ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Նախկին արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ինչպես հայտնի է, զարմանալի բնավորություն ունի` ժամանակ առ ժամանակ "քաշել" հարազատ ԲՀԿ-ին: Այս անգամ էլ, գտնվելով Ռուսաստանում, Վարդան Սիվիլիթասիչը սուտ հանեց ԲՀԿ-ականների կողմից բազմիցս կրկնված պնդումը, իբր գոյություն ունի մանրամասն կազմված իշխանափոխության ճանապարհային քարտեզ. "Այս պահին կոնկրետ իշխանափոխության "ճանապարհային քարտեզի" մասին ես չէի ուզենա խոսել: Բայց անպայման կլինի, ժողովուրդը դրա մասին կիմանա` դա լինելու է առանց ցնցումների, խաղաղ ճանապարհով իշխանափոխության "ճանապարհային քարտեզ": Եվ շուտով կարծում եմ, որ դա մենք կներկայացնենք": Դե ինչ, իսկականից անհարմար բան ստացվեց, բայց դա երեւի թե գալիս է նրանից, որ ուղնուծուծով ամերիկացի Օսկանյանի վրա ազդել էր ռուսական օդը: Կամ էլ, Նիկոլի հետ ձեն ձենի են տվել:
Այժմ ամբողջ համացանցը քրքրում եւ պիտակավորում է "Ժառանգություն" խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: Ու ճիշտ էլ անում են, քանի որ նա զարմանալիորեն հնչեցրել է, մեղմ ասած, տարօրինակ ու բացարձակապես անընդունելի գաղափար, որ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար պետք է կազմակերպել սակավապետ չինացիների եւ ֆիլիպինցիների ներգաղթ Հայաստան: Բնականաբար, ինչ բնորոշում ասես նրան տվեցին, եւ այդ բնորոշումներից ամենամեղմը "ապազգային" կոչելն էր: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մի հռետորական հարցադրում հնչեցնենք. իսկ ի՞նչ կասեր պատգամավորի այդ գաղափարների մասին Ժիրայր Թեւանիչը...
Հիշո՞ւմ եք, էջմիածնեցի նախկին պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Որպեսզի չշփոթեք, թե որ Հակոբ Հակոբյանի մասին է խոսքը, միանգամից նշենք` Ճոյտը: Մի շարք սկանդալային պատմություններով հայտնի այդ անձնավորությունը վերջերս մեզ այնպես զարմացրեց, որ բերաններս բաց մնաց: Հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, նա ոչ ավել ոչ պակաս խոստովանեց, որ մտադիր է նկարահանել ֆիլմ` հոկտեմբերի 27-ի մասին, այն էլ կատակերգության ժանրով: Զարմանալի է, ինչպես է նա կարողանում իրեն թույլ տալ ծիծաղի առարկա դարձնելու այն ողբերգական իրադարձությունը, որը նաեւ մեծագույն դաս եղավ մեր երկրի համար, որ ոչ մի դեպքում չի կարելի թերանալ պետական բարձրաստիճան այրերի եւ պետական իշխանության ինստիտուտների անվտանգության հարցերում: Հիմա ի՞նչ ասես սրան... Կարծում ենք, որ իրենց կարծիքը կհայտնեն Արամ եւ Արմեն Սարգսյանները եւ միգուցե նաեւ` Ստեփան Դեմիրճյանը: Դե, իսկ ինչպես կարտահայտվի ԵԿՄ ղեկավարությունը, կարելի է միայն կռահել...
Ինչպես հայտնի է, ուղիղ մեկ շաբաթ առաջ ֆեմինստուհիները բոլոր 131 պատգամավորների համար ԱԺ էին բերել փաթեթներ, ուր փորձում էին "հիմնավորել" այն անհեթեթությունը, թե ինչու պետք է ընդունել օրենք` ընտանեկան բռնության դեմ: Դե, այդ թեմայով նկարահանված տեսահոլովակում Ջուլֆալակյանի դեմքի կապտուկը վկա` այդ փաթեթները մակուլատուրայի ահագին բեռ էին, ուստի սակավաթիվ ֆեմինիստուհիները դա սայլակով էին հասցրել ԱԺ-ի դռանը: Դե, հիմա նրանց դառը փորձն ուսումնասիրելով` "ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ" ՀԿ-ն բավականին կարճ տեղեկանք է կազմել, ուր գրել է, թե ինչքան "քըխ" է Եվրասիական միությունը, բայց ընդամենը 32 պատգամավորների համար: Թե ինչու 32` մնում է միայն կռահել, բայց երեւի թե հաշվարկել են, որ թղթի քանակը շատ չլինի, համ էլ հասցնեն այն պատգամավորներին, ում գոնե մի մասը այդ գլուխգործոցն անմիջապես չի նետի աղբարկղ: Դե ինչ, տնտեսելը ոչ ոքի չի խանգարի, նույնիսկ ամերիկյան գրանտներ ստացողներին: Սղոցեք, Շուրա, սղոցեք,- ինչպես կասեր Պանիկովսկին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

