ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿՀԱՆԻ ՇԱՐՔԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ԳՐՊԱՆԻՑ
Արխիվ 12-16ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿՀԱՆԻ ՇԱՐՔԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ԳՐՊԱՆԻՑ
2015թ.-ի հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Նախօրեին այդ մասին հայտարարեց Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` ընդգծելով, որ այդ է պահանջում Հեռահաղորդակցության միջազգային միության որոշումը, որի անդամ է նաեւ Հայաստանը: Եվ ահա այս հայտարարության ֆոնին մեկ հետաքրքիր իրողություն է ջրի երես ելնում:Պարզվում է, որ արդյունքում, ճիշտ է, ունենալու ենք ավելի ժամանակակից, որակով, նոր հնարավորություններ խոստացող հեռուստատեսություն, բայց նաեւ, որ հայաստանյան ոչ բոլոր հեռուստացույցներն են, որ ընդունակ են թվային հեռարձակումները ցուցադրել: "Ոչ բոլոր" ասվածն էլ շատ մեղմ է. հայաստանյան հեռուստացույցների բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում այդ տեխնիկական պահանջներին: Այսինքնª եթե ցանկանում ենք մնալ հեռուստադիտողի կարգավիճակում, ապա կա՛մ նոր հեռուստացույց պետք է ձեռք բերենք, կա՛մ մի 10-15 հազար դրամ ծախսելովª հների վրա տեղադրենք համապատասխան սարքավորում: Եվ երբ հաշվի ենք առնում, որ շատ ընտանիքներում երկու-երեք հեռուստացույց կա, հասկանալի է, որ ծախսերն էլ պետք է կրկնապատկենք կամ եռապատկենք: Այսինքնª խոսքը զգալի գումարների մասին է, եւ այստեղ է, որ առաջ են գալիս մի շարք հարցեր: Հայաստանյան ընտանիքների քանի՞ տոկոսը կցանկանա նման վճարներով թվային հեռուստատեսություն ունենալ, այն էլª այս պահին, երբ մարդիկ հազիվ օրվա հացի փող են վաստակում: Կամ, եթե հանրության մի ստվար մասը չցանկանա, փող չունենա, ինչ է, առանց հեռուստատեսությա՞ն պետք է մնա, եւ նրանց հեռուստացույցներն էլ պետք է վերածվեն անպետք աղբի՞: Որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է հանրության կարծիքը: Եվ, վերջապես, մեր կարծիքով` այս պատմության ամենաառանցքային հարցադրումներից մեկը. ո՞վ է ներկրելու այդ մի քանի հարյուր հազար, միգուցեª միլիոն սարքավորումներըª հեռուստացույցների վրա տեղադրելու համար: Այսինքնª այդ ո՞ր գրպաններն են մտնելու այդ ներկրումներից ակնկալվող հսկայական եկամուտները:
Կարծում ենք, որ այս պարտադրված թվային հեռուստատեսության շուրջ դեռ բուռն աղմուկ կառաջանա: Ուստիեւ, շեշտում ենք, դեռ նախնական տպավորությունների համար զրուցեցինք ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության "Հեռուսատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻ հետ:
- Հեռուստատեսությունների թվային հեռարձակաման սոցիալական հետեւանքները արդյո՞ք հաշվի առնվել են:
- Իհարկե հաշվի առնվել են: Դուք գիտեք, որ 2009 թվականին ՀՀ-ի կառավարությունն ընդունել է Հայաստանում վերգետնյա թվային հեռարձակման հայեցակարգը, որով ամրագրվել են անցման փուլի սոցիալական մոտեցումները, եւ այսօր եւս ամբողջ անցումն իրականացվում է սոցիալական կոնտեքստում: Նախօրեին պարոն Բեգլարյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ պրոցեսը անցնելու է առանց ցնցումների, հանրության կողմից տեղեկատվական բոլոր իրավունքների պահպանման երաշխիքներով: Եվ, բնականաբար, սոցիալական բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն:
- Սոցիալական այս ծանր պայմաններում, որքանո՞վ եք նպատակահարմար գտնում այդ անցումը, հաշվի առնելով այն, որ փաստորեն, բնակչությունն ուզի, թե ոչ, պետք է որոշակի գումար վճարի, որպեսզի գնի թվային ընդունման համար անհրաժեշտ սարքավորումը:
- Գիտեք, այստեղ շատ սուբյեկտիվ է իմէ որպես մասնագետի, նպատակահարմար համարելու կամ չհամարելու գործոնը: Այստեղ ավելի կարեւորն այն է, որ մենք ունենք այդ անցման անհրաժեշտությունը, եւ դա անխուսափելի անցում է: Քանի որ նաեւ միջազգային հարաբերությունները եւ միջազգային կարգավորումն է մեզ պարտավորեցնում այդ անցումը կատարել: Մենք ուզենք, թե չուզենք պարտավորված ենք այս գործընթացն իրականացնել, թեեւ այստեղ պարտավորված բառը բացասական կոնտեքստում ընդունել պետք չէ: Որովհետեւ այս գործընթացը, ըստ էության, մեզ բերում է լավագույն որակ եւ առաջընթաց: Բայց մյուս կողմից, երբ կառավարությունը երաշխավորում է, որ գործընթացն ունենալու է նաեւ սոցիալական բնույթ, եւ որեւէ քաղաքացի այս գործընթացի ընթացքում տեղեկատվական իրավունքից չի տուժելու, դա արդեն կարեւորագույն առաջընթաց է:
- Կմանրամասնե՞ք, ինչպե՞ս է կառավարությունն աջակցելու անապահով շերտերին: Մարդիկ պետք է դիմեն եւ ստանան անհրաժեշտ սարքավորումները, թե՞...
- Աշխարհին հայտնի են խնդրի կարգավորման մի քանի մոտեցումներ: Որոշ երկրներ խնդիրը լուծել են սուբսիդավորման սկզբունքով, այսինքն` ճշգրիտ գնահատել են այն բոլոր ծախսերը, որոնք անհրաժեշտ են վերազինման նպատակով:Այլ երկրներ, պարզապես սոցիալապես անապահով շերտին տրամադրել են այն անհրաժեշտ սարքավորումները, որոնք պետք է օգտագործվեն անցման փուլում: Մեր երկրում այս պահին այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է` ընտրվելու է լավագույն տարբերակը: Դուք գիտեք, որ ամեն օր փոփոխություն է լինում սոցիալական ոլորտում, եւ փոփոխական են նաեւ մեր սոցիալապես անապահով շերտի գնահատման եւ քանակական չափորոշիչները: Այնուհանդերձ, գլխավորը ոչ թե մեթոդն է, թե ինչ ճանապարհ կընտրենք եւ ոնց կլուծենք անապահով շերտի խնդիրները, այլ գլխավորը այն է, որ կա երաշխիք եւ հավաստում, որ կառավարությունը` հանձին նախարարի, հանդես է գալիս հայտարարությամբ, որ գործընթացը անցնելու է առանց ցնցումների, եւ ցանկացած սոցիալական խնդիր ունենալու է իր լուծումը:
- Պարոն Ամալյան, ստացվում է, որ մարդիկ, ովքեր պաշտոնապես անապահով չեն համարվում եւ չունեն ժամանակակից հեռուստացույց, պետք է ունեցածը դեն նետեն եւ նո՞րը գնեն, որն ունենա համապատասխան կարգավորումները:
- Բնավ ոչ, մարդիկ, ովքեր ձեռք են բերել վերջին երկու տարիների` 2013-2014թթ.-ի ընթացքում արտադրված հեռուստաընդունիչ սարքեր, նրանք, որպես կանոն, պետք է ունենան հնարավորությունª անմիջապես առանց որեւէ փոփոխության ընդունել ազդանշաները: Իսկ մարդիկ, ովքեր, ենթադրենք, ունեն 1956 թվականի արտադրության լամպային հեռուստացույց, այնուհանդերձ, կարող են պահպանել իրենց հեռուստացույցները` ընդամենը դրան հավելելով կցորդ սարքեր: Ինչ վերաբերում է այդ կցորդ սարքերին, ապա ասեմ, որ գնային շերտը շատ բազմազան է: Բայց պրակտիկորեն նվազագույն պահանջները, որոնք պիտի ապահովեն թվային հեռարձակման ապահովումը, կարծում եմ, շուկայական արժեքներով դրանք տատանվելու են 20-30 դոլարի շրջակայքում:
- Իսկ ովքե՞ր են ներկրում կամ ներկրելու այդ սարքավորումները. ըստ որոշ տեղեկությունների` այդ դաշտը եւս ցանկանում են մոնոպոլիզացնել:
- Շատ դժվար եւ անշնորհակալ կանխագուշակում է, թե շուկայում ովքեր կլինեն ներկրողները: Դա կարող է լինել ցանկացած ՀՀ քաղաքացի, ով ունի տնտեսական գործունեության հնարավորություններ: Ինչ վերաբերում է նրան, որ որեւէ մեկը ցանկանում է մոնոպոլ դիրք գրավել, ապա սիրով պատրաստակամություն եմ հայտնում Ձեզ հետ զրուցել մեկ տարի հետո: Եթե կպարզվիէ որեւէ մեկը մոնոպոլիզացրել է այդ դաշտը, ապա ինքս խոստանում եմ այդ հարցի շուրջ խոսել եւ դատապարտել: Ամեն դեպքում, չեմ կարծում. ազատ շուկա է, եւ այդ սարքն էլ իրենից ոչինչ չներկայացնող պարզունակ սարք է, ինչո՞ւ պետք է մոնոպոլիզացվի:
Ինչպես թե` ինչո՞ւ պետք է մոնոպոլիզացվի. խոսքը 20-30 դոլար արժողությամբ հարյուր հազարավոր կամ միլիոնավոր սարքավորումների մասին է: Այսինքնª մեծ փողերի, որին հաստատ տեր դառնալ ցանկացողների պակաս չի զգացվի: Ինչ վերաբերում է այն մտքին, թե ներկրող "կարող է լինել ցանկացած ՀՀ քաղաքացի", ապա գոնե մենք հեքիաթներին հավատալու հասակից վաղուց ենք անցել: Մի խոսքով, վստահ ենք, որ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Բայց մինչ այդ, հասկանալու համար, թե այս ամենն ինչպես կանդրադառնա սոցիալապես անապահով շերտի վրա, դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղ, կարծես թե, դեռ պատրաստ չէն մարսել այս թեման: Բայցեւայնպես պատասխանեցին, որ հետեւանքներ իհարկե կլինեն, բայց թե` ինչպիսիք եւ որքան, դեռ վաղ է խոսել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

