ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Հույսը վերջինն է մեռնում, եւ դա մեկ անգամ եւս հաստատեց ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով զարմանալիորեն դեռ չի կտրել իր հույսը "եռյակից". "Ցանկանում ենք սահմանադրական հեղափոխություն` առանց արյան եւ ցնցումների: Չունենք արյան շռայլություն, որ տանք հայրենիքի ներսում: Քաղաքացին պահանջում է փոփոխություն եւ պատրաստ է դիմակայության: Հոկտեմբերի 24-ից հետո այդ դեմ դիմացը չի կայացել: Ժողովուրդը եկավ, միացյալ հրապարակի սկիզբը դրվեց, բայց այն չունեցավ շարունակություն... Ես հրավիրում եմ համաքաղաքացիներին հանդիպման, որ քննարկենք հարցերը: Հույս ունենք, որ քաղաքական ու քաղաքացիական զանգվածներ կլինեն: Մենք փող չունենք, որ ավտոբուսներով մարդկանց բերենք":
Այ, այդ մեկը չեղավ` մի կողմից` Րաֆֆին ավտոբուսները հիշատակելով մի մեծ գլաքար է գլորում ԲՀԿ-ի բոստանը, մյուս կողմից` զարմանալիորեն ակնկալում "քաղաքական եւ քաղաքացիական զանգվածներ": Ախր, որտեղից լինեն այդ զանգվածները, եթե Րաֆֆին խոստովանում է, որ "փարա" չունի, բայց միաժամանակ այդպես նեղացկոտ կշտամբում "փարա" ունեցողներին: Իսկ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, ի տարբերություն Րաֆֆիի, ընկնում է ուրիշ ծայրահեղության մեջ եւ բացարձակացնում "փարայի" դերը քաղաքական կյանքում. "Հայաստանի բոլոր կուսակցությունները գտնվում են նույն դաշտում: Կուսակցությունների փոփոխությունը չի բերելու կյանքի փոփոխության, նրանք բոլորը սպասարկում են մի աստծո` փողին": Անշուշտ, ե՛ւ "եռյակը", ե՛ւ բազում գրանտածիծ ՀԿ-ները այդպիսի եզրակացության համար առատ նյութ են տալիս, բայց զարմանալի է, ինչպես է պարոն Մանուչարյանը մոռացել 1988-ը, երբ փողի հարց ընդհանրապես չկար, սակայն կար կոնկրետ հայոց հողակտորի ազգային ազատագրման վեհ գաղափար, որի հետեւից այնպիսի զանգվածներ գնացին, որ ոչ մի օլիգարխ այսօր իր փողով ապահովել չի կարողանա: Այնպես որ, եթե եղավ պարզ ու հասկանալի գաղափար` գաղափարի հետեւից գնացող զանգված կլինի, եթե, իհարկե, զանգվածին չփորձի գլխավորել իրեն ամբողջովին վարկաբեկած մեկը:
Մեզ բավականին զարմացրին ԱԺ մուտքի մոտ աղմկող փոքրաթիվ ակտիվիստները, ովքեր իրենց ագրեսիվությամբ թերեւս գերազանցած կլինեն հռչակավոր "ՀՀՇ-ի ԲՏՌ-ներին": Այնպես էին պիտակավորում եւ վիրավորում մուտք գործող պատգամավորներին, որ հնագույն Հանրապետականներից մեկը` ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ, վերջը չդիմացավ եւ նրանցից մեկին հայտնեց, որ հաճույքով կապտակեր, քանի որ, երբ ինքը պայքարում էր խորհրդային բռնապետության դեմ, իրենք ընդհանրապես ուր էին: Եվ, իրոք, եթե ներկայիս իշխանությունն այդ աստիճան հանդուրժող չլիներ, կհամարձակվեի՞ն արդյոք այդ ագրեսիվ ջահելները ընդհանրապես մոտ գալ ԱԺ դարպասներին, եւ կհամարձակվեի՞ն արդյոք իրենց այդպես պահել պատգամավորների նկատմամբ: Չնայած իշխանության այդ աստիճանի հանդուրժողականությունը անշուշտ իր տրամաբանությունն ունի. չէ՞ որ ժողովուրդն ասում է, որ հաչան շունը կծան չի լինում:
Եվ վերջապես, մայրաքաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, թեեւ, բավականին զարմանալի է, սակայն կապ ունի ոչ թե ընթացիկ քաղաքականության եւ քաղաքական խաղերի հետ, այլ առնչվում է հավերժությանը: Էրեբունի բժշկական կենտրոնում 52-ամյա կինը բարեհաջող ծնեց իր առաջնեկին, այն էլ ամբողջովին առողջ` երեխայի քաշը 3 կգ է, իսկ հասակը` 50 սմ: Եվ փոխտնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ վկայությամբ` ամեն ինչ այնքան բարեհաջող է, որ 3 օրվա ընթացքում մայրիկն ու փոքրիկը դուրս են գրվելու: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մաղթենք, որ մեր երկրում ծնվեն երեխաներ, այլ ոչ թե քաղաքական ամբիցիաները եւ ճղճիմ նպատակները սպասարկող նորանոր մեկհոգիանոց կուսակցություններ եւ շպիոնօնիկություն անող ազգադավ ՀԿ-ներ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

