ԱԼՅՈՒՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԵԼԻՔ "ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՔԱՂՑԿԵՂ"
Արխիվ 12-16ԱԼՅՈՒՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԵԼԻՔ "ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՔԱՂՑԿԵՂ"
Այս օրերին Հայաստանում շրջանառության մեջ է հայտնվել մեկ ուշագրավ նորամուծություն, որն առանց չափազանցության, կարող է անդրադառնալ մեր երկրի ամեն մի քաղաքացու վրա: Այսպեսª օրակարգում է "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որը նախատեսում է համատարած ալյուրին ինչ-որ նյութեր ավելացնել: Այս նախաձեռնության բացատրությունը մոտավորապես այն է, թե դա կկարգավորի մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների պակասը կամ բացակայությունը, քանի որ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջությունը կարող է անցանկալի ազդեցությունների ենթարկվել: Այսինքնª "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կտա մի քանի տարի անց խոսել առողջության ցուցանիշների բարելավման մասին:
Բայց մյուս կողմից էլ, եթե իհարկե հալած յուղի տեղ ընդունենք այդ բացատրությունները, ո՞վ կարող է մարդկանց ստիպել պարտադիր ուտել վիտամինացված հաց: Կամ ինչպե՞ս վարվենք նրանց հետ, ում օրգանիզմում այդ միկրոտարրերի եւ վիտամինների միանգամայն բավարար քանակություն կա: Եվ, վերջապես, չէ՞ որ այդ վիտամինացումը ենթադրաբար պետք է զգալիորեն ազդի ալյուրի, այսինքնª հացի գների վրա: Եվ, վերջապես, ո՞վ է ալյուրի մեջ ավելացնելու այդ հավելումները. հայաստանյան ալրաղացնե՞րը: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ այստեղ այդ դեղագործական ճշգրտություն պահանջող գործողությունը ճիշտ կանեն կամ վիտամինների փոխարեն չեն ավելացնի ասենք մարդկային գեների վրա ազդող ինչ-որ աղբ:
Մի խոսքովª թեման բավականին ընդգրկուն է, եւ սկզբի համար պարզաբանումներ խնդրեցինք հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանից, որն այս օրերին արդեն հասցրել է թեմայի հետ կապված իր բացասական վերաբերմունքը հայտնել: "Իրավունքի" հետ զրույցում նույնպես, պարոն Ստամբոլցյանը, անդրադառնալով ցորենի ալյուրի հարստացման նախագծին, պնդեց, որ դրանով միայն կվնասվի մարդկանց առողջությունը, քանի որ ալյուրի մեջ ավելանում են կասկածելի հավելանյութեր: "4-5 տարի առաջ կառավարությունն այս հարցն էլի բարձրացրել էր, սակայն մեծ աղմուկ եղավ եւ ստիպված լռեցին: Այսօր ոմանք կարծես թե փորձում են էլի թեման բերել օրակարգ: Սակայն արդեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան հրաժարվել են այս գաղափարն ընդունելուց: Մինչդեռ մեզ մոտ նախատեսվում է, որ այն ալրաղացները, որտեղ ալյուրի պատրաստման ընթացքում չավելացվեն հավելանյութեր, ապա կտուգանվեն 1,5 մլն դրամով",- նշեց Խ. Ստամբոլցյանը:
Մեր զրուցակցի խոսքով` այս նախագիծը Հայաստանին պարտադրվել է, այնպես, ինչպես օրինակ պարտադրում են, որ մեր երկրում եւս օրինականացնեն միասեռականությունը. "Այն, ինչ պետք է ավելանա ալյուրի մեջ, բոլորը սինթետիկ նյութեր ու վիտամիներ են, որոնք օրգանիզմի համար օգտակար չեն: Կան մասնագետներ, որոնց պնդմամբ այդ նյութերը կարող են առաջացնել քաղցկեղ: Բայց արի ու տես, որ մարդկանց հանգստացնելու համար նախագծի պաշտպանները հայտարարում են, որ ամեն ինչ մեր երեխաների առողջության համար են անում: Սա լուրջ խնդիր է",- շեշտեց պարոն Ստամբոլցյանը եւ ընդգծեց, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել, որ ցորենի ալյուրի հարստացմամբ վտանգվում է մարդկանց առողջությունը:
"Սպառողների խորհրդատվության կենտրոն" ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նույնպես նկատեց, որ նախագծի ընդունումը պարտադրանք է. "Սխալ է մարդկանց պարտադրել օգտագործել այսպիսի ալյուր` չթողնելով ընտրության հնարավորություն: Թող ե՛ւ հարստացված ալյուրը լինի, ե՛ւ սովորական, որի պարագայում սպառողն ինքը կորոշը, որ ալյուրն է ցանկանում ձեռք բերել: Մենք միշտ ունեցել ենք առաջին, երկրորդ կարգի ալյուր, այսօր դրանք վերացվել են",- ասաց Կ. Չիլինգարյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է նամակ գրել ՀՀ առողջապահության նախարարին, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնի այն տեսակետը, ըստ որի` ալյուրի մեջ ավելացրած հավելանյութերը վնասում են մարդու առողջությանը, եւ պետք չէ, այնպես անել, որ մարդիկ չկարողանան ընտրություն կատարել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

