ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ "ԳԵՐՅԱԼՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ "ԳԵՐՅԱԼՆԵՐԸ"
Եվ այսպես, ազգին գործնականում անուն առ անուն հայտնի են բոլոր նրանք, ովքեր դեմ են ԵՏՄ-ին, ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս: Այնքան քիչ են, որ թերեւս ժամանակն է քաղաքական "Կարմիր գիրք" ստեղծել այդ անհետացող տեսակի համար: ԱԺ-ում դրանք բաղկացած են Սերժ Սարգսյանի իմպիչմենտը պահանջող Նիկոլի "հիասքանչ եռյակից"` գումարած Խաչատուր Քոքոբելյան ու եւս մաքսիմում մի քանիսը: Իսկ ԱԺ-ից դուրս ընդամենը երեք տասնյակի չափ ագրեսիվ տրամադրված ցուցարարներն են, ում ամենակիրթ ներկայացուցիչը Պարույր Հայրիկյանն է, ով հասցրել է ԵՏՄ բոլոր կողմնակիցներին անխտիր անվանել "էշի քուռակ":
Թե ինչ ախտորոշում ունի ծերացած "սիմվոլը"` իր առավել լաչառ կողմնակիցներով հանդերձ, դա կպարզեն Ռոբերտ Քոչարյանի հիշատակած "ուրիշ մասնագետները": Դա մեր խնդիրը չէ, մեզ առավել հետաքրքիր են գործընթացների քաղաքական շարժիչ ուժերն ու հետեւանքները:
ՆԻԿՈԼԻ "ՀՂԻՈՒԹՅԱՆ
ԹԵՍՏԸ" ԵՎ ԱՐԵՎՄՏԱՍԻՐԱՑ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ
Ի դեպ, ԱԺ մուտքերի մոտ աղմկող փոքրաքանակ բողոքավորների շարքերը պակասելու հատկություն ունեն, եւ դա արտահայտվում է տարբեր ձեւով` սկսած մի քանի րոպեով "ծիկ" արած 18-ամյա աղջնակից, որը գերադասելի համարեց շարունակությունը հեռուստացույցով նայել, վերջացրած "Ֆեյսբուքում" մանրամասն արդարացումներ գրելով, թե չէին կարողացել գալ, քանի որ խնամքի ենթակա "հիվանդ քեռակին" ունեն:
Ինչեւէ, արեւմտամոլների հուսահատ ագրեսիայի նկարագրությունը հաստատ այն չէ, ինչ արժե փոխանցել մեր ընթերցողներին: Առավել ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի` յուրահատուկ թեստի վերածված իմպիչմենտային ստորագրահավաքը, ուր արձանագրվեց ընդամենը երեք ստորագրություն: Մոտավորապես այդքան էլ պատգամավորներ կան, ովքեր հետեւողականորեն դեմ են ԵՏՄ անդամակցությանը: Դե, ոմանք զուտ օգտապաշտական պատճառներ ունեն` չպահանջելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, ոմանք էլ` ուռճացված ամբիցիաներ, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլի "հղիության թեստը" ցույց տվեց, որ 131 պատգամավորներից Մայդանով հղի են ընդամենը 3-ը:
Արդյունքն այն է, որ, ըստ էության, ինչպես արձանագրեց երեկ իր 65-ամյակը նշած Արտաշես Գեղամյանը, 131-ից 128-ը փաստացի վստահության քվե են տվել Սերժ Սարգսյանին եւ վերջինիս քաղաքականությանը:
Բայց, բնականաբար, հարց է ծագում, թե ով էր Նիկոլի լեզվից, իսկ ավելի ճիշտ գրչից քաշում, որ հանկարծ այս "նեղ մաջալին" իմպիչմենտի ստորագրահավաք սկսեց: Եթե լսենք ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի քարոզիչներին, ապա "ֆիտիլ տվողները" Բաղրամյան 26-ից են, եւ նրանց նպատակն էր վարկաբեկել "եռյակի" սուպերխորամանկ իշխանափոխական ծրագիրը: Բայց եթե դատենք արդյունքով, ապա ԵՏՄ-ի հակառակորդ չնչին փոքրամասնությունը եւ "եռյակը" փոխադարձ ամբողջովին վարկաբեկեցին զմիմյանս: Ստացվեց, որ մի կողմից ոչ իշխանական "հրաշալի եռյակը" իրականում չընդդիմություն է եւ ընդամենը հրապարակներում ձեւեր էր թափում, իսկ մյուս կողմից` "հիասքանչ եռյակը" բաղկացած է ընդամենը 3 պատգամավորական մանդատից, ու տակը բան չկա: Բայց եթե ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը իշխանության կողմից ամբողջովին կառավարելի են, ապա արդյո՞ք տրամաբանորեն էր նրանց վարկանիշը փչացնել հենց այն պահին, երբ տեղի է ունենում ԵՏՄ-ի համաձայնագրի վավերացումը: Չէ՞ որ դա հանգիստ կարելի էր անել մեկ շաբաթ հետո, կամ ինչն ավելի լավ է` արդեն 2015-ին, երբ ԵՏՄ համաձայնագիրը մտնում է ուժի մեջ: Հետեւաբար, այդ "հղիության թեստ" անցկացնելու հարցում առնվազն պետք է փնտրել նաեւ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին: "Քեռի Սեմին" պետք էր պարզել, թե ռեալ ում վրա կարող է հույս դնել առավել քան սուր աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունում: "Ռուսական արջին" էլ թերեւս պետք էր տեսնել, թե ովքեր կարող են այդ հակամարտությունոմ ռեալ "համը հանել": Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀԱԿ քաղցր զույգի կողմից առաջ քաշվող թեզին, որ այդ "հղիության թեստը" իշխանության պատվեր է, ապա, եթե իրոք այդպես է, պետք է ենթադրել, որ իշխանությունը նվազ քան կես չափով էր վստահ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի կառավարելիության վրա, ու այդ թեստով նաեւ գնաց որոշակի ռիսկի` նրանց պարտադրելու կողմնորոշվել կամ կողմ, կամ` դեմ, ու զրկելու խաղի ու մանեւրի ամեն մի հնարավորությունից: Արդյունքը գերազանց է` ստացվեց կատարյալ վստահության քվե ՀՀ նախագահին եւ, ինչպես ասում են, ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում: Սակայն, եթե "փոխանջատիչը" աշխատեր հակառակ ուղղությամբ, ապա թեեւ զուտ քվեների հանրագումարով ոչինչ չէր խանգարի վավերացնել ԵՏՄ համաձայնագիրը, այնուամենայնիվ, հինգ տասնյակ պատգամավորի մասնակցությամբ "իմպիչմենտի շուխուռ" կլիներ ԱԺ-ում, փողոցներում եւ հրապարակներում` համապատասխան շարունակությամբ հանդերձ:
Հիմա, թե էլ ինչեր կար այդ "հղիության թեստի" պատմության ետնախորշերում, ինչ ստվերային խաղացողներ կային օտարերկրյա դիվանագիտական հիմնարկներում եւ ինչ "6-րդ շարասյուներ" իշխանության կուլիսներում` ժամանակի ընթացքում մանրամասն կնկարագրեն պատմաբաններն ու հետաքննող լրագրողները: Իսկ մեզ մնում է արձանագրել, որ ԵՏՄ համաձայնագրի վավերացումը յուղած մեխանիզմի պես հարթ է ընթանում: Արդյունքում ոմանք ունեն շտապ գունափոխվելու (քանի դեռ ուշ չէ), ոմանք էլ 1000 թումանով մկան ծակ փնտրելու գերխնդիր: Բայց... Հետաքրքիր որոշակի պահեր կան:
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎՐԵԺԸ` ԼՏՊ-Ի "ԹԵՎԵՐԸ ՔՇՏԵԼՈՒ" ՀԱՄԱՐ
Ի դեպ, ինչ վերաբերում է 6-րդ շարասյուներին, ապա տնտեսությունից ռեալ հասկացող մարդիկ վստահաբար ասում են, որ դոլարի կուրսի հետ վերջին խաղերը եւ դրա առաջացրած գնաճը իրականում ոչ մի կապ չունեն ԿԲ-ի հնչեցրած բացատրության հետ, թե դա ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանք է: Թերեւս պատահական չէ նաեւ, որ "Ֆեյսբուքում" ծլել են ԿԲ նախագահի կեղծ էջեր` բավականին պիկանտ լուսանկարներով: Թե ով ինչ է հասկացնում` դա այլ հարց է, բայց գլոբալ առումով այդպիսի խաղերի խնդիրը արմատապես կլուծվի միայն սահմանադրական փոփոխությամբ, որը կլիկվիդացնի Կենտրոնական բանկի ինստիտուտը, որպես ԱՄՆ դաշնային ռեզերվի փաստացի մասնաճյուղ, եւ կսահմանի Պետբանկի ստեղծումը... Ձեռքի հետ էլ նկատենք, որ Ռուսաստանում քննարկվում է ԵՏՄ-ի ներսում դոլարով եւ եվրոյով փոխադարձ վճարումներն արգելելու եւ բացառապես ԵՏՄ երկրների տարադրամներին անցնելու գաղափարը, իսկ այդ հարցում, ի տարբերություն ԵՏՄ մյուս երկրների, Հայաստանն արդեն ունի լիարժեք կայացած ազգային վճարային համակարգ:
Իսկ այժմ` անցյալի գաղտնիքները բացահայտելու գծով ՀՅԴ-ն հանդես եկավ 20 տարի առաջ կնքված պայմանագրի բացահայտումով, որը կոչվում է պայմանագիր տնտեսական միության ստեղծման մասին եւ կնքվել է 1994-ին` Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. "Այդ փաստաթուղթը իմ ձեռքում է, մենք ստորագրել եւ վավերացրել ենք այն: Պայմանագրում խոսվում է համաձայնեցված առեւտրատնտեսական հարաբերությունների մասին, խոսվում է դրամավարկային, ֆինանսական եւ արժույթային հարաբերություններ ստեղծելու մասին, մինչեւ անգամ ռուբլու գոտի ստեղծելու մասին",- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց պարոն Ռուստամյանը: Հարցին` այն Ռոբերտ Քոչարյանի օրո՞ք է մոռացության մատնվել` Արմեն Ռուստամյանը պատասխանեց. "Այն գործում է, դա է ամբողջ հարցը: Բա ինչի՞ այդ մասին չեն խոսում: Այդ պայմանագրով Հայաստանը շատ ավելի մեծ պարտավորություններ է ստանձնել, քան այսօր խոսվում է: Այդ պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնել է` ռուբլու գոտի ստեղծելու եւ այլն, մոռացել են: Մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքն ինչ է անում, սրա մասին է խոսքը: Մենք ենք ստիպված լինում այս բաները հանել արխիվներից": Այսինքն` դաշնակները փաստեցին, որ "ինքնիշխանության կորստի" մասին շահարկումները միանգամայն ավելորդ են, եւ այն, ինչ վավերացվում է հիմա, սկզբունքորեն նորություն չէ, եւ հիմա մի բան էլ ավելի նպաստավոր պայմաններով են ինտեգրվում Եվրասիական ընդհանուր տնտեսաքաղաքական տարածքին: Արմեն Ռուստամյանը նաեւ մանրամասնեց. "Պայմանագիրը կնքվել է 10-ամյա ժամկետով եւ նշվել է, որ այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5-ամյա ժամանակահատվածով: 5-5 տարով երկարաձգվել է, հաջորդ երկարաձգումը գալիս է 2018-ին": Այսինքն` ստացվում է, որ ԵՏՄ-ի հարցով բոլոր "մուննաթ եկողները" պետք է իրենց մուննաթները ներկայացնեն ՀՀ առաջին նախագահին: Դրանով իսկ ՀՅԴ-ն 20 տարի անց յուրահատուկ վրեժ լուծեց թեւերը քշտելով ՀՅԴ-ի արգելման հրամանագիրը ստորագրած ԼՏՊ-ից, եւ հիմա, կոպիտ ասած, նույն եվրասիական ինտեգրման հարցում բոլորը սպիտակ ձեռնոցներով են, իսկ ՀԱԿ-ը` լրիվ ՀԱԿմեջ:
Իսկ թե դեռ ինչեր կբացահայտվեն` զինվենք համբերությամբ: Աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունը յուրահատուկ կատալիզատոր է տարբեր գաղտնիքների բացահայտման համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

