ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ. "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ"
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով 1989 դեկտեմբերի 1-ի` Հայկական ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշմանը, այն համարեց կարեւոր պատմական իրադարձություն: Այդ որոշումը ԽՍՀՄ-ի պայմաններում ուներ համախմբող նշանակություն:
Որոշման կյանքի չկոչվելը, ըստ ՊՆ նախկին փոխնախարարի, պայմանավորված էր ԽՍՀՄ-ի քայքայումից հետո սկսված արցախյան պատերազմով. "ԼՂ-ն պատերազմում ներկայացավ որպես առանձին միավոր, այդ պատճառով էլ որոշումը կյանքի չկոչվեց": Ըստ Վահան Շիրխանյանի, ՀՀ առաջին իշխանությունները ԽՍՀՄ-ի պայմաններում չէին կարող քայլեր ձեռնարկել` այդ որոշումը կյանքի կոչելու համար, քանի որ ոչ հնարավորություն, ոչ էլ լծակներ կային: Բայց Մոսկվան այդ որոշմանն ուշադրություն դարձրեց. ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե, որը ինչ-որ քայլեր արեց: Այնուամենայնիվ, ճի՞շտ էր Արցախի անկախացման ուղիով ընթանալը, թե՞ վերամիավորման որոշումը պետք է կյանքի կոչվեր, քանի որ այսպես, թե այնպես Ադրբեջանը սանձազերծելու էր պատերազմ: Նախկին փոխնախարարը այս հարցին այլ կերպ է պատասխանում. "Արցախի ժողովուրդը պետք է պահանջի Հայաստանի հետ վերամիավորումը: Հայաստանի հետ վերամիավորումը Արցախի ժողովրդի խնդիրն է":