ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. "ՀՀ-Ն ԵՎ ԼՂՀ-Ն ՈՒՂԻՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՊԱՏԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ"
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով 1989 թ. դեկտմբերի 1-ի` Հայաստանի ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշմանը` ասաց, որ այն հիմա էլ արդիական է: "Այդ որոշումն արդիական է նաեւ այսօր ու ճակատագրական էր այն ժամանակ` նաեւ ադրբեջանահայերի համար: Այդ որոշումը հայ ժողովրդի իղձերի մարմնավորումն է",- ասաց ադրբեջանագետը: Պրն Այվազյանի խոսքով` ցավոք, այդ որոշումը մինչ այսօր կյանքի չի կոչվել. "ՀՀ-ն եւ ԼՂ-ն ուղիղ քայլերով գնում են դեպի այդ որոշման մեջ ամրագրված նպատակի իրագործմանը` միջազգային օրենքներին համահունչ:
Ադրբեջանը գնալով վարկաբեկվում է, իսկ Արցախն ավելի մեծ շանսեր է ստանում` միջազգային առումով ճանաչվելու: Երբ Արցախը կճանաչվի միջազգային հանրության կողմից, որոշ ժամանակ անց Արցախում նորից կվերահաստատվի դեկտեմբերի 1-ի որոշումը, այն է` ԼՂ-ն ու ՀՀ-ն մեկ միասնական մարմին են": Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը վստահ է, որ մեր սերունդը կհասցնի տեսնել այդ որոշման կյանքի կոչվելը: Արդյոք ՀՀ առաջին իշխանությունները դեկտեմբերի 1-ի որոշմանը ուշադրություն դարձրին եւ օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ: Ժամանակին փորձ արվեց գնալ վերամիավորման ուղիով, որի համար մեծ գին վճարեցին Հայաստանն ու Արցախը, նաեւ ադրբեջանահայությունը: "Բայց որոշ ժամանակ անց շեղվեցին այդ ճանապարհից` ՀՀ-ի իշխանությունները հետ կանգնեցին վերամիավորման որոշումից, քանի որ Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանն իբր տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ",- մանրամասնեց պրն Այվազյանը: Այվազյանը վստահ է` հիմա էլ ուշ չէ դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու, քանի որ այն իր օրինականությունը չի կորցրել: