ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
"Որձ կովերի" մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ մի զարմանալի գրառում է թողել "Ֆեյսբուքում"` փորձելով պատասխանել ՀՅԴ-ի մեղադրանքներին, որ դեռ այն ժամանակ էր համապատասխան պայմանագիր կնքվել. "Որոշ պատգամավորներ որոշ լրատվամիջոցների հարցազրույցներ են տալիս եւ ասում, թե իբր այսօրվա ԵՏՄ պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին: Այդ ժամանակ նույնպես, նշում են նրանք, նմանատիպ շատ "խիստ" պայմանագիր է ստորագրվել: Կատարյալ զառանցանք է սա: Այն ժամանակվա պայմանագիրը շրջանակային էր, ընդհանուր: Այն չէր ենթադրում անկախության ու ինքնիշխանության տարրերի զիջում: Նախատեսվում էր տնտեսական կյանքի բոլոր ուղղություններով մշակել կոնկրետ, խորը պայմանագրեր": Սակայն ամենահետաքրքիրը շարունակությունն է. "Հիմա, էս ի՞նչ ստից աղմուկ եք ուզում բարձրացնել:
Կամ չեք հասկացել 1994-ի պայմանագիրը, կամ էլ 100-ամյա կուսակցությունը քվեարկելով ԵՏՄ-ին կողմ եւ խլելով ՀՀ անկախության մի մասը` փորձում է ինչ-որ 1994-ի պայմանագիր հիշելով ինքնարդարացում գտնել: Իսկ ընդհանրապես հանուն պետության անվտանգության այդ նույն պետության ինքնիշխանությունը չեն ամորձահատում": Զարմանալի է, եթե Բագրատյանն այդքան դեմ էր ԵՏՄ-ին ու պայմանագիրը համարում է "ինքնիշխանությունն ամորձատող", ապա ինչո՞ւ է աքլորանում "Ֆեյսբուքում", փոխանակ գնար ԱԺ, կանգներ 7 դեմ քվեարկողների կողքը ու դառնար 8-րդը: Թե՞ նա զարմանալիորեն յուրահատուկ "շուստրիություն" է անում, որ ե՛ւ պայքարող երեւա, ե՛ւ դեմ քվեարկելու հնարավոր հետեւանքներից իրեն ապահովագրի: Լավ, ինչքան կարելի է այդպիսի կրկնակի չափանիշներով առաջնորդվել:Քանի որ խոսք գնաց "Ֆեյսբուքի" մասին, չենք կարող չանդրադառնալ պատմաբան ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառմանը, ուր նա խոսում է մի խայտառակ երեւույթի մասին. "Այսօր պատահական ձեռքս ընկավ "Հայաստանի պետության եւ իրավունքի պատմություն" բուհական ձեռնարկը: Թերթեցի եւ ... ինձ համար հայտնաբերեցի, որ տհասությունն ու անպատասխանատվությունը ամենուր է... Մասնավորապես, գրքում գրված է, թե Հայաստանում տարածված էր բազմայրությունը, այսինքն` հարազատ եղբայրները եւ մոտ ազգականները կենակցել են միեւնույն կնոջ հետ: Ամուսնուց բացի, տան հարսի հետ կենակցել է նաեւ սկեսրայրը կամ ավագագույն մեկ այլ ազգական... Հայրը իրավունք ունի սեռական հարաբերություն ունենալ հարազատ որդու կնոջ հետ: Գրիգոր Լուսավորիչը ծնվել է քրմի ընտանիքում... Սա` երկու պատահական էջ թերթելուց հետո... Եվ այս տգիտության ու ստահակության հեղինակը պատկերացնո՞ւմ եք ով է... Ոմն արդարադատության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու, մի շարք բուհերի դասախոս Արա Ասլանյան... Ի դեպ, գիրքը համարվում է բուհական ձեռնարկ, բայց երաշխավորված չէ որեւէ գիտական հաստատության կողմից...": Պատմաբանը նշում է, որ մի քանի պատմաբաններով գիրքն ամբողջովին կվերլուծեն ու հանդես կգան հայտարարությամբ: Բայց զարմանալին այստեղ հետեւյալն է` այդ որտեղի՞ց ծլեցին բազում` հայկական ազգանուն ունեցող պատմաբաններ, ովքեր հետեւողականորեն փորձում են ձեւավորել մեր նախնիների հրեշավոր կերպարը: Կամ դրանք չհայ են, կա՛մ Արեւմուտքից ստացած գիտական գրանտների դիմաց կատարում են ամենազազրելի պատվերները, որը ոչ պակաս չհայություն է: Մեկը մեզ վերագրում է ծիսական մարդակերություն, էս մյուսը` ինցեստի սովորություններ... Լավ, մինչեւ երբ կարելի է հանդուրժել այդպիսի "պատմաբանների" գործունեությունը մեր երկրում, ու ընդհանրապես այն փաստը, որ մեր կողքին են քայլում:
Ի դեպ, 1918-ի այս օրը` դեկտեմբերի 5-ին սկսվեց կարճատեւ հայ-վրացական պատերազմը Լոռիի համար: Արդյունքում ԴՐՈՅԻ գլխավորած հայկական բանակը վրացական բանակի հերն անիծեց եւ պատրաստվում էր մտնել Թիֆլիս, սակայն միջամտեցին անգլիացիները: Դե ինչ, բրիտանացիները զարմանալաիորեն միշտ էլ մեզ խանգարել են` նրանց հետախույզ Լոուրենս Արաբիացին արդարացնում էր Ցեղասպանությունը, խանգարեցին վրացիներին դաս տալ, ինչի պատճառով այսօր էլ մեր հարեւանի լեզուն չափազանց երկար է, իսկ 1991-ին եղան միակ երկիրը, որ ՀՀ անկախությունը ճանաչելիս` հատուկ վերապահում ամրագրեց, որ նկատի ունի տարածքն առանց Արցախի: Դե ինչ, մնում է ափսոսալ, որ շոտլանդացիները, այնուամենայնիվ, չանջատվեցին Մեծ Բրիտանիայից, քանզի ամենուրեք սրանց հասնում է, որ քիթը տրորվի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

