«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՉ ՄԻ ՏԱԿՏԻ ՀԵՏ ՇՈՒԼՈՒԽ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՉ ՄԻ ՏԱԿՏԻ ՀԵՏ ՇՈՒԼՈՒԽ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
Վերջերս կրկին բեմում փայլում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ բեմադրած Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը 40 տարի շարունակ ուրույն տեղ է գրավում հայ հանդիսատեսի համար ու շարունակում զարմացնել հազարավոր արտասահմանցիների: Բեմադրության, մեծ վարպետի` Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ մերօրյա հանդիսատեսի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց վաստակաշատ բալետմեյստերի հետ:
«ՈՎ ՈՒԶՈՒՄ Է «ԳԱՅԱՆԵՆ»
ՆԱՅԻ, ԵՍ ՍԱ ԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ»
-Պարոն Գալստյան, ո՞րն է «Գայանե» բալետի հարատեւման գաղտնիքը:
- «Գայանեն» իր ծնունդով միշտ եղել է անհաջող բալետ, որովհետեւ գրված է եղել
տարօրինակ սյուժեով: Երաժշտագետների աշխարհում բոլորը գիտեն այս մասին: Այն գրված է եղել ազգերի բարեկամության մասին, որտեղ պարում էին ուկրաինացիներ, ռուսներ, քրդեր, վրացիներ, հայեր... Մի խոսքով` ազգերի ինչ-որ մի փունջ: Երբ Արամ Իլյիչին ասացի, որ չեն լինելու այդ պարերը, նա ինձ իսկույն վիրավորեց եւ ասաց. «Տի շովինիստ, ես գրել եմ ազգերի բարեկամության մասին, իսկ դու ինձ ասում ես ռուսականը, ուկրաինականը, քրդականը... չի լինելու»: Իսկ ես ասացի` կլինի միայն հայկականը: Երիտասարդ էի, չէի մտածում, որ նեղացնում եմ Արամ Իլյիչին, բայց համարձակ շարունակեցի պնդել, որ չեմ դնելու ռուսական, ուկրաինական, քրդական պարերը: Դա ո՞ւմ է պետք, եթե ուզում եք արտասահմանյան պարեր տեսնել, գնացեք անսամբլում նայեք: Իսկ ով ուզում է «Գայանեն» նայի, ես սա եմ առաջարկում եւ համարում եմ, որ սա ճիշտ է, հայերեն է, մերն է...
- Հայկականացնելով սյուժեն` շա՞տ փոփոխությունների եք ենթարկել այն:
- Հին սյուժեով Գայանեն բաժանվում է Գիքոյից եւ երեխան գրկին առնում է սահմանապահ Կազակովին, որքանո՞վ է այս տարբերակը Ձեզ դուր գալիս: Դա հայ կնոջը հարի՞ր է: Եվ ես դա լրացրեցի` որպես հայ երիտասարդ: Ասացի` ոչ, սա հայկական է, ու ես պետք է բեմադրեմ հայկական բալետ:
- Ի վերջո, Ձեր այդ ըմբոստության հետ համակերպվե՞ց Արամ Խաչատրյանը:
- Իհարկե, որովհետեւ, երբ ես իր երաժշտության տակ պարում էի, ասում էր` դու իմ երաժշտությունը զգում ես: Երբ Մոսկվայում կամ Երեւանում պարում էի «Գայանեից» պարեր, նա միշտ ներկա էր լինում ու ջերմությամբ էր ընդունում: Եվ մի օր էլ ասաց. «Սինոչեկ, պաստավ մոյ «Գայանե»»: Ես էլ համաձայնեցի:
«ՌՈՒԲԵՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՄԵՐ ԲԱԼԵՏՈՒՄ ՄԻ
ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
-Տպավորություն է, որ «Գայանեում» գլխավոր դերակատար Ռուբեն Մուրադյանը անփոխարինելի է, նույնը նաեւ «Սպարտակում»: Հետաքրքիր է, կա՞ն կադրեր այսօր, ովքեր վաղը սպարտակներ ու արմեններ կխաղան հայ բալետում:
- Ռուբենն ընդհանրապես մեր բալետում մի անփոխարինելի երեւույթ է, բայց ունենք նաեւ երկրորդ պարողը` Սեւակը, որը նույնպես հիանալի պարող է: Այնպես որ, մենք այդպիսի հզոր տղերք ունենք: Ի դեպ, պետերբուրգյան թատրոնը զարմացած էր, որ այդպիսի պարողներ ունենք: Երկուսն էլ միջազգային դափնեկիր են` մեկը` ոսկյա, մյուսը` արծաթե: Փայլուն տղերք են: Բալետի հաջողությունն առաջին հերթին բեմադրելու մեջ է: Դերակատարներ միշտ կգտնվեն: Միշտ էլ կա լավն ու ավելի լավը, եւ կա միջինը: Բայց երբ բեմադրությունը հաջող է, դերակատարն արդեն իրեն լավ է զգում ու տեսնում է, որ հանդիսատեսն իրեն ինչպես է ընդունում, ինչպես է հաճույքով ծափահարում:
«ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՄ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԲԱԼԵՏՈՎ»
-Արամ Խաչատրյանի բալետների բեմադրության Ձեր հաղթարշավը արդյո՞ք կսահմանափակվի միայն «Սպարտակով» ու «Գայանեով»:
- Հիմա մեծ պատասխանատվությամբ զբաղվում եմ Արամ Խաչատրյանի երրորդ բալետով: «Գայանեն» ու «Սպարտակը» բեմադրել եմ շատ անգամ, տարբեր երկրներում` սկսած Արգենտինայից, Ուրուգվայից, Լեհաստանից մինչեւ Եգիպտոս, Ռուսաստան եւ այլն, բայց հիմա իմ ամենապատասխանատու քայլն եմ ուզում անել` բեմադրելով Արամ Իլյիչի գործերից Լերմոնտովի «Դիմակահանդեսը»: Ինձ համար սա էլ է մի երեւույթ: Դե արի ու տակից դուրս արի: Այնպես պետք է բեմադրվի, որ դա լինի ռուսական բարձրագույն մշակույթ: «Գայանեն» մերն է, հայկական է, ու դա հեշտ էր ինձ համար: Իսկ այս դեպքում Լերմոնտովի ողբերգությունը այնպես պետք է բեմադրվի, որ այն Պետերբուրգում ցուցադրվի ու ընդունվի:
- Լերմոնտովի «Դիմակահանդեսը» երբեւէ չի՞ բեմադրվել:
- 25 տարի առաջ փորձել են բեմադրել, սակայն այդ ներկայացման կյանքը երկար չտեւեց:
- Ե՞րբ եք նախատեսում իրականություն դարձնել այն:
- Չգիտեմ, երեւի թատերաշրջանի վերջում, եթե հասցնեմ, որովհետեւ Արամ Խաչատրյանի ոչ մի տակտի հետ շուլուխ չեն անում: Ես իրեն միշտ ասում էի «օտեց», ինքն էլ ասում էր` «սինոկ»: Հայրական սեր կար իմ հանդեպ, եւ ես հիմա պարտավոր եմ իր հիշատակը վառ պահել ու լավ բեմադրել:
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

