ԱՐՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ նիստ` Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով` ընդդեմ "Իրավունք" թերթի եւ թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի, դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ: "Իրավունքի" շահերը դատարանում պաշտպանում է "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Դիանա Գրիգորյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, "Իրավունքից" պահանջում է ներողություն խնդրել "Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն" նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, "նողկալի" բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ "Իրավունք" մեդիա ՍՊԸ-ից հօգուտ իրեն` Աստծու ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դրամ:
Նիստը բավական զավեշտալի էր ու հետաքրքիր: Շուրջ 20 րոպե դատավոր Ափինյանը փորձում էր հայցվոր կողմից ճշտել, թե որտեղ է այն հայտարարությունը, որը լրագրողը իր հոդվածում անվանել է "նողկալի", սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացավ: Պատասխանող կողմի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջամտեց` ասելով. "Եթե կան մարդիկ, որ հիշողության կորուստ ունեն, ապա հիշեցնեմ, որ պարոն Բարդակչյանի հայտարարությունները տեղադրված են մամուլի մի շարք հրապարակումներում եւ news.am հեռուստաալիքում, որը մենք ներկայացրել ենք դատարանին: Նշենք նաեւ, որ այդ հայտարարությունից հետո այրել են Կոմիտաս վարդապետի մեքենան եւ այնտեղ փակցրել. "Որտեղ քոնը կասես, այնտեղ էլ` Բարդակչյանինը" գրությունը: Դրանից հետո լրագրողը, որպես հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, իր հոդվածում արտահայտել է իր վերաբերմունքը` վերոնշյալ հայտարարության հետ կապված, անվանելով այն "նողկալի", ինչը նշանակում է "չար", "ոչ պարկեշտ": Հանկարծ հայցվոր կողմի փաստաբանը տեղից վեր կացավ եւ փորձեց դատավորից ճշտումներ կատարել, թե ո՞ր հայտարարության մասին է խոսքը, վերջինս էլ ստիպված եղավ հերթական անգամ պատմել եղելությունը: Բայց միեւնույնն է, հայցվորներին կրկին չբավարարեց պատասխանը, եւ փաստաբանը, որը ստանձնել էր դատավորի լիազորությունները, շարունակեց դատավորին հարցեր եւ ցուցումներ տալ` ասելով, որ միեւնույնն է, իր պաշտպանյալը որեւէ հայտարարություն չի կատարել, որն ուղղված լինի Կոմիտաս վարդապետի դեմ: "Նախագահող դատավորին հարց չեն տալիս",- միջամտեց "Իրավունքի" պաշտպանը, որին ի պատասխան. "Դուք մի ասեք` նախագահողին հարց տալիս են, թե չեն տալիս",- ինքնագոհ եւ բարձր տոնով պատասխանեց հայցվորի պաշտպանը, որը դատավարության ընթացքում արդեն ստանձնել էր թամադայի դերը: Դատավորը հերթական անգամ, կին փաստաբանի ագրեսիայից մի տեսակ շփոթված, փորձում էր հասկանալ. "Նորից եմ հարցնում` այդ հայտարարությունը կա՞ ընդհանրապես բնության մեջ": "Այո, ոչ միայն բնության մեջ, այլ կենդանական աշխարհում. այն սփռել է իր բացասական աուրան, որի հետեւանքն ու ապացույցը եղավ Կոմիտաս վարդապետի մեքենայի այրելը: Դրա առնչությամբ քրեական գործ է հարուցվել": "Բասացական աուրա" արտահայտությունը վրդովեցրեց աղանդավորական շարժման ղեկավարի փաստաբանին, որը փորձեց դատական նիստի ղեկը կրկին իր ձեռքը վերցնել ու հայտարարեց. "Լավ կլինի` հերթականությամբ անդրադառնանք գործի հանգամանքին, հետո նոր կպատասխանեմ ձեր հարցերին": Այս խառնիճաղանջ իրավիճակում հանկարծ հնչում է փաստաբան Դիանայի բջջայինի բարձր հեռախոսազանգը այն դեպքում, որ հարյուր անգամ նախապես զգուշացվում է, որ պետք է անջատել բջջային հեռախոսները: Դատավորը մեղմ զարմանք արտահայտեց, որի հետ կապված` փաստաբանը էլի դատավորին սխալ հանեց. "Այնքան անակնկալ կերպով, հարգելի դատավոր, մտաք նիստերի դահլիճ, որ մոռացա": "Դրա համար, եթե մոռանում են, պաստառին են նայում",- այս կերպ արձագանքեց դատավոր Ափինյանը, իսկ լեզվի տակ չմնացող փաստաբանն էլ անկեղծացավ` ասելով, որ ամեն անգամ չի նայում պատերին: "Հավանաբար, սիրահարված եք",- մեղմիկ տոնով կատակի տվեց դատավորը:
60 ՏԱՐԻՆ ԴԱ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԵԼԱՄՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔ Է,
ՊԱՐՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ
Ինչեւէ, այս ամենից զատ, դատավորը հաշտության կոչ արեց կողմերին, որի հետ կապված` պատասխանող կողմն ասաց, որ պատրաստ է ցանկացած հարթության վրա քննել եւ կնքել հաշտություն: Մինչ նույն հարցը կուղղվեր հայցվոր կողմին, դատավորը դիմելով Ավետարանական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչին, ասաց, որ Հիսուսը ներում էր բոլորին, մենք ով ենք, որ չներենք, միգուցե այսպես հաշտության գնաք: "Ամեն, Ամեն",- բացականչեց Բարդակչյանը: Այնուհետ մինչ կպատասխաներ, թե նա որքանով է հետեւում Քրիստոսի պատգամներին, ընկավ լիրիկական զեղումների գիրկը եւ ներկաներին փորձեց հուզել` պատմելով, որ օրեր առաջ լրացել է իր 60 ամյակը, որի առնչությամբ իրեն շնորհավորել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները. "60 մարմիններեն կողմից ինձ շնորհավորել են, բայց ես կներկայացնեմ երեքը, առաջինը դա Սեյրան Օհանյանն է, Վազգեն Մանուկյանը եւ ԱԺ-ից Վահրամ Բաղդասարյանը":
Շնորհավորանքներին անմիջապես միացավ դատավորը, իսկ պատասխանող կողմի փաստաբանն էլ հավելեց. "Պարոն Բարդակչյան, մենք եւս շնորհավորում ենք ձեզ, եւ 60 տարին խելամտության, իմաստնության մի գեղեցիկ տարիք է, ցանկանում ենք առողջություն, բարօրություն` ի նպաստ հայ ժողովրդի":
Ինչ վերաբերում է հաշտությանը, ապա Բարդակչյանը, ով, ի դեպ, դատարանում հայտարարեց, որ նա ԱՄՆ-ի, Սիրիայի, Լիբանանի, Հայաստանի եւ անգամ Ղարաբաղի քաղաքացիություն ունի, թե՛ դատարանի եւ թե՛ պատասխանող կողմի առաջ սկսեց պայմաններ դնել` մի պահ մոռանալով, որ նա հոգեւոր հովիվ է, եւ իր առաքելությունն ու գործողությունները ավելի շատ պետք է բխեն աստվածաշնչյան դրույթներից, քան վրեժխնդրության ծարավից. "Ես էլ 15 տարի է հեռուստաընկերություն եմ ղեկավարում, բայց միայն ավետիս ենք դալիս: Դրա համար չափ կա զրպարտությանը, եւ լավ է, որ հայաստանյան օրենքը թույլ է տալիս որոշել այդ չափը: Մարդիկ կան, որ սխալ հայտարարություններ են արել իմ մասին եւ պետք է ներողություն խնդրեն, ես այդ նախապայմանով կգնամ հաշտության":
Իսկ քիչ անց Բարդակչյանի գերակտիվ փաստաբանուհին հայտարարեց, որ ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով նրանք հաշտության չեն գնա: Այնուհետեւ սկսեց բացահայտ վիրավորել "Իրավունք" թերթին, ինչը սակայն շատ հանգիստ դիտում էր դատավոր Ափինյանը: Ընդհանրապես, դատավորի կեցվածքը բավականին տարօրինակ էր: Նա բացարձակ հանդարտությամբ էր վերաբերվում Բարդակչյանի շնորհավորանքների ցուցադրմանը եւ նրա փաստաբանի տեղի-անտեղի միջամտություններին, սակայն շատ կոշտ եւ կտրուկ արձագանքում էր Լեւոն Բաղդասարյանին` այն աստիճան, որ վերջինս ստիպված էր ասել. "Ես հո ձայնազուրկ չե՞մ":
Հավանաբար, դատավորի վրա չափից շատ զսպիչ ազդեցություն թողեց դատարանում մի ամերիկացու ներկայությունը, որին թարգմանում էին եղելությունը:
Ի դեպ, հենց դատարանում ամերիկացի Բարդակչյանը սկսեց իր քարոզը` ուղղված հայ Առաքելական եկեղեցու դեմ: Մեկնաբանելով լրագրողի վրդովմունքը այն փաստից, որ Բարդակչյանը փորձել է ժամանակին ցեխ շպրտել հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Կոմիտաս վարդապետի վրա, Բարդակչյանը վրդովված ասաց. "Զայրույթ է առաջացնում այն, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը տարբերություն է դնում մեր եւ իրենց միջեւ, սա արդեն խնդիր է": Այսինքն, Բարդակչյանը Հայ առաքելական եկեղեցին բերում հավասարեցնում էր իրեն, ինչին ի պատասխան` Լեւոն Բաղդասարյանը ստիպված էր հիշեցնել "աշխարհի քաղաքացի" Բարդակչյանին Հայաստանի Սահմանադրությունը, ըստ որի` Հայ առաքելական եկեղեցին ունի հեգեմոն դեր: Այնուհետեւ Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց "Իրավունքի" կարգախոսը. "Կրոնիս, պատվիս ու հայրենիքիս չկպնես":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Պետք է նշել, որ Բարդակչյանը հերթական անգամ դատարանում փորձում էր հերքել իրական փաստերը: Ինչ վերաբերում է ծննդյան շնորհավորանքներին, ապա այս կերպ սիրիաամերիկյան քաղաքացին փորձում էր ճնշում գործադրել դատարանի վրա` հատուկ շեշտադրելով հայաստանյան բարձրաստիճան այրերի անունները: Կարելի է ենթադրել, որ Բարդակչյանի մեջ խոսում է երկու ես` մեկը արաբական պաշտոնապաշտությունն է, մյուսը` ամերիկական ճարպկությունը: Հավանաբար, պարոն Բարդակչյանին չեն տեղեկացրել, որ մարդկանց չեն շնորհավորում նրա համար, որ այն դարձնեն դրոշակ եւ այս ու այն կողմ թափահարեն` վերածելով այն ամենաթողության վկայագրի: Դե, չնայած ում ինչ ենք ասում այն դեպքում, որ իրեն հոգեւոր հովիվ համարող անձը դատարանում պարզապես խղճահարության զգացում է առաջացնում. մեկ հրաժարվում է իր խոսքերից, մեկ ցուցադրում է շնորհավորական նամակներ, մեկ էլ փորձում է "խեղդամահ" անել հակառակ կողմին: Երբեմն տպավորությունն այնպիսին է, որ Բարդակչյանին ընդհանրապես այս դատը պետք էլ չէր, եւ նա ինչ-ինչ խնդրանք կամ պատվեր է կատարում: Այդ տպավորությունն էլ ավելի ամրապնդվեց, երբ դահլիճում հսկիչի դերում հայտնված անգլախոս օտարերկրացին չցանկացավ ներկայանալ, եւ որի թարգմանիչը փորձում էր մեզ համոզել, որ նրանք դահլիճում հայտնվեցին լրիվ պատահաբար: Հավանաբար, Բարդակչյանին այս երկրպագողները ամենայն խորությամբ դեռ չեն ընկալել Քրիստոսի խոսքը` չստելու մասին, եւ ցավով ենք արձանագրում, որ սրանց նմանների համար խաչն անգամ զորություն չունի: Թե արդյոք այս ամենը նողկալի չէ, սա եւս թողնում ենք ընթերցողին:

