ԵՏՄ-ԻՑ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ ԳՆԱՆԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ
Արխիվ 12-16ԵՏՄ-ԻՑ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ ԳՆԱՆԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ
Հաշված օրեր են մնում, որ հայաստանյան խորհրդարանը քննության կառնի Եվրասիական միությանը անդամակցության թեման: Հարցն արդեն իսկ հանձնաժողովների օրակարգում է, եւ այս օրերի քննարկումներից մեկ բան է ակնհայտ. բացի "Ժառանգությունից" եւ ոչ մի այլ խմբակցություն գոնե պաշտոնապես դեմ չեն արտահայտվում ԵՏՄ-ի անդամակցությանը:ՌՈՒՍՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՆԳԱՄ ՄԵՐ "ՔՅԱՌԹՈՒ" ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
Փոխարենն այդպես էլ չեն դադարում այդ գործընթացի հետ կապված, մեղմ ասած, տարօրինակ խոսակցություններն ու ակնարկները: Օրինակª բավականին "ուշագրավ" դիտարկում է ներկայացնում Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Վերջինս մոռանալով, թե ժամանակին ինչպես հայկական ավիացիայի հերն անիծվեց, հիմա արդեն սկսել է քննադատել, թե Հայաստանի ներկայիս "Բաց երկնքի քաղաքականությունը" սխալ բան է: Անկեղծ ասածª միանգամայն համամիտ լինելով այդ պնդման հետ, դժվարանում ենք հասկանալ պարոն Պետրոսյանի հաջորդ միտքը, թե նման ավիացիոն քաղաքականություն. "Ռուսաստանը երբեք մեզ թույլ չի տա, հատկապես Արեւմուտքի պատժամիջոցների պայմաններում: Սա արդեն ստրկություն է. առավել հզոր Արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում, իսկ վերջինս մեր նկատմամբ, եւ ամեն ինչ խլում է մեզնից":
Թե ինչ կապ ունի Ռուսաստանը մեր ավիացիայի, ավելի կոնկրետª մեր որոշ նախկին չինովնիկների եւ օլիգարխների կողմից այն հոշոտելու հայտնի պատմության հետ, կամ թե ինչից ելնելով է որոշել, թե ռուսները մեզ ինչ թույլ կտան կամ չեն տա, Քաղավիացիայի վարչության երբեմնի պետը չի էլ փորձում մեկնաբանել:
Իհարկեª հարբած վիճակում վթարների մեջ հայտնվելուց հետո ամեն ինչ չես հիշի: Բայց կոնկրետ պարոն Պետրոսյանը գոնե պետք է հիշեր, թե ով էր հայաստանյան "բաց երկնքի" ջատագովը: Համենայնդեպս հիշեցնենք. Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր, որ քանիցս մեծ ոգեւորությամբ է այդ մասին խոսել: Այսինքնª ամերիկյան դիվանագետներն են ոգեւորված, եւ էլի ռուսնե՞րն են մեղավոր, թե կարող են այսպես-այսպես անել:
Պակաս ոգեւորված չէ "Ժառանգությունում" հանգրվանած երբեմնի կարկառուն ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը եւս: Սակայն նրա բողոքը հին պատմություն ունի, թեª Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանը կանգնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ, քանի որ ունենալու ենք գնաճ: Պահո. անցած տարիներին, երբ ԵՏՄ-ի փոխարեն եվրաասոցացվում էինք, պակա՞ս գնաճ ունեինք: Եվ հենց այս պահին, երբ ԵՏՄ-ի մաքսային բարձր դրույքաչափերը պետք է մի քանի տարուց գործադրվեն, մի՞թե գնաճ չունենք, այն էլª միանգամայն "անբացատրելի": Այսինքնª "չգիտես" էլ ում պատճառով այս օրերին դոլարի փոխարժեքի ցնցում եղավ, եւ արդեն իսկ ամեն մի չարչի մտածում է գները վեր թռցնելու մասին: Ինչ է, էլի Եվրասիական միության մե՞ղքն է, թե մեր հայրենի օլիգարխիայի եւ նրանից ցած կանգնած մյուս չարչիների:
ԳՆԱՃԻ՞ ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ` ԳՆԱՆԿՄԱՆ
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի անդամակցությունից ակնկալվող գնաճին, ապա նույնիսկ այն ապրանքատեսակների մասով, որոնց ներկրման մաքսային դրույքաչափերը առաջին պահից սկսած կաճեն, էլի միանշանակ չէ ասելը, թե դրանք անպայման կթանկանան: Այն պարզ պատճառով, որ նմանատիպ մի շարք ապրանքների ներկրողներն արդեն իսկ հավաստիացնում են, թե ուսումնասիրել են եվրասիական շուկան եւ պատրաստվում են ներկրումներն այլ շուկաների փոխարեն իրականացնել այնտեղից: Ավելին, ինչպես պնդում է հայաստանյան օլիգարխիաներից մեկի ներկայացուցիչ հանդիսացող մեր աղբյուրը. "Խոսքը հումքի եւ սննդամթերքի մի շարք տեսակների մասին է: Պատկերացրեքª Ռուսաստանից եւ Բելառուսից ունենք այդ ապրանքատեսակները ներկրելու հնարավորություն, այն էլª ավելի մատչելի ձեռքբերումային գներով: Ընդ որում, այդ ապրանքատեսակների զգալի մասն առաջ ներկրում էինք տասը տոկոսանոց մաքսային դրույքաչափերով, եւ եթե հավատանք եվրասիական գործող կանոնակարգերին, հիմա դրանք Ռուսաստանից եւ Բելառուսից պետք է կարողանանք ներկրել առանց որեւէ մաքսատուրքի: Հաշվարկները ցույց են տալիս, որ մեր նախընտրած տրանսպորտային սխեմաները, եթե գործնականում աշխատեն նախնական հաշվարկների համաձայն, ապա հնարավորություն կտան փոխադրումների ժամանակ եւս որոշակի խնայողություն ունենալ: Արդյունքումª նույն կամ համարժեք ¥նաեւ որակական առումով¤ ապրանքատեսակները հնարավորություն կունենանք Հայաստան հասցնել այս պահի համեմատ առնվազն 15 տոկոս խնայողություն ունենալով...":
Մի խոսքովª ԵՏՄ-ի անդամակցությունից ո՞ր ապրանքները կթանկանան, ե՞րբ կամ որո՞նք կէժանանան, եւ հանրագումարումª դա հայաստանյան ընդհանուր գնաճի վրա դրակա՞ն, թե բացասական ազդեցություն կունենա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Ընդ որում, կա նաեւ այն հանգամանքը, որ հայաստանյան բիզնեսը, լինի դա մոնոպոլիզացված, թե մրցակցային, պարզապես ստիպված կլինի ներկրումներն իրականացնել առավել օպտիմալ շուկայից: Դա է պնդում նաեւ մեր հիշատակած աղբյուրը. "Կարող ենք շարունակել կոնկրետ ապրանքատեսակների ներկրումն իրականացնել նաեւ մեր ավանդական շուկաներից, ասենքª Եվրոպայից: Սակայն եթե լինի այդ նույն ապրանքատեսակի ավելի մատչելի համարժեք ապրանքը եվրասիական շուկայում, եւ մենք հանկարծ այն աչքաթող անենք, վստահ ենք, որ եթե ոչ այսօր, ապաª վաղը ինչ-որ մեկը կներկրի այն Հայաստան, ինչը երբեմնի հայտնի մեթոդներով կանխելու հնարավորություն պարզապես չենք ունենա: Իսկ այդ դեպքում պարզապես մեր ավելի թանկ ապրանքը չի վաճառվիª դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Այսինքնª ուզենք, թե ոչ, պետք է հաշվի առնենք այդ իրողությունները, որ ոչ միայն գործընկերային, այլեւ շահավետության սկզբունքների մեջ են առավել էական դառնում այս նորª եվրասիական գործոնը: Իսկ նոր իրավիճակին ոչ ադեկվատ կամ ուշացած արձագանքելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Համենայնդեպսª մենք այդ կերպ ենք մտածում, եւ արդեն այս տարվա կեսերից, երբ համոզվեցինք, որ եվրասիական գործընթացը անպայման կհասնի վերջնակետին, արդեն իսկ սկսեցին հստակեցնել մեր բիզնես-կողմնորոշումները եւս, եւ մեր ներկրած հիմնական ապրանքատեսակների մասով այս պահին արդեն հստակ կողմնորոշումներ ունենք":
Թե ինչքանով են հայաստանյան մյուս բիզնեսները իրենց աշխատանքները վերակառուցել նշված սկզբունքներից ելնելով, էլի ժամանակը ցույց կտա: Բայց մեկ բան հստակ է. ԵՏՄ-ի անմաքս ռեժիմները ենթադրում են նաեւ մրցակցության սրացում: Իսկ Հայաստանում, ի վերջո, չմոռանանք, որ հենց դրա պակասը, այսինքնª մոնոպոլիստական դիրքերն են, որ թանկացումների հիմնական պատճառն են: Այսինքն, եթե հասնենք ռեալ մրցակցության, ապա եւ ոչ մի մաքսային դրույքաչափի փոփոխություն ներքին թանկացումներով չի կարող սպառնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

