"ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ ԱՆՑ` ԶՂՋԱՑԻ"
Արխիվ 12-16"Ընկնելով շրջապատի ազդեցության տակ, ակամայից չգիտակցելով մեկը մյուսի հետեւից կատարված սխալ արարքներիս հետեւանքները, մի օր էլ սխալ շրջապատ ընտրելու պատճառով դարձա մարդասպան",- այսպես սկսվեց մեզ հետ զրույցը 15 տարվա ազտազրկման դատապարտված, ՀՀ ԱՆ "Վարդաշեն" ՔԿՀ-ի դատապարտյալ ԱՐՏՅՈՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Արտյոմի հետ մենք հանդիպեցինք երեկª իր նկարների` "Երազից անդին" խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Մեզ հետ զրույցում Արտյոմը չցանկացավ շատ սեւեռվել իր քրեական գործի վրա. "Ճիշտն ասած` այդ թեմայով չեմ ցանկացել երբեւէ խոսել, կասեմ միայն, որ դատապարտվել եմ սպանության համար: Այդ էջը ես փակել եմ եւ չեմ ցանկանում անդրադառնալ ինձ համար սարսափելի կյանքիս այդ հատվածին": Ապա անդրադառնալով անազատության մեջ անցկացրած տարիներին եւ թե ինչպես է կալանավայրում դարձել նկարիչ` պատմեց.
-Արդեն տասներեք տարի է` գտնվում եմ անազատության մեջ. այսօր տասներեք տարվա մեջ առաջին անգամ եմ ճաղավանդակներից դուրս հայտնվում, սա ինձ համար յուրահատուկ օր է: Գիտե՞ք, բանտախցում հայտնվելուց հետո ես միայն հասկանում, թե ինչքան թանկ է ազատության մեջ անցկացրած ամեն մի վայրկյանը, հասկանում ես, որ ոչ մի բան այս կյանքում չի կարող փոխարինել ազատությանը: Դատապարտվելուց հետո միայն հասկացա, որ չի կարելի գործել պահի ազդեցության տակ, անկախ ամեն ինչից. ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է մի վայրկյան սթափվել ու հետո առաջ շարժվել: Եթե ժամանակին ես այդ ամենը հասկանայի ու գիտակցեի, գուցե այսօր դատապարտված չլինեի եւ ամբողջ կյանքիս համար մարդասպանի պիտակ ձեռք չբերեի:
Այս տարիների ընթացքում իմ միակ զբաղմունքը նկարչությունն էր, փորձեցի գտնել մի բան, որն իրենից ե՛ւ արժեք կներկայացնի, ե՛ւ հանրության համար որեւէ կարեւորություն կամ նշանակություն կունենա, ու հիմնականում դա դրդեց ինձ զբաղվել նկարչությամբ: Իմ նկարների շնորհիվ ես ինձ սկսեցի պիտանի զգալ, գիտե՞ք, թե որքան դժվար է ինքդ քո մեջ ներել քեզ ու փորձել առաջ գնալ: Կյանքի հանդեպ հետաքրքրություն եւ ապրելու ցանկություն ինձ իմ նկարները ներշնչեցին:
- Մնացել է երկու տարի, որ հայտնվեք ազատության մեջ...
- Երիտասարդ տարիներին կատարած սխալներս զգալով, գիտակցելով, փորձում եմ այդ սխալները հաշվի առնելով ապրել եւ շարունակել այնպես, որ իմ կատարած քայլերը ավելի գիտակցված լինեն: Կյանքումս մեծ բաներ փոխելու շատ ցանկություն կա, բայց նաեւ գիտակցում եմ, որ կան ցանկություններ, որոնք անհնարին են: Ես կաշխատեմ նոր ուղիով առաջ շարժվել, ապրելու եմ այնպես, որ մարդիկ զգան իմ կարիքը: Կալանք կրող յուրաքանչյուր անձ բանտախցում գիտակցում է, որ պետք չէր ապրել միայն քեզ համար:
- Զղջացե՞լ եք Ձեր կատարած արարքի համար:
- Բնականաբար, կարծում եմ իմ կատարած արարքի` սպանության համար յուրաքանչյուր մարդ կզղջա: Նման արարք սովորաբար կատարվում է այդ պահի, այդ իրավիճակի ազդեցությամբ: Բայց հենց այդ պահը անցավ, սպանությունից հետո հենց առաջին վայրկյանից զղջացի, գիտակցեցի արարքիս մեղավորության չափը: Սա իմ առաջին դատվածությունն էր եւ առաջին սխալը, որը ճակատագրական դարձավ իմ կյանքում: Դա կյանքի մեծ ու չափից դուրս դաժան դաս էր, որը ողջ գիտակցական կյանքում ինձ չի լքի: Երբեմն գործում ենք քայլեր, որոնք շատ թանկ են նստում մեր կյանքի, կենսագրության, ապրելակերպի վրա, եւ որոնք, ցավոք սրտի, այլեւս ուղղել հնարավոր չէ: Ճիշտ է, երիտասարդ տարիներին, երբ մեծերը մեզ խորհուրդներ են տալիս, մենք դրանք չենք ընդունում, ասում ենք` պարտադիր պետք է զգանք մեր կաշվի վրա, որ գիտակցենք: Բայց երբ զգում ենք մեր կաշվի վրա ու գիտակցում, արդեն շատ ուշ է լինում ինչ-որ բան փոխել: Այդ իսկ պատճառով բանտախցում երկարուձիգ տասներեք տարիների ընթացքում հասկացա, որ ամեն բան կարող էր այլ կերպ դասավորվեր իմ կյանքում, եթե ժամանակին ունկնդիր լինեի մեծերի տված խորհրդին:
- Եվ վերջում, ՔԿՀ-ների մասին բազմաթիվ եւ լավ, եւ վատ բաներ են պատմում: Կպատմե՞ք, թե ինչպիսին են այսօր հայաստանյան ՔԿՀ-ները, հաշվի առնելով, որ Դուք "բնակվել" եք նաեւ "Գորիս" ՔԿՀ-ում:
- Կարող եմ ասել, որ նախկին` տասը տարի առաջվա եւ այսօրվա կալանավայրերի մեծ տարբերություն կա: Սկզբնական տարիներին ե՛ւ ուշադրությունը այդքան լավ չի եղել, ե՛ւ ընդհանուր պայմանները բանի նման չէին: Իսկ ներկայումս կալանավորի պայմաններն ինչ-որ տեղ նույնիսկ կարելի է հարմարավետ համարել: Իսկ ամենակարեւորը, որ այսօր դատապարտյալները զգում են, որ իրենք էլ են սովորական մարդ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

