"ՄԻ ՄԱՍԸ ԻՐԱՊԵՍ ԵՎՐՈՊԱՄԵՏ Է, ՄՅՈՒՍ ՄԱՍԸ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ, ԵՐՐՈՐԴՆԵՐՆ ԷԼ ԹԵՄԱ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ, ՈՐ ՄԻՏԻՆԳՆԵՐ ԱՆԵՆ"
Արխիվ 12-16«ՄԻ ՄԱՍԸ ԻՐԱՊԵՍ ԵՎՐՈՊԱՄԵՏ Է, ՄՅՈՒՍ ՄԱՍԸ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ, ԵՐՐՈՐԴՆԵՐՆ ԷԼ ԹԵՄԱ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ,
ՈՐ ՄԻՏԻՆԳՆԵՐ ԱՆԵՆ»
Երեկ լրացավ 25-ամյակն այն պատմական որոշման, ըստ որի` Խորհրդային Հայաստանը վերամիավորվում է Լեռնային Ղարաբաղի հետ: Այս կարեւորագույն պատմական իրողության, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական վերջին իրադարձությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՐՑՆԻ»
-Պարոն Հարությունյան, դեկտեմբերի 1-ին լրացավ Հայկական ԽՍՀ եւ ԼՂ վերամիավորման մասին որոշման 25-րդ տարեդարձը: Ըստ Ձեզ, ի՞նչ նշանակություն ունի այն այսօր:
- Իհարկե, այն ունի պատմական նշանակություն ու կմնա պատմության մեջ: Այդ ժամանակներն այնպիսին էին, որ դա համարվում էր ամենաառաջին կարեւոր փաստաթղթերից մեկը, հետեւապես այդ որոշումն իր նշանակությունը երբեք չի կորցնի: Կարծում եմ, որ այն ժամանակ պետք է ավելի առաջ գնայինք, բայց մենք կիսատ ճանապարհին կանգ առանք:
- Ի՞նչն էր պատճառը:
- Չեմ կարող ասել, թե պատճառները որոնք էին, բայց միանշանակ կային պատճառներ, որի մասին պատասխանատուները կարող են խոսել: Ուղղակի, ցանկալի էր, որ այդ որոշումն իրագործվեր, այլ ոչ թե լոկ փաստաթուղթ մնար:
«ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍՆ Է»
-Թուրքիայի պառլամենտում ազգությամբ քուրդ պատգամավորը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել, ի՞նչ կասեք այս մասին:
- Ինքնին շատ կարեւոր է այդ քուրդ պատգամավորի կողմից առաջ քաշված հարցը: Իհարկե, չի ընդունվի եւ կմերժվի, բայց եւ այնպես, իմ կարծիքով, դա հսկայական քայլ է, երբ Թուրքիայի Մեջլիսում այդ հարցը պաշտոնապես բարձրացվում է:
- Ի դեպ, վերոնշյալի հետ կապված` որոշ տեսակետներ են հնչում, թե եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կսառեն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է միավորում համասփյուռ հայերիս:
- Այդ տեսակետները հնչեցնողները, ուղղակի, մարդիկ են, որոնք, ըստ երեւույթին, չեն պատկերացնում ինչ է Սփյուռքը: Ի՞նչ է, Սփյուռքը միայն Ցեղասպանության ճանաչման համա՞ր է: Սփյուռքը մեր եղբայրներն ու քույրերն են, եւ Սփյուռքի բոլոր հայերի պատմական հայրենիքը Հայաստանն է: Նրանք մեր քաղաքացիներն են, անգամ եթե չունեն քաղաքացիություն: Աշխարհի ցանկացած ծայրամասում էլ, եթե մենք պետականություն ունենք, ուրեմն` այդ հայերը տեր ունեն ու նրանց համար պատասխանատու ենք: Հետեւապես, Սփյուռքը մեր հայրենիքի մի մասն է: Պատմականորեն մեր ճակատագիրն այդպես է եղել, Սփյուռքը մեր կամքով չի առաջացել, բայց այն միշտ կմնա մեր պետության հետաքրքրությունների առաջնային դիրքերում:
ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
-Խորհրդարանական օրակարգում է ՀՀ ԵՏՄ անդամակցման վավերացման հարցը: Այն թեժ բանավեճերի պատճառ կդառնա՞, թե ավելորդ ջղաձգումներ չեն լինի:
- Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս պայմանագիրը հավանության արժանացավ` երեք "դեմ" կար, մնացածը "կողմ" քվեարկեցին: Կարծում եմ` թեժ քննարկումներ կլինի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, բայց եւ այնպես ձայների բացարձակ մեծամասնությամբ կընդունվի այդ պայմանագիրը, որովհետեւ դա անհրաժեշտություն է մեր երկրի համար:
- Շուտով հանրահավաքներ են սկսվելու ոչ իշխանական "եռյակի" մաս կազմող տարբեր ուժերի կողմից: Արդյո՞ք դրանք ուղղված են ՀՀ ԵՏՄ անդամակցման դեմ, թե այսօր ոչ իշխանական ուժերն այլ խնդիր են լուծում:
- Չեմ կարող ասել, ընդհանրապես ընդդիմությանը պրոբլեմներ են պետք, թե դա ո՞րը կլինի, ընտրությունն իրենցն է: Բայց հո առանց թեմա ընդդիմությունը չի՞ վեր կենալու միտինգներ անի. մեկը ԵՏՄ-ի վերաբերյալ հանրահավաք կանի, մյուսը` սոցիալական հարցերի... Այնպես որ, այո, իմ խորին համոզմամբ, ընդդիմության հանրահավաքներում այդ հարցն անպայման կհնչի:
«ԵՎՐՈՊԱՆԵՐԸ ԴԵՌ ՄԵԶ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԾԱՆՈԹ ՉԵՆ»
-Մի՞թե ուշացած կամ անիմաստ չեն ՀՀ ԵՏՄ անդամակցման դեմ նոր խմորումները:
- Ինչքան որ ծանոթ եմ մեր ժողովրդի տրամադրվածությանը, բացահայտ մեծամասնությունը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Դա ես չեմ ասում` որպես պատգամավոր, այլ որպես հայ մարդ, որը զրուցում է իր բարեկամների, ծանոթների հետ: Կարող եմ ասել, որ անկախ ամեն ինչից, մեր ժողովուրդը ողջունում է այդ քայլը, որովհետեւ եվրոպաները դեռ մեզ այդքան էլ ծանոթ չեն: Բացի այդ, մեր ժողովուրդը մի քիչ էլ գնում է իներցիայի ուժով, չէ՞ որ 70 տարի ապրել են խորհրդային պետության մեջ, ու եթե օբյեկտիվ լինենք, բավականին լավ են ապրել: Եվ հիմա, անգամ եթե այս հարցը դնենք հանրաքվեի, մեծամասնությունը անպայման "կողմ" կքվեարկի: Դե, իսկ այլ կարծիքներ մենք ընդունում ենք, ընդդիմությունն էլ իր կռվաններն ունի. մի մասը իրապես եվրոպամետ է, մյուս մասը պատվեր է կատարում, երրորդներն էլ թեմա են ման գալիս, որ միտինգներ անեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

