ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ
Նոյեմբերի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան`օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ: Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան համարվում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Սիմֆոնիան կոմպոզիտորը ստեղծել է ամբողջովին խուլ վիճակում:
Համերգային երեկոյի դիրիժորն է աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը: Դիիժորի խոսքով`առաջին անգամ է, որ ղեկավարում է օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը, միայն 20 տարի առաջ է հանդես եկել Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ. «Առաջին անգամ է, որ բախտ ունեմ հանդես գալու օպերային թատրոնում: 1960-ական թվականներին այս օպերայում մայրս է երգել, իսկ այսօր`50 տարի անց ելույթ պետք է ունենամ ես»,-նշեց ՋՈՐՋ ՓԵՀԻՎԱՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մի երաժշտություն է, որն ամբողջ աշխարհին կարող է միացնել: Դիրիժորը ցանկություն ունի հենց այդ շնչով միացնել հայ ժողովրդին`ե՛ւ Հայաստանում ե՛ւ ամբողջ աշխարհում. «Պետք է հայերին միասնականացնենք, մանավանդ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Անհրաժեշտ է ամբողջ աշխարհին լուր տանք, որ մենք կանք եւ առաջադիմում ենք»,- ասաց Ջ. Փեհլիվանյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակացությամբ 2015 թվականին ընդառաջ`հայ երիտասարդների եւ երաժիշտների համար կիրականացնի մի քանի նախագծեր:
Ջ. Փեհլիվանյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կունենա մի քանի հյուրախաղեր. «Հայաստանում պատանիների նվագախումբ պետք է ստեղծեմ, ովքեր Ֆրանսիայում պետք է երգեն ֆրանսիացի երեխաների հետ: Նույն համերգը տեղի կունենա նաեւ Հայաստանում: Ցեղասպանության զոհերին նվիրված շատ մեծ դիվանագիըտական համերգներ պետք է տեղի ունենան տարբեր երկրներում»,-ավելացրեց պարոն Փեհլիվանյանը:
Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում: 1975 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից`Փարիզում: Նա 6 տարեկանից նվագել է ջութակ: Որպես դիրիժոր Փեհլիվանյանը հանդես է եկել 1987-ից Նյու-Յորքի Կառնեգի Հոլում: Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Ս. Պետերբուրգի ֆիլարմոնիկ նվագախմբերը եւ մի քանի անգամ հանդես է եկել Երեւանում: Երկացանկում`Վիվալդիի, Բախի, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Կոմիտասի, Ա. Խաչատրյանի եւ այլոց ստեղծագործություներից:
Ֆրանսիական թերթերը Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետեւել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակցներին>>:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

