Երեկ դանակահարված վիճակում Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի 12-րդ դասարանցի Տիգրան Գեւորգյանը: 17-ամյա աշակերտը վնասվածքը ստացել է դպրոցի բակում` ձախ կրծքավանդակի մասում: Թե ինչն է եղել 17-ամյա պատանուն դանակահարելու պատճառը, պարզում են Ոստիկանության Լոռու մարզային Բազումի բաժնի եւ Լոռու մարզի քննչական վարչության քննիչները:
Իսկ մինչ այդ, մենք փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն տիկին Հովսեփյանի հետ եւ քիչ թե շատ մանրամասներ պարզել կատարվածի վերաբերյալ: Տնօրենը մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր հիվանդանոցում եւ բավական հուզված անընդհատ կրկնում էր. "Մենակ թե, Տիգրանը փրկվի": Իսկ կատարվածի մասին նա պատմեց. -Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո` դասամիջոցին: Դեպքի պատճառը դրսից եկած անծանոթ տղաների մի մեծ խումբն էր. ըստ ականատեսների` բավական տարիքով տղաներ էին: Տիգրանը շատ խելոք, լավ երեխա է: - Ճանաչո՞ւմ եք, գիտե՞ք` ովքեր էին դրսից եկածները: - Որ ճանաչեի, վաղուց էի դրանց դատաստանը տեսել իմ ձեռքերով. դրսից էին եկել, չգիտեմ ինչի համար: Այժմ դրանով զբաղվում է ոստիկանությունը, ԱԱԾ-ն, սակայն որեւէ մեկը դեռեւս հստակ ոչինչ չի կարող ասել: Էդ էրեխու կյանքը հիմա մազից է կախված, բերանս չի բացվում, որ խոսեմ: Ես միայն մի բան կարող եմ ասել, էդ էրեխեն շատ նորմալ, հրաշալի անշառ աշակերտ էր: Դրսից եկել էին դասընկերներին ծեծելու, նա էլ ուզել է պաշտպանել: Իր հետ որեւէ կապ չունի, իր անունը ոչ մի տեղ չի շահարկվում: - Այսինքն` դասընկերների՞ն էր պաշտպանում: - Սկսվել է կռիվ, որը տեւել է բառացիորեն երկու րոպե: Այդ ընթացքում դանակահարել են, ապա գետի վրայի կամուրջով փախել: Կանգնած են եղել ուսմասվարը, ուսուցիչները, ովքեր կռվողներին փորձել են բաժանել: Հենց այդ ընթացքում ետեւից էդ էրեխուն դանակահարել են: - Միայն Տիգրա՞նն է վնասվածք ստացել: - Իհարկե ոչ, մյուսներին էլ ծեծել-ջարդել են. էն մեկի բերանն է ուռած, մյուսի մեջքն է վնասվել: Նրանք դեռեւս ոստիկանությունում են, մյուսների վնասվելու մասին շատ մանրամասներ չգիտեմ: Ուշքս միտքս հիմա Տիգրանն է, մենակ թե, փրկվի: