ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԿԱՆԽԵՆ, ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՈՎ ԿԱՆԻ
Արխիվ 12-16Երկար տարիներ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ ազգային նվագարանները սեփականաշնորհի: Դիմում է տարբեր միջոցների. մեկ` դուդուկի մասին է ֆիլմ նկարահանում ու չգիտես ինչպես պատմում, որ դուդուկի հայրենիքը հենց Ադրբեջանն է, մեկ էլ` այդ գործիքով հայտնվում է տարբեր բեմերում, որպեսզի միջազգային հանրության աչքը եւս մտցնի, թե տեսեք ինչ հին ու մշակութային ազգ ենք մենք: Ու նման կեղծիքներ աշխարհում տարածելու համար, նրանք ընկնում են այս ու այն միջազգային կառույցների դռները` մեկին խնդրելով, մյուսի մոտ լացելով` փորձում իրականացնել իրենց նպատակները: Մնում է մի օր էլ Ադրբեջանը հայտարարի, թե մարդկությունը սկիզբ է առել հենց իրենց երկրից:
Նման մի զեղծարարություն էլ Ադրբեջանն արեց վերջերս` թառը հռչակելով ադրբեջանական գործիք, որը հաստատեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Չնայած այս անգամ, այս ամենի վերաբերյալ փաստացի ապացույցներ է պահանջում ոչ թե Հայաստանը, այլ` Իրանը: Վերջինս հայտարարել է, որ թառը իրանական երաժշտական գործիք է: Փաստորեն, այս խնդրին Իրանն էլ բախվեց, եթե Ադրբեջանին ոչ ոք իր տեղը ցույց չտա, դեռ շատ երկրներ կկանգնեն այսպիսի խնդիրների առջեւ:
"Իրավունքի" ուշադրության կենտրոնում այս հրատապ խնդիրն է, որի շուրջ էլ զրուցեցինք արվեստագետների հետ` լսելով նրանց մտահոգությունները եւ առաջարկությունները:
Կոմպոզիտոր, երաժիշտ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ.
- Ազգային նվագարանների մասին մենք ունենք արխիվային փաստաթղթեր, որոնք պահպանվում են Մատենադարանում: Եթե կարողանանք դրանց տեր կանգնել եւ ապացուցել նվագարանների ծագումը, ապա որեւէ մեկը չի կարող խլել մեզանից մեր ազգային գործիքը: Մենք ամեն ինչ աչքաթող ենք արել, իսկ այդ մարդիկ տեր են կանգնել: Շատ կարեւոր են փաստացի ապացույցները: Վերջերս խնդիր ունեցա հենց ադրբեջանցիների հետ եւ բոլորին պարզապես լռեցրի: Նրանց փաստացի ապացուցեցի "Արցախ" երաժշտության` իմ փաստացի սեփականատեր լինելը` փաստաթղթերով, երաժշտության ծագումով, պատմությամբ եւ այլն: Այժմ դեռ ոչ ոք չի կարողացել հակառակն ապացուցել: Այս պատճառով էլ, մենք չպետք է լռենք` ցանկացած երգի, երաժշտական գործիքի պետք է տեր կանգնենք: Առաջարկում եմ ստեղծել երաժշտագետների մի խումբ, որտեղ ընդգրկված կլինեն երաժշտական գործիք պատրաստող վարպետներ, երաժշտագետներ, պատմաբաններ, որոնք էլ կաշխատեն եւ կապացուցեն երաժշտական գործիքների հայկական ծագումը: Կարծում եմ, որ այդ խումբը պետք է ստեղծվի Կոմպոզիտորների Միության նախագահի ղեկավարությամբ, անցկացվեն կոնֆերանսներ, գիտաժողովներ, կատարվեն փաստահավաքներ, եւ այդ ամենը ներկայացվի հանրությանը: Եթե մենք "Բերդ" պարը պարելու ժամանակ իրար ուսի չբարձրանանք ու պարենք, դա կանեն ադրբեջանցիները, վրացիները եւ կսեփականաշնորհեն մեր ազգային էլեմենտները: Կան երաժշտական գործիքներ, որ անհայտ է, թե առաջինը ով է դրանք ստեղծել, սակայն կան նաեւ նվագարաններ, որոնց հայկական ծագումը անհերքելի է: Օրինակ` քանոնը հայկական է, քանի որ մնացածից տարբերվում է թե՛ լարվածքով, թե՛ կատարման ձեւով ու արտաքինով, ինչը կարող են ապացուցել մասնագետները: Նույնը կասեմ քամանչայի մասին, այն նախկինում եղել է երեք լարով, մեր հայրենակից Ալեքսանդր Հովհաննիսյանը այն դարձրեց չորսլարանի գործիք, այսինքն` այն նույնպես մեր ազգային գործիքն է: Հարկավոր են հավելյալ ապացույցներ, իսկ դրա համար մենք ունենք ապացուցող մասնագետներ:
"Նարեկացի" համույթի գեղարվեստական ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ.
- Թառը օգտագործում են նաեւ Իրանում, սակայն կովկասյան թառը բոլորովին տարբերվում է այս թառից ե՛ւ իր ձեւով, ե՛ւ ստեղծման պատմությամբ: Ցավն այն է, որ մեր ազգային գործիքներին բավարար ուշադրություն չենք դարձում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս ուղղությամբ անձամբ մի քանի ծրագրեր եմ իրականացրել, բայց սա շատ քիչ է: Պետք է մեր ազգային նվագարանները պետական մակարդակով լուրջ ուշադրության արժանանան, անդրադարձ կատարվի դրանց պատմական անցյալին եւ զարգացման փուլերին: Ճիշտ է, ունենք աշխատություններ` նվիրված ազգային նվագարաններին, սակայն դրանք հիմնված չեն պատմական փաստերի վրա, մեզ հենց սա է պետք:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

