ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. "ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԿԱՐԵՎՈՐ Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԸ"
1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի եւ Արցախիի վերամիավորման մասին որոշում, որի պատմական նշանակությունը, ըստ քաղաքական գործիչ, "Ղարաբաղ" կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, այն է, որ ինքնիշխանության հաստատման ու միավորման գործում կատարվեց լուրջ քայլ: "1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշումը համաժողովրդական բնույթ ուներ",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը: Դեկտեմբերի 1-ի որոշումը, ըստ Մանուչարյանի, կարեւոր էր, որովհետեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին օրենսդրության մեջ մտավ մի կետ, ըստ որի` ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված որեւէ հանրապետություն, եթե դուրս է գալիս ԽՍՀՄ-ից, ապա նրա ավտոնոմ մասը կազմող պետական միավորումը (տվյալ դեպքում Ադրբեջանի կազմում ավտոնոմ էր ԼՂ-ն) իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը:
"ԼՂ-ն ստացավ հնարավորություն` գործող օրենսդրության սահմաններում օրինական ճանապարհով դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ օրինական կերպով իրականացնել միացումը Հայաստանի հետ",- հիշեցնում է "Ղարաբաղ" կոմիտեի անդամը: ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորմանը, ըստ Մանուչարյանի, խոչընդոտում էին թե՛ խորհրդային, թե՛ ադրբեջանական, թե՛ միջազգային պետական համակարգերը: "Երբ մենք գրում ենք, որ ԼՂ-ն օրինական ճանապարհով է գնացել, բայց միջազգային հանրությունն ասում է` գրողի ծոցը ձեր օրենքը, ինձ հետաքրքրում է գայլային օրենքը, սա այլ հարց է: Բայց փաստ է, որ "գայլերին" (նկատի ունի վերամիավորմանը խոչընդոտողներին-խմբ.) մենք դրեցինք ծանր վիճակի մեջ` ամեն ինչ կատարված է օրենքով, ԼՂ-ն գնացել է օրինական ճանապարհով: "Գայլերն" են այսօր փորձում դուրս գալ օրինական կատարված գործընթացի տակից",- վերլուծում է քաղաքական գործիչը: "Ղարաբաղ" կոմիտեի անդամը վստահ է` միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչմանը պետք է հաջորդի Հայաստանի ու Արցախի միավորումը: "Հայությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ոչ թե լաց ու կոծով հանդես գա, այլ վերահաստատի իր` որպես մի ամբողջականության ապրելու իրավունքն ու վճռականությունը: Ես կարեւոր եմ համարում ոչ միայն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` հռչակել Հայաստանի ու Արցախի վերամիավորման փաստը, այլեւ ապրելու մեր հաստատակամությունն ու գործնական քայլերն այդ ուղղությամբ",- եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ