Բոլորը նկատած կլինեն, որ Աբովյան 13 հասցեում գտնվող Գեղագիտության ազգային կենտրոնը արդեն մի քանի շաբաթ է, վերածվել է տոնական իրերի վաճառքի սրահի: Ըստ շրջանառվող լուրերի` գեղագիտության կենտրոնը վաճառվել է, քանի որ խանութի վերածված թանգարանի դռանը փակցված է, որ թանգարանի մուտքը Սայաթ-Նովա փողոցից:
Սակայն երբ "Իրավունքը" դիմեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ, վերջինս պարզաբանեց այսպես. "Անցյալ տարի էլ ասում էին Իգիթյանը վաճառել է տարածքը, թող գան հարցնեն, ես էլ պայմանագիրը ցույց կտամ: Մեր կերպարվեստի թանգարանը 2 հարկ է, նկուղային հարկում օդափոխություն չկա, իսկ մեր ֆոնդերն այնտեղ են պահվում, որտեղ խոնավ է: Դրա համար մեր ցուցասրահի մի մասը ժամանակավոր վարձակալությամբ ենք տվել ու այդ գումարով պատկերասրահի առաջին` նկուղային հարկը պիտի օդափոխության սարք տեղադրենք: Միակ ելքը դա է, քանի որ թանգարանը գումարի այլ աղբյուր չունի: Երբ իմացա, թե որքան գումար է պետք այդ օդափոխության սարքը տեղադրելու համար, հասկացա, որ մեր բյուջեում այդպիսի գումար չկա: Հիմա այդ օդափոխությունը պիտի անենք այդ վարձակալության գումարներով, հետն էլ ջեռուցման հարց ունենք, դա էլ պիտի լուծենք: Մեր կենտրոնի չորս կորպուսը վերանորոգել ենք այդ վարձակալության գումարներով, բա մեզ որտեղի՞ց այդքան գումար: Գուցե մինչեւ վերջ չէ, բայց այդ չորս կորպուսը կհասցնեմ այն մակարդակի, որ գոնե գազի վառարան կլինի: Այ, այն ժամանակ մեր կենտրոնի ամենալավ մանկավարժները անվանական արվեստանոցներ կունենան: Գիտեմ, հիմա կասեն` Իգիթյանը ծախել է կենտրոնը, բայց այդ մի խնդիրն էլ կլուծենք: Որ միշտ ասում են, թե մեր պատկերասրահն աշխարհում առաջինն է, աշխարհահռչակ է, բայց 40 տարվա համբավ ունեցող պատկերասրահը մինչեւ հիմա ջեռուցում չունի: Մեր նախկին վարչապետը մտերմիկ զրույցի ժամանակ ինձ մի անգամ ասաց. "Գիտեք, մենք տնտեսապես կամրանանք ու այդ ժամանակ մեր հայացքը կուղղենք դեպի մշակույթ": Ես ասացի, ուրեմն, հեռուստեսությամբ ելույթ ունեցեք, որպես վարչապետ, ու ասեք, որ դուք 20-30 տարով ազգային մշակույթի զարգացման հարցում ընդմիջում եք հայտարարում, աբսուրդ է դա": ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ