«ВСЁ ПРОПАЛО, ШЕФ!, ԿԱՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Արխիվ 12-16«ВСЁ ПРОПАЛО, ШЕФ!, ԿԱՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Եվ այսպես, Հայաստանի եվրասիական քաղաքակրթական ընտրությունը վավերացվեց մեր խորհրդարանում, ու հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Քվեարկության արդյունքները տպավորիչ են` 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ: ԱԺ-ում ներկայացված 6 խմբակցություններից 5-ը կողմ են, դեմ եղավ միայն "Ժառանգություն" խմբակցությունը: Այսինքն` ունենք աննախադեպ բարձր ցուցանիշ, կողմ են պատգամավորների 90%-ից ավելին:
Ի դեպ, դրսում փոքրաքանակ աղմկողներից Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը դառնությամբ արձանագրեց, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց 90%-ին համախմբել իր շուրջ:
111 ՔՎԵ, ՈՐ ԿԱՆԽՈՐՈՇԵՑԻՆ ԱՊԱԳԱՆ
Իսկ այժմ` համառոտակի, թե ինչպես անցավ հարցի քննարկումը: Սկսենք "դեմ"-երից: "Ժառանգություն" խմբակցությունը ամբողջ կազմով` նաեւ "Ազատ դեմոկրատ" Խաչատուր Քոքոբելյանով ու ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանով դեմ էր, իսկ խմբակցության տեսակետը ներկայացնող Ռուբիկ Հակոբյանը հանդես եկավ ոչ թե որպես արեւմտամետ, այլ ամեն ինչ ներկայացրեց այնպես, իբր "Ժառանգությունը" կողմնակից է Հայաստանի արտադաշինքային կարգավիճակին:
Նաառաջ քաշեց այն թեզը, որ եթե ժամանակին ՀՀ իշխանությունները 3 տարի չնախապատրաստեին երկրի Եվրաասոցացումը, ապա դրան չէր հետեւի պարտադրանքը` մտնել Եվրասիական միություն: Անշուշտ, այդ պնդումը իր մեջ որոշակի ստեր է պարունակում, ինչին կանդրադառնանք հետո, սակայն դրանով պետք է արձանագրենք հետեւյալ փաստը` որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ գործիչ մեր երկրում այլեւս չեն կամենում կոչվել արեւմտամետ: Առանձնանում է միայն ԱՄՆ-ում Ֆլետչերի դիվանագիտական-լրտեսական դպրոցը վերջերս ավարտած Զարուհի Փոստանջյանի կեցվածքը: Նա ոչ միայն ԵՏՄ-ի բոլոր կողմնակիցներին պիտակեց դավաճան, այլեւ դիմեց հրապարակային շանտաժի: Եվ շանտաժի օբյեկտը օլիգարխներն էին, ում մի կողմից նա անընդմեջ հիշեցնում էր Ռուսաստանում Խոդորկովսկու եւ Եվտուշենկովի ճակատագիրը, ու նաեւ ուղղակիորեն հայտարարեց, որ իրենց քվեարկությանը հետեւում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ Արեւմուտքում, ու հենց այդ քվեարկությունից է կախված, թե ինչքանով ազատ է լինելու նրանց մուտքը Արեւմուտք: Հետաքրքիր է, ումից էր տիկին Փոստանջյանն ստացել լիազորություն` խոսել Արեւմուտք ելումուտի սահմանափակման մասին` դա Սպիտակ տա՞ն դեսպանի, թե՞ դեսպանատան ինչ-որ ստորաբաժանման մակարդակով է: Խոշոր հաշվով, կարեւորը դա չէ, կարեւորը անսքող կամակատարությունն է: Ու թերեւս այդտեղ տեղին է քննարկել օտարերկրյա պետության օգտին լրտեսական-խափանարարական աշխատանքի հանցակազմի խնդիրը: Ուշագրավ է, որ պատգամավորուհին նաեւ ոտնահարեց ՀՀ լեզվի մասին օրենքը, մեջբերելով ռուս դավաճաններից մեկի հույժ բացասական խոսքը Ռուսաստանի մասին` հենց օրիգինալի լեզվով, ինչը հարուցեց ԱԺ մեծամասնության դժգոհությունը: Ի դեպ, անընդմեջ հնչեցվող սպառնալիքները` "պատասխան տալու" մասին, թերեւս արժե, որ իրականացնեն իրավասու պետական մարմինները` հետաքննելով, թե կոնկրետ 6-րդ շարասյան ներկայացուցիչ որ չինովնիկներն են ամեն ինչ արել` հենց այս պահին դրամի կուրսի անոմալ տատանումներ եւ տնտեսագիտական բոլոր օրինաչափությունից դուրս գնաճ ապահովելու համար:
Իսկ թե ինչու էր Զարուհի Փոստանջյանը, լացելով օլիգարխների ապագա դառը ճակատագիրը` հատկապես շեշտում Եվտուշենկովի անունը, դա էլ է պարզ` նրա շանտաժի հիմնական հասցեատերը ԲՀԿ-ի օլիգարխներն էին, իսկ Եվտուշենկովի գործը որոշակի առնչություններ ունի Ռոբերտ Քոչարյանի կլանի հետ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի քվեարկություններին, ապա այդտեղ ինչ-որ առանձնահատուկ կամ անսպասելի բան չկա: Բայց հետաքրքրական է, որ ՀԱԿ-ի միակ արեւմտամետ Հրանտ Բագրատյանը եւ ԲՀԿ-ի օսկանյանական թեւը գերադասեցին ոչ թե դեմ քվեարկել, այլ խուսափել քվեարկությունից: Ֆլետչերի դպրոցի մյուս, հին շրջանավարտ Վարդան Օսկանյանը գերադասեց ինքն իրեն չպատռտել եւ չերեւալ. մարդը հավանաբար փափագ ունի` հետագայում բարեհաջող վայելել իր ամերիկյան առանձնատունը:
Առավել քան հետաքրքրական է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի դեմ քվեարկությանը համարժեք "ձեռնպահը": Խմբակցության անունից Արմեն Ռուստամյանը հավաստիացրեց ՀՅԴ-ի` ԵՏՄ-ին կողմ լինելը եւ այլընտրանքի իսպառ բացակայությունը, սկսած 1990-ականներից: Եվ այդ պայմաններում խմբակցության ամենեւին ոչ վերջին մարդու ցուցադրական "ձեռնպահը" նշանակում է, որ կամ դաշնակները կրկնակի խաղ են խաղում, կամ նրանց խմբակցությունում ու կուսակցությունում, կոպիտ ասած, բարդակ է տիրում:
ՄՈՌԱՑՎԱԾ "ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ"
ՍՏՎԵՐՆԵՐԸ
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, ապա, խոշոր հաշվով, այդ կուսակցությունները փաստեցին, որ իշխանությունների առնվազն արտաքին քաղաքականությունը քննադատելու տեղ չունեն: Բայց ներքին քաղաքականության հարցերում էլ, կարծես թե, քննադատության դաշտը էապես սեղմվել է: Եթե ՀԱԿ-ի ու "Ժառանգության" պարագայում պետբյուջեի քվեարկությունից առաջ որոշակի կոշտ արտահայտություններ հնչեցին, ապա ԲՀԿ-ն իր կարծիքն արտահայտելու համար ամբիոն էր ուղարկել մշտապես մեղմ արտահայտվող Միքայել Մելքումյանին, ով շատ թեթեւ քննադատության ենթարկեց բյուջեն ու նաեւ որոշակի գովասանքի խոսքեր ասաց կառավարության հասցեին: Էլ ինչ հրաժարական, էլ ինչ իշխանափոխություն, ԲՀԿ-ն, դեմ քվեարկելով հանդերձ, անգամ մտքի պոչով չանցկացրեց պահանջել թեկուզ կառավարության հրաժարականը: Նույնիսկ ԵՏՄ համաձայնագրի քննարկման ժամանակ թվաքանակով 2-րդ այդ կուսակցությունը իրեն շատ պասիվ դրսեւորեց:
Իսկ ինչ վերաբերում է "համաժողովրդական շարժում" կոչեցյալին, ապա շատ հետաքրքիր է, արդյո՞ք այսօրվա "քաղաքացիական ժողովին" Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի "եռյակից", թե՞ դեռ որոշ ժամանակ կշարունակի "կրտսեր գործընկերոջ" նվաստացուցիչ կարգավիճակով քարշ գալ այն ուժերի հետ, որոնք, ըստ իր կուսակից Զարուհի Փոստանջյանի` բաղկացած են բացառապես "դավաճաններից": Համ էլ, հետաքրքիր է, դեկտեմբերի 10-ի "Մարդու իրավունքների երթի" ժամանակ էլ ի՞նչ կարգախոսներ են հնչեցնելու, եւ արդյո՞ք ԲՀԿ-ն հոգ կտանի գլխաքանակ ապահովելու, թե՞ կգերադասի ավելորդ ծախս չանել եւ բավարարվել ՀԱԿ-ի ավանդական մշտական զանգվածով:
Իսկ ինչ վերաբերում է մնացյալ ներքաղաքական հարցերին, ապա եվրասիական եւ արեւմտյան քաղաքակրթությունների հակամարտության տրամաբանությունը շատ բան է թելադրելու: Այդ թվում նաեւ 2015-ին հաստատ դիտարկվելու են գործընթացներ, որոնք կարելի է կոչել "գենդեր կապուտ" եւ "աղանդներ կապուտ": Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ գրանտների վրա նստած "քաղաքացիական հասարակություն" կոչեցյալների մեծ մասը զբաղված է 1000 թումանով մկան ծակ փնտրելով եւ, շատերն, ի դեպ, արդեն գտել են: Դե ինչ, ամեն ինչ պարզ է ու տրամաբանական:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

