Վերջերս "բախտ" վիճակվեց օգտվել Երեւան-Չարենցավան 275 համարի երթուղային ավտոբոսից, որը պատկանում է գործարար Արթուր Հարությունյանին (Պալաչ): Մինչեւ ավտոբուսի մոտենալը` կանգառում հավաքված չարենցավանցիները, տրտնջալով ավտոբուսի ուշանալուց, ամեն մեկը յուրովի փորձում էր ներկայացնել դրա պատճառը:
Ըստ շրջանառվող լուրերի` երթուղին շահող կազմակերպությունը պարտավորվել է կազմակերպել ավտոբուսների երթը` տասնհինգ րոպեն մեկ հերթականությամբ: Սակայն ինչպես ականատես եղա նաեւ ես, այն իրականացվում է 30-ից 40 րոպեն մեկ հաճախականությամբ: Եթե անգամ ավտոբուսները շուտ են գալիս, ապա կանգնում են այնքան, մանավանդ երեկոյան ժամերին, մինչեւ ավտոբուսը լցվում է, եւ ներս մտնելու հնարավորություն չի լինում, իսկ դրսում մնացած ուղեւորները, հաջորդ կանգառներում այլընտրանք չունենալով, օգտվում են տաքսիներից: Իսկ հիմա տաքսիների մասին: Ավտոբուսի, այսպես կոչված, դիսպետչերները, որոնք պարտավոր են կարգավորել երթուղու բնականոն ընթացքը, ըստ խոսակցությունների, համակարգում են նաեւ (որոշ գումարի դիմաց) նաեւ տաքսիների երթը ու նաեւ ասում են` այն տաքսիները, որոնք չեն վճարում, իրավունք չունեն տեղափոխել ուղեւորներ: Եղել են դեպքեր, որ նրանց չենթարկվողները բռնության են ենթարկվել: Ըստ որոշ լուրերի, բողոքում են նաեւ ավտոբուսի վարորդները այն պատճառով, որ այդ դիսպետչերները երթուղու սահմանված ժամանակահատվածը արհեստականորեն երկարացնում են` պատճառաբանելով եւ երթուղու տիրոջը ներկայացնելով` իբր թե տնտեսում են վառելիքը եւ այլն: Սակայն նրանք կարծում են, որ երթուղու տերը չգիտի նրանց` տաքսիների երթուղի կազմակերպելու փաստը: Այլապես վիճակը այսպիսին չէր լինի: Նաեւ արժե նշել, որ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս պարտավոր է երթուղուն արտոնագիր տրամադրելուց հետո նաեւ գոնե երբեմն հսկողություն իրականացնել: