"ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԻԵՍՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ, ՔԱՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՊԻԵՍՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՀՌՀՌՈՑՆԵՐԸ"
Արխիվ 12-16"ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԻԵՍՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ,
ՔԱՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՊԻԵՍՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՀՌՀՌՈՑՆԵՐԸ"
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ" ներկայացման առաջնախաղը: Ներկայացումը դերասանուհի, բեմադրիչ Թ. Հովհաննիսյանի` ԱՄՆ-ից Հայաստան մշտական բնակություն հաստատելուց հետո առաջինն է: "Իրավունքի" հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նախ ասաց, որ ուրախ է Թ. Հովհաննիսյանի` հայ թատրոն եւ ընդհանրապես Հայաստան վերադարձի համար, ապա նաեւ հավելեց, որ ամեն պայման ստեղծել են, որ տիկին Թամարը բեմադրի ներկայացումը:Թ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌԸ"
ԿՈՐԱԾ ՍԵՐՆԴԻ ՄԱՍԻՆ Է
-Քչերը գիտեն, թե Թամարն ինչ ծավալի դերասանուհի է: Շատ եմ ափսոսում, որ մոտ 2 տասնամյակ նա իր կենսագրությունից, որքան էլ փորձեց թատրոնը պահել, այնուամենայնիվ, չմնաց այնտեղ, որովհետեւ հողը թատերական չէր, հողը թատրոնական չէր, եւ հողը իրենը չէր: Բեմադրությունը, իհարկե կորոշի հանդիսատեսը, վստահ եմ` պիտի հաջողություն ունենա, քանի որ պիեսը, զարմանալիորեն, իր ապրած տարիների, իր դիտարկումների, իր ծանոթության, բարեկամության, ընկերության արգասիքն է: Եթե ես դա մի նախադասությամբ բնորոշելու լինեմ` պիեսը կորած սերնդի մասին է: Դժբախտաբար, հայ ազգային, մարդկային արժեքների, հայ մարդկանց կորած սերնդի մասին է: Չեմ ուզում անուններ թվել, թե մոտ 2 տասնամյակ առաջ քանի մարդ ասեմ` ստիպված եղավ, ասեմ` ակամա, թե ասեմ` կանչում էր Ամերիկան` իր կապույտ գույներով ու ծառերից կախված դոլարներով, այդպես հեռացան մեզնից, գնացին: Բայց այսօր արդեն տեսնում ենք, կարոտը, որը, երեւի թե, միայն հայկական բառ է, ու միայն հայը պիտի հասկանա` կարոտն ինչ է նշանակում, հանգիստ չի տալիս եւ մարդիկ գալիս են: Մեկն իր 70-ամյակն է նշում այստեղ, մեկը` վերադարձել է ու բեմադրություն է անում, մյուսը` վերադառնում է ու ֆիլմում նկարվում: Այսինքն` կամաց-կամաց կարծես հայրենիքի կարոտին չեն կարողանում դիմանալ: Արդեն մոտ 15 տարի է` գնում ու գալիս եմ Ամերիկա, թող ինձ հավատան մեր Հայաստան աշխարհի մարդիկ, ովքեր այնտեղ են, ում ես հանդիպում եմ, բոլորի աչքը այստեղ է, բոլորի աչքը հայրենիքն է` Հայաստանը: Ինչ-ինչ պատճառներով մարդիկ հիմա երեւի թե չեն կարող վերադառնալ, տները վաճառված են, կամ այդ հնարավորությունը չկա: Մի խոսքով` կտրված հայրենիքից, հոգեւոր կյանքից, հոգեւոր աշխարհից ապրում են:
"ԱՅՆ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ, ՈՐ ԴԱՍԱՎՈՐԵԼ ԵՔ,
ՆՈՐԻՑ ՀԵ՛Տ ԴԱՍԱՎՈՐԵՔ"
-Պարոն Ղազանչյան, ի՞նչ կա այս ներկայացման մեջ, որ կարեւոր է հայ հանդիսատեսի համար:
- Կարեւորն այն է, որ մտածելու տեղիք է տալիս, այն ճամպրուկները, որ դասավորել եք, նորից հետ դասավորեք: Կուզենամ, որ հանդիսատեսը դիտի այս ներկայացումը եւ մի քիչ էլ մտածի, թե որտե՞ղ է լավ ապրելը, այն քաղաքներում, որտեղ համատարած ասֆալտապատ է` Կոպենհագենում, Ստոկհոլմում, թե՞ Երեւանում, որ մի քանի փողոց էլ ասֆալտապատ չէ, բայց մեր փողոցն է: Ուրախ եմ, որ հավատարիմ ենք մնում մեր դավանանքին, եւ ինչ էլ լինի` ուժ ենք տալիս հայ դասական եւ հայ ժամանակակից դրամատուրգիային` քաջ գիտակցելով, որ առանց հայ դասական եւ ժամանակակից դրամատուրգիայի, ազգային թատրոն լինել չի կարող: Ինձ համար հայ ժամանակակից պիեսի թերություններն ավելի հետաքրքիր են, ավելի օգտակար, քան հնդկական, հունգարական կամ իսպանական ժամանակից պիեսների անիմաստ հռհռոցները: Ուրախ եմ, որ Թամարը հնարավորություն ունեցավ աշխատելու, մենք ամեն պայման ստեղծեցինք նրա համար եւ կարծում եմ, որ նա պատվով պիտի դուրս գա իր այս աշխատանքից:
"ՊԻՏԻ ՆՈՐ ԱՐՅՈՒՆ ՆԵՐԱՐԿԵԼ ԹԱՏՐՈՆՈՒՄ"
-Անցնող տարին ինչպիսինն էր թատրոնի համար:
- Տարվա կտրվածքով` թատրոնի կատարած աշխատանքներին անդրադառնալով, կառանձնացնեմ Անուշ Սարգսյանի "Չորս պատճառ ամուսնության համար" բեմադրությունը, որը հետաքրքիր դերասանական աշխատանք էր` Արա Դեղտրիկյանի եւ Ռուզան Գասպարյանի կողմից: Տարեսկզբին Տ. Չուխաջյանի "Կարինե" օպերետը բեմադրվեց: Ինձ համար կարեւոր է այն փաստը, որ Չուխաջյանը վերադարձավ, նա ժամանակին համարվում էր Թուրքիայի օֆենբախը, այսօր էլ Անկարայի երաժշտական թատրոնի ճեմասրահում կախված է նրա նկարը եւ գրված է` օսմանիո օպերետի հիմնադիրը: Մարդ, որը բեմադրվեց Թբիլիսում, Ռումինիայում, Փարիզում, Թուրքիայում, Հունաստանում, եւ մեծ աղմուկ հանած նրա գործերից մեկը մենք գոնե կարողացանք բեմ հանել: Թատրոնը նաեւ լուրջ ուշադրություն է դարձնում հրավիրվող բեմադրիչներին: Այս տարին մեզ համար այդ իմաստով շատ նշանակալից էր` ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի Բ. Նուշիչի "Տիկին մինսիտրուհին" բեմադրությամբ, որը մեծ հաջողություն ունեցավ ու մինչեւ հիմա լեփ-լեցուն դահլիճներով է ընթանում: Կարծում եմ` գլխավոր դերակատար Նարինե Ալեքսանյանը այդտեղ լուրջ հաջողության է հասել, եւ ընդհանրապես բոլոր զբաղված դերասանները այդտեղ հետաքրքիր ձեռքբերումներ են ունեցել: Վահե Շահվերդյանի բեմադրությունը եւ նրա ներկայությունը թատրոնում լուրջ հետք կթողնի բոլոր այն դերասանների մոտ, ովքեր նրա հետ պատիվ ունեցան աշխատելու:
- Թատրոնում կարծես սերնդափոխությունը սահուն է ընթանում:
- Բոլորս էլ հասկանում ենք, որ պիտի անընդհատ երիտասարդ դերասան-դերասանուհիներ գան թատրոն, ներմուծվեն մեր ընթացիկ խաղացանկ, որ պիտի նոր արյուն ներարկել թատրոնին: Այդ բոլորն անում ենք աննկատ, առանց որեւէ մեկին ցավ պատճառելու: Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է: Մի խոսքով` թատրոններն աշխատում են, եւ ինձ դուր է գալիս, որ դահլիճներում զգալիորեն բարձրացել է նաեւ հանդիսատեսի թիվը: Իհարկե, երբեմն ավելի մեծ հաջողություն են ունենում այն կոմիկական, սատիրական ներկայացումները, որոնք ավելի շատ դրամի համար են արվում: Բայց, այնուամենայնիվ, ժողովուրդը գալիս է: Ժամանակ է պետք, որ ժողովուրդն էլ հասկանա` ներկայացում նայելուց հետո այդ օրը երեկոյան գոնե մի քիչ պիտի մտածի, բայց եթե երբեմն պատահում են թիթեռի կյանք ունեցող ներկայացումներ, դա էլ ես համարում եմ բնական, որվհետեւ հնարավոր չէ անընդհատ գտնել արժեք ունեցող պիեսներ, որոնք հիմք դառնան արժեք ունեցող ներկայացումների: Կարծում եմ` թատրոնի կապը ինստիտուտի հետ պիտի ավելի ամրացնել, ես նաեւ կուրս եմ վարում այնտեղ եւ իմ անցյալ տարվա շրջանավարտների հետ պայմանագիր ունենք ու հունվարին մեր թատրոնի փոքր դահլիճն ենք բացելու` նրանց մասնակցությամբ փոքրիկ բեմադրությամբ, որից հետո արդեն թատերական ոլորտի ներկայացուցիչ-հանդիսատեսը կորոշի, թե նրանցից ով իրավունք կունենա արդեն իջնելու մեծ բեմ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

