"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ"
Արխիվ 12-16"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ"
Երեկ Ազգային ժողովում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ խոսելով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու դրական կողմերի մասին` մեզ հետ զրույցում ասաց.-Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում: ԵՏՄ-ն մեզ հնարավորություն է տալիս` առանց խոչընդոտների արտահանել մեր ապրանքները 170 միլիոնանոց շուկա: Նաեւ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ արդեն բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնել տարբեր եղանակներով համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը եւս Հայաստանի տնտեսությանը զարգացման լայն հնարավորություններ է տալու: Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միության անդամ երկրներում քաղաքացիների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է ստանում:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից շահում են նաեւ միության անդամ մյուս երկրները: Միության անդամ երկրներից միայն Հայաստանն ունի GSP+ համակարգ, ինչը հնարավորություն է տալիս մեր երկրում արտադրվող ապրանքները դյուրացված տարբերակով արտահանել Եվրոպական միության անդամ երկրներ: Քանի որ մյուս երկրները չունեն այդ համակարգը, նրանց համար Հայաստանը շատ լավ հարթակ է դառնումª իրենց արտադրանքը Եվրոպա հանելու համար:
Սրա հետ մեկտեղ, ԵՏՄ-ին անդամակցությունից պարոն Մինասյանը տեսնում է նաեւ որոշ խնդիրներ.
- Մաքսատուրքերը, որոնք կան Հայաստանում եւ որոնք կան ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներում, տարբեր են: Եթե մեր միջին կշռված մաքսատուրքը ներմուծվող ապրանքների համար 2,3 % է, ապա ԵՏՄ-ի համար` 8,9%: Սա նշանակում է` միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, եթե որեւէ այլ լրջագույն աշխատանք կատարած չլինեինք, մոտավորապես 5 %-ով կթանկանային: Սակայն մեզ հաջողվել է ձեռք բերել որոշակի արտոնություններ: 750 անուն ապրանքատեսակների համար միջինը 5 տարիների համար ձեռք ենք բերել Հայաստան ներմուծման արտոնություն` ճիշտ այն մաքսատուրքերով, որոնք այսօր առկա են: Ընդ որումª Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը միակ երկիրն է, որը կարողացել է նման թվով ապրանքատեսակների համար այդպիսի արտոնություններ ստանալ:
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը եւ դրա հետեւանքով որոշ ապրանքատեսակների թանկացմանը, պարոն Մինասյանը նկատեց.
- Ապրանքների թանկացման առումով կդժվարանամ հստակ բան ասել, որովհետեւ նոյեմբերի 28-ի տվյալներով` մենք ունենք Վիճվարչության ամփոփ նկարագիրը, որը մեզ ասում է, որ նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ մեր գնաճը կազմել է 3,6 տոկոս, իսկ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ` ընդամենը 1,3 տոկոս:
Ընդհանրապես, փոխարժեքի փոփոխությունը բազմագործոն հանգամանք է, եւ ներկայումս էլ դոլարը առաջանցիկ զարգացում է ապրում բոլոր փոխարժեքների, նաեւ եվրոյի նկատմամբ, եւ դա, բնականաբար, որեւէ կապ չի կարող ունենալ ռուսական գործոնի հետ: Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ մեզ մոտ դրամի կտրուկ արժեզրկումը կապված է բազմաթիվ գործոնների հետ, եւ հիմա քիչ-քիչ, կարծես թե, ամեն ինչ կարգավորվում է:
Անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա` պատգամավորը հավելեց.
- Այո, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ազդում են հատկապես Հայաստան մուտք գործող տրանսֆերտների վրա: Սակայն կարծում եմ, դրա լավագույն միջոցը ԵՏՄ-ին անդամակցելն է, որովհետեւ այդ պարագայում մենք կունենանք իսկապես ավելի մեծ հնարավորություններ` մեր տնտեսության զարգացման, մեր ապրանքները արտահանելու համար, որը կբերի նրան, որ մեզ մոտ ավելի հեշտ կլինի ստեղծել աշխատատեղեր, եւ այդ աշխատեղերում ձեռք բերվող աշխատավարձով մարդիկ կարողանան իրենց առօրյա հոգսերը հոգալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

