ՏԵՍՆԵՍ ՄԻ ՕՐ ՄԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԿՐՈՂ ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԸ ԿԿՇՏԱՆԱ՞Ն
Արխիվ 12-16ՏԵՍՆԵՍ ՄԻ ՕՐ ՄԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԿՐՈՂ ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԸ ԿԿՇՏԱՆԱ՞Ն
Փաստ է, որ ողջ տարվա ընթացքում աշխարհում գների որոշակի անկում նկատվեց: Բայց ահա հայաստանյան պաշտոնական վիճակագրության համաձայն` նախորդող երեք ամիսներին ¥վերջինը հոկտեմբերի տվյալներն են¤, եթե Եվրոպայում ամսական գնաճը զրոյական մակարդակի վրա է, ապա Հայաստանում այն կազմել է 0,7, 0,4 եւ 1 տոկոս:ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՉԷ, ՈՐ ՍԿՍՎԵԼ ԵՆ
Իհարկեª ներկայացված թվերը միանգամայն բյուջեով նախպատեսվածի, այսինքնª թույլատրվածի շրջանակներում են: Սակայն դա քիչ բան է տալիս, քանի որ, օրինակ, նույն հոկտեմբերին, երբ Հայաստանն ունեցել է 1 տոկոսանոց գնաճ, մեր հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը 0,3 տոկոս էր, իսկ պատժամիջոցների կիզակետ դարձած ՌԴ-ում, որտեղի թանկացումների մասին առասպելներ են պատմում, 0,8 տոկոս: Այսինքնª թույլատրված չափով է, թե ոչ, միեւնույն է. այն, որ ներհայաստանյան գնային տեղաշարժերը չեն համապատասխանում համաշխարհային միտումներին, ակնհայտ են: Առավել եւս, որ այդ նույն ամիսներին դեռ չունեինք ներկայիս "տարօրինակ" փոխարժեքային թռիչքը կամ էլ այնպիսի արտառոց այլ իրավիճակ, որը հասկանալի կդարձներ աշխարհի հետ այդ գնաճային անհամաչափությունը. հակառակ պարագայում հուսով ենք, որ գնաճի համար պատասխանատու հայաստանյան Կենտրոնական բանկը խելքը գլխին բացատրություն կտա:
Ինչ վերաբերում է նոյեմբերին, թեեւ այդ ամսվա համար այլ երկրների տվյալները դեռ չկան, սակայն նշված անհամաչափությունը միայն խորացել է: Համենայնդեպսª մեր պաշտոնական վիճակագրությունը նոյեմբերին արդեն իսկ ֆիքսել են 1,3 տոկոսանոց ընդհանուր գնաճ: Ընդ որումª տվյալները ներկայացված են սովորականից երկու օր շուտ, ինչն ստիպում է ենթադրել, որ դրանում դեռ ներառված չեն դրամ-դոլար փոխարժեքի վերջին թռիչքների հետ կապվող թանկացումները: Բայց ամեն դեպքում մեր վիճակագրությունը, մասնավորապես ներկայացրել է, որ ի տարբերություն այդ ընդհանրացած 1,3 տոկոսանոց ցուցանիշի, պարենային ապրանքների ամսական թանկացումը նոյեմբերին կազմել է 2,5 տոկոս: Այսինքնª հենց այս ապրանքատեսակների հաշվին է, որ արձանագրվել է ամսական այդ 1,3 տոկոսանոց ցուցանիշը, եւ դա այն դեպքում, երբ ներկայումս աշխարհում պարենամթերքը համարվում է ամենաշատն էժանացած ապրանքախմբերից մեկը:
ՏՄՊՊՀ-Ի ԱՉՔԻՆ ԷԼԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ Է
Իհարկեª մեծ հեռատեսություն պետք չէ այս հերթական թանկացումը եւս կապել հայաստանյան մոնոպոլիստ-օլիգարխների գրպանները հավելյալ փողեր լցնելու "սրբազան" գործի հետ: Սակայն այս ֆոնին միանգամայն "տարօրինակ" է դառնում այդ օլիգարխիկ ախորժակը կանխելուն միտված հայաստանյան թիվ մեկ պետական կառույցիª Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարությունը, թե. "Երբ նայում ենք գնային բարձրացումները եւ համեմատում ենք փոխարժեքի հետ, իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է, ապա տեսնում ենք, որ մեծ չափով համահունչ են գնային բարձրացումները...": Բայց ի՞նչ կապ ունի ամսվա ընթացքում արձանագրված պարենամթերքի 2,5 տոկոսանոց թանկացումը փոխարժեքի հետ, չէ՞ որ բազում ապրանքներ մինչ այդ էին թանկացրել: Կամ. եթե դոլարը միայն վերջին օրերին է Հայաստանում թանկացել, ապա չէ՞ որ այդ նոր փոխարժեքով ներկրումներ դեռ չեն իրականացվել. այս պահին վաճառվում է նախկինում ներկրվածը, երբ 1 դոլարի փոխարժեքը 410 դրամից էլ ցածր էր: Այսինքնª էժան փոխարժեքով ապրանքը բերել, թանկ փոխարժեքին համապատասխան գներով վաճառում են, եւ դա մեր ՏՄՊՊՀ-ն համարում է նորմա՞լ: Չէ՞ որ հենց նույն կառույցն է քանիցս այս կամ այն ապրանքատեսակի համաշխարհային էժանացման դեպքում արձագանքել, թե դա Հայաստանում չի կարող միանգամից արտացոլվել, քանի որ հինª թանկ գներով բերվածը դեռ չի վաճառվել. կվաճառեն-կվերջացնեն, եւ նորª էժան գներով ներկրված խմբաքանակը կէժանացնեն: Եվ ի՞նչ, եթե հակառակ գործընթացն է, այդ հանգամանքն արդեն կարելի է հաշվի չառնել ու էժան ներկրվածը թանկի հաշվարկով վաճառե՞լ: Իհարկեª կարող են բացատրելª քանի որ դոլարը թանկացել է, եւ ներկրողը պետք է հին ապրանքը այս գներով վաճառի, որ նոր խմբաքանակ ձեռք բերելիս չտուժի: Նման բացատրություն ժամանակին էլի է եղել, որը սակայն սովորական աչքկապոցի է: Բանն այն է, որ ներկրողը հին խմբաքանակը վաճառելովª իր եկամուտը կստանա, անկախ նրանից, թե հետո գների կամ փոխարժեքի ինչ փոփոխություն է եղել: Իսկ նոր խմբաքանակներ բերելու համար, թող բարի լինիª իր գրպանից պակասող գումարն ավելացնել, հաշվի առնելով, որ մեկ է, հետո վաճառելու է թանկ գնով եւ իր ներդրումը ետ կստանա:
Մի խոսքով այն, որ փոխարժեքային այս խաղի հաշվին մի շարք կոնկրետ գրպաններ կլորիկ գումարներ են մտնում, միանշանակ է: Իսկ այն, որ այդ "փոխարժեքային թալանի" միջոց հանդիսացող այս գնաճային խաղերը ՏՄՊՊՀ-ում համարում են "մեծ չափով համահունչ", դա արդեն լուրջ մտահոգությունների առիթ է, չնայած դժվար չէ այդ ամենի բացատրությունը գտնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

