ԴԱՏԱԿԱՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ "ԳԵՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԴԱՏԱԿԱՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ "ԳԵՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ"
Լրագրող-իրավապաշտպանիսª "Մենք ենք, մեր սարերը" սիրված ֆիլմի հերոսը անկեղծորեն չէր հասկանում, թե ինչ գործ ունի ոստիկանը իրենց սարերում ու չոլերում, եթե չգիտի անգամ, թե քանի ոչխար կարող է ջարդել մեկ արջը: Քրեական այս գործով, հավանաբար, դեռ չավարտված դատավարությունը փաստում է, որ օրենքի "չոլերում" էլ անհասկանալի շատ բան կա, անգամ` դատական կրկնակի "ջարդի" ենթարկված դատախազությանը պաշտպանող իրավապաշտպանի համար...
"ՓՈՂՍ ՉՏԱª ՎԱՌԵԼՈՒ ԵՄ"
Մարտիրոս Սեդրակի Հովհաննիսյանը 58 տարեկան է: Բնակվում է Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում: Չի աշխատում, բայց ունի տրակտոր: Վերջինս, ըստ քրեական գործի նյութերի, մեկ-մեկ աշխատում է: Ավելի ստույգ. տրակտորը աշխատում է, եթե նրան հասանելիք բենզինը չեն ցփնում կանանց վրա: Այդ կինըª Մարտիրոսի համագյուղացի Նեկտար Խաչատրյանն էր, ովª մեկ գլուխը 10.000 դրամ վարձատրության դիմաց խնամում էր Մարտիրոսի անասուններին: Չաշխատող Մարտիրոսը եւ անասնապահ Նեկտարը միմյանց փող էին պարտք, սակայն միայն գյուղական վայրում ապրող աշխատող-չաշխատողների համար ընկալելի պատճառներով փոխհաշվարկներ կատարել չէին ցանկանում: Մարտիրոսը պարտք էր Նեկտարին 60.000 դրամ, Նեկտարը Մարտիրոսինª 12.000:
2013թ. սեպտեմբերի 27-ին Մարտիրոս Հովհաննիսյանը զանգահարել էր Նեկտար Խաչատրյանին ու վրդովված տոնով նրանից պահանջել էր իր 12 հազարը: Նեկտարն ասել էր, որ գումար չունի եւ իր հերթին պահանջել էր անասունները պահելու համար իրեն պարտք մնացած գումարը: Մարտիրոսը վրդովված գնացել էր Նեկտար Խաչատրյանի տան ուղղությամբ, սպառնալով վառել այն: Հրավառության համար Մարտիրոսը վերցրել էր երկու լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի մեջ լցված 100 գրամ բենզին: Քրեական վարույթով "պարզվել էր", որ իսկզբանե բենզինը նախատեսված էր եղել տրակտորի շարժիչը գործարկելու համար: Ճանապարհին Մարտիրոս Հովհաննիսյանին էին մոտեցել 2 համագյուղացի, որոնց հաջողվել էր համոզել նրան` հրաժարվել է իր մտադրությունից...
ԿՆԱՆԻՔԸ "ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ" ԵՆ
ՊԱՀԱՆՋԵԼ
Ինչպես հայտնի է, գյուղերում, իսկ հիմաª նաեւ քաղաքներում, բնակչության մի մասի սիրված զբաղմունքն էª կրակի վրա յուղ լցնելը: Չվառված կրակի վրա յուղի առաջին բաժինը լցրել էին պարտատեր-պարտապանների 2 այլ համագյուղացիները: Վերջիններս Նեկտարին "կաթացրել" էին գյուղամեջում տեղի ունեցածի մասին: Նեկտարը շտապել էր դեպի տուն, սակայն ճանապարհին հանդիպել էր Մարտիրոսի կնոջը...
"Մարտիրոս Հովհաննիսյանը, լսելով վիճաբանության ձայները, բենզինով լցված պոլիէթիլենային տարան ձեռքում, շտապել է նրանց ուղղությամբ: Վերջինիս հետեւից այնտեղ են շտապել Աշոտ Գրիգորյանը, Սեյրան Գասպարյանը եւ Շիրակ Ղուկասյանը: Հասնելով Նեկտար Խաչատրյանի մոտ, Մարտիրոս Հովհաննիսյանը նույն հարցով սկսել է վիճաբանել նրա հետ, իր ձեռքում եղած, առանց խցանի, 100 գրամ բենզինով լցված տարան նետել է Նեկտար Խաչատրյանի եւ իր կնոջ Կարինե Գասպարյանի ուղղությամբ: Բենզինը լցվել է Նեկտար Խաչատրյանի, Մարտիրոս Հովհաննիսյանի եւ նրա կնոջ հագուստներին: Թափվել է նաեւ գետնին: Դրանից հետո դեպքի վայրում գտնվող համագյուղացիները նրան տարել են տուն",- գրված է մեղադրական եզրակացությունում:
Քննչական մարմինները եզրակացրել էին, որ Մարտիրոսը մտադրված էր եղել Նեկտարի ուղղությամբ նետել նաեւ վառած լուցկիª Մարտիրոսին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Այսինքն. Մարտիրոս Հովհաննիսյանը փորձ էր կատարել առանձին դաժանությամբ սպանել Նեկտար Խաչատրյանին...
ՏՈՒՆԴ ՉԲԼԻ, ԴԱՏԱՐԱՆ
Սպանության հոտ այս գործից, իհարկե, չի էլ գալիս: Դատական երկու ատյանները նույնպես հանգել էին այդ եզրակացության: Առջեւումª Վճռաբեկ դատարանն է, որին դիմելու վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան: Սակայն ես սրտանց կողջունեի դատախազության համառությունը, եթե նրա կողմից ներկայացվեր վճռաբեկ բողոք: Իմ համոզմամբ, դատական պրակտիկայում չպետք է մնան ուժի մեջ մտած այսպիսի դատավճիռներ ու որոշումներ: Դատեք ինքներդ...
Դատարաններըª առաջին ու վերաքննիչ ատյանների, եզրակացրել էին, որ տեղի էր ունեցել ոչ թե սպանության փորձ, այլ անձին կամ նրա գույքին վնաս պատճառելու սպառնալիք, եւ Մարտիրոսին դատապարտել էին 1 տարվա ազատազրկման: Մեղադրողը շատ ճիշտ նկատել էր, որ այդ դեպքում դատարանը պետք է կարճեր գործը, քանի որ տուժողը հաշտվել էր մեղադրյալի հետ: Վերաքննիչ դատարանը սակայն հակադարձել էր, թեª անհրաժեշտ էր, որպեսզի մեղադրյալն էլ հաշտվեր տուժողի հետ, իսկ այդ մասին գործում ոչինչ չկա: Այ, ձեր տունը չբլի, դատարաններ, մի անգամ գոնե հարցնեիք մեղադրյալին. հաշտվե՞լ է նա իր հետ հաշտված տուժողի հետ, թե` ոչ:
Սակայն դատական գլուխգործոցը այս գործով հետեւյալն է.
"Դատարանը գտնում է, որ բենզինի քանակությունը այնպիսին է եղել, որ այրվելու դեպքում այն տուժողին մահ չէր կարող պատճառել, այլ առավելագույնը` տուժողին կարող էր պատճառել մարմնական ծանր վնասվածք",- կարդում ենք դատավճռիª "Իրավական վերլուծություններ" բաժնում:
Դե արի ու մի համաձայնիր դատախազի հետ, որ դատարանի այդ եզրահանգումը Քրեական օրենսգրքում որակվում է ոչ թե որպես սպառնալիք, այլ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու փորձ:
Իսկ հիմա փորձենք պարզել, թե քանի արջ կարող է ջարդել... ոչխարը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

