին մասով իր ազդեցությունն ունի, բայց դա եղանակ չէր կարող փոխել: Իսկ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հավանական ազդեցությունները կարող են լինել տրանսֆերտների կրճատման, մեր ապրանքների արտահանման նվազման տեսքով: Բանն այն է, որ եթե Հայաստանից արտահանումների որոշակի պայմանագրեր կնքված են ռուբլով, ապա դա եւս մեր տնտեսվարողին ձեռնտու չէ, իսկ եթե կնքված են դոլարով, ապա դա արդեն ռուսական տնտեսվարողին ձեռնտու չէ, որ ներմուծի: Հետեւաբարª նրանք երկուստեք նման պայմաններում ինչ-որ ժամանակով կսահմանափակեն առեւտուրը, մինչեւ վիճակը կայունանա: Հույս ունենանք, որ շուտ կանցնենք այդ պրոցեսները:
- Միջազգային շուկայում, ինչպես գիտեք` պղնձի եւ մոլիբդենի գները նորից իջել են: Դա իր ազդեցությունն ունեցա՞վ տնտեսութան վրա:
- Իհարկե կունանա, բայց դրա ազդեցությունը հիմա չի երեւա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

