ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԵՆ ՏՂԱ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ. ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՂՋԻԿ Է ԾՆՎԵԼՈՒ` ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ԸՆԴՀԱՏԵԼ
Արխիվ 12-16ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԵՆ ՏՂԱ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ. ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ,
ՈՐ ԱՂՋԻԿ Է ԾՆՎԵԼՈՒ` ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ԸՆԴՀԱՏԵԼ
"Հայաստանում նորածինների բնականոն հարաբերակցությունն էականորեն խախտված է",- անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին մեզ հետ զրույցում ասում է Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Եթե ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց կազմում է 102-ից 106 տղա, ապա մեր երկրում, 100 աղջկա դիմաց ծնվում է 114 տղա: Արմինե Հարությունյանն ասում է, որ այս խնդիրն ի հայտ է եկել դեռեւս 1990-ական թվականներից եւ ներկայում ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել: Նման անհամամասնության պատճառը, ըստ առողջապահության ոլորտի մասնագետի, հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու կարծրատիպն է:
Նախարարության մասնագետն ասում է, որ "Սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում" թեմայով առողջապահության նախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ու Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ ուսումնասիրություն են կատարել:
Ուսումնասիրությունների ժամանակ մասնագետները հայտնաբերել են մի շարք օրինաչափություններ: Տիկին Հարությունյանի ներկայացմամբ, Հայաստանի տարբեր մարզերում նորմալ հարաբերակցության շեղումը տարբեր է. Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, մարզերում այն ավելի խիստ է արտահայտված եւ ավելի պակաս է արտահայտված` Սյունիքի, Տավուշի մարզերում:
Որոշակի օրինաչափություն է դիտվում նաեւ, թե ընտանիքում որերորդ երեխան է: Առաջին երեխայի դեպքում բնականոն հարաբերակցության շեղում չկա. 100 աղջկա դիմաց ծնվում է 106 երեխա: Երկրորդ երեխայի դեպքում` 100 աղջկա դիմաց 110 տղա երեխա է ծնվում: Իսկ 3-րդ, չորրորդ երեխաների դեպքում 100 աղջկա դիմաց ծնվում է 160 տղա երեխա, որը, ընդհանրապես, աշխարհում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, նորածինների բնականոն հարաբերակցության շեղումն ամենաբարձրն արտահայտված է Չինաստանում, որտեղ 100 աղջկա դիմաց ծնվում է 118 տղա երեխա, բայց, երբ Հայաստանի ցուցանիշները չենք դիտարկում ընդհանուրի մեջ, ապա 3-րդ 4-րդ երեխայի դեպքում մեր ցուցանիշներն աշխարհում ամենաբարձրն են ստացվում:
Մեր զրուցակիցը փաստում է, որ խնդիրը միայն մեր հանրապետությունում չէ. "Մեր հարեւան Վրաստանում, օրինակ` 100 աղջկա դիմաց ծնվում է 113 տղա երեխա, Ադրբեջանում` 116 տղա երեխա, Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում նույնպես, օրինակ Ալբանիայում` 100 աղջկա դիմաց ծնվում է 111 տղա երեխա եւ այլն":
Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման խնդրի լուծման նպատակով` այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը:
"Այս ծրագրի միջոցառումների ցանկում նախատեսվել է օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: Դրանից ելնելով` "Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ: Առաջինով նախատեսվում էր արգելել հղիության մինչեւ երեսուն շաբաթական ժամկետը կնոջը, հարազատին, ընդհանրապես, երրորդ անձին սեռը հայտնելը` բացառությամբ բժշկական ցուցումների: Այս նախագիծը, սակայն, հանվել է եւ նոր փաթեթ է մշակվել, որով նախատեսվում է` օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները` բացառությամբ բժշկական ցուցումների, որը նույնպես դեռեւս քննարկվում է",- ասում է տիկին Հարությունյանը: Նրա խոսքերով, Առողջապահության նախարարության մասնագետները միջազգային փորձագետների հետ համագործակցելով, ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը. "Բազմաբովանդակ ու բազմաշերտ քննարկումներ են տեղի ունենում: Առողջապահության նախարարությունը հակված է այնպիսի մեխանիզմներ կիրառել, այնպիսի փոփոխություններ կատարել, ինչը կբերի մարդկանց մտածելակերպի փոփոխությանը, գիտակցության բարձրացմանը, կարծրատիպերի վերացմանը":
Ըստ տիկին Հարությունյանի` նախատեսվում է, որ կնոջը հղիությունից առաջ մանրամասն բացատրվի հղիության արհեստական ընդհատման հնարավոր բարդությունների մասին. "Ճիշտ է, հիմա էլ է դա կատարվում, բայց այսուհետ դրան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի: Կամ երբ կինը դիմում է` հղիությունը արհեստական ընդհատելու համար, նրան լրացուցիչ ժամանակ տրամադրվի, որպեսզի նա մեկ անգամ եւս մտածի, գուցե այդ ժամանակահատվածում խորհրդակցի, կամ մտափոխի իր այդ որոշումը: Կամ, ասենք, սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ նրան, հարազատներին ցույց տրվեն պտղի ներարգանդային կյանքը, պտղի դիրքը, շարժումները, սրտի բաբախյունը, ինչը կբերի հոգեբանական կապի ամրացմանը, մերձեցմանը":
Մեր զրուցակիցը կոչ է անում այս խնդրի դեմ միահամուռ պայքար մղել եւ տարբեր միջոցառումների միջոցով բացատրել, որ աղջիկ երեխաները հավասարազոր են տղա երեխաներին, եւ միայն նրա համար, որ աղջիկ է ծնվելու` հղիությունը չընդհատել: Ըստ տիկին Հարությունյանի, այդպիսի միջոցառումներից էր Առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում սույն թվականի հոկտեմբերի 24-ին անցկացված "Իսկ դու ունե՞ս աղջիկ" խորագրով միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեցին համանուն ֆլեշմոբի հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդես եւ "Արմնյուզ" հեռուստաընկերության պատրաստած փոքրիկ տեսաֆիլմ:
Ի դեպ, 2013 թվականին նորածինների բնականոն հարաբերակցության շեղումը մի փոքր պակասել է` 100 աղջկա դիմաց ծնվել է 111 տղա երեխա:
"Հուսանք, որ մեր բոլորի ջանքերով ավելի կիջեցնենք այդ անհամապատասխանությունը եւ սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումներ մեզ մոտ չեն կատարվի",- ասում է տիկին Հարությունյանը:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

