"ՁԵՐ ԱՄԵՆ ԽՈՍՔԸ, ՀԱՅԱՑՔԸ, ԺՊԻՏՆ ԻՆՁ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ"
Արխիվ 12-16"ՁԵՐ ԱՄԵՆ ԽՈՍՔԸ, ՀԱՅԱՑՔԸ,
ԺՊԻՏՆ ԻՆՁ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ"
Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ նշեց իր 75-ամյակը: Կոմպոզիտորն իր հոբելյանը նշեց յուրօրինակ ձեւով` մենահամերգով, եւ նվերներ ստանալու փոխարեն, անձամբ նվեր մատուցեց հանդիսատեսին` կատարելով հեղինակային սիրված երգեր: Կոմպոզիտորի մենահամերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի ճանաչված գործիչներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
"Շնորհակալ եմ նախագահին, նախարարին եւ իմ սիրելի հանդիսատեսին` իմ 75-ամյա "տխուր" իրողության, բայց 38-ամյակը տոնելու ուրախալի փաստին ներկա գտնվելու համար: Ձեր ամեն խոսքը, հայացքը, ժպիտն ինձ երիտասարդ է դարձնում, ես երջանիկ եմ... Իմ աշխատանքն ինձ համար չէ, որովհետեւ երաժշտությունն ինձ համար մեկ ուրիշ մարդու հիացումն արտահայտելու միջոց է: Երգերով իմ հիացումն եմ ուզում արտահայտել, եւ համարեք, որ իմ այս երեկոյի երգ-երաժշտությամբ խորին շնորհակալությունս եմ հայտնում ամենքիդ, այսչափ ջերմություն չէի սպասում...",- երեկոյի ընթացքում նշեց Ռ. Ամիրխանյանը:
Ողջ երեկոն լցված էր ամիրխանյանական գեղեցիկ հնչյուններով, որին իրենց մասնակցությունն էին բերել Գյումրու "Տիրամայր" եւ Հայաստանի կամերային երգչախմբերը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսատեսին նախ տարավ դեպի մանկություն` երեխաների կատարմամբ ներկայացրեց սիրված ստեղծագործություններ, այնուհետեւ` համերգի երկրորդ մասում առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին հանձնեց "Պոետի կյանքը" կանտատը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. "Տեսնելով հանդիսատեսի բուռն արձագանքը` ուզում եմ ասել, որ պատրաստվում եմ այն ուղարկել Թուրքիայի նախագահին: Ի՞նչ կասեք, պարոն նախագահ, ուղարկե՞մ կանտատը նրան",- դիմելով ՀՀ նախագահին` հարցրեց կոմպոզիտորը եւ ստանալով հանդիսատեսի բուռն արձագանքն ու բարձր ծափահարությունները` ավելացրեց. "Ուրեմն իմ աշխատանքն ընդունվեց, տեսնում եմ, որ բոլորն էլ համաձայն են":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

