«НЕ ВИНОВАТАЯ Я! ԿԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Արխիվ 12-16

«НЕ ВИНОВАТАЯ Я!
ԿԱՄ ԱԼԻԵՎԻ
ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ


Մեր բանակի հատուկ ստորաբաժանման փայլուն գործողությունը, որով տարհանվեցին խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունները եւ ուղղաթիռի սեւ արկղը, այնպիսի դեպրեսիայի մեջ են մտցրել մազութային սուլթանատի բռնապետին, որ սուլթանատը սկսել է զբաղվել միայն անմեղսունակներին վայել ծիծաղաշարժ քայլերով: Ադրբեջանն իր ավագ եղբայր Թուրքիայի հետ միասին բողոքի մի ամբողջ արշավ է ծավալել, թե ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը ճանաչել է հայ ժողովրդի մշակութային արժեք:



ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐՆ
ԻՐԱՐ ՆՄԱՆ ԵՆ

Ե՛վ կովկասյան, ե՛ւ փոքրասիական թուրքերը պետական մակարդակով արշավ են ծավալել` փորձելով պնդել, որ հայերը լավաշ ստեղծած լինել չէին կարող, որ լավաշը գողացել են թուրքերից, եւ ընդհանրապես, հայերը գոյություն չեն ունեցել եւ լուսնից են ընկել տարածաշրջան: Թե ինչպես կարող էր թուրքի պես քոչվորը լավաշ ստեղծել, երբ զուտ տեխնոլոգիայի տեսակետից դրա համար անհրաժեշտ է անշարժ թոնիր, որը ոչ մի կերպ չէր կարող քոչվորի վրանում լինել` այդ հարցն ավելի շուտ պետք է պարզեն Ռոբերտ Քոչարյանի ասած "ուրիշ մասնագետները": Չնայած, եթե ուկրաինացի բանդերականները լրջորեն պատրաստ են պնդել, որ Սեւ ծովը փորել են հնագույն ուկրաինացիները, ապա լավաշի եղածն ի՞նչ է, որ թուրքը չփորձի այն սեփականաշնորհել:
Բայց ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ մազութային սուլթանատը մի անասելի վայնասուն դրեց նաեւ ուկրաինական "1+1" հեռուստաալիքի պատրաստած "15 հանրապետություններ" հաղորդման կապակցությամբ: Բաքվում ընկնավորվել էին, թե ինչու հաղորդումը պատրաստելիս` հեռուստալրագրողները նաեւ Արցախ էին այցելել ու դեռ մի բան էլ համարձակվել էին չպնդել, թե դա հինավուրց ադրբեջանական հող է: Եվ ամենազվարճալին, որ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատունը այդ հաղորդման կապակցությամբ երկարաշունչ մեղայականով է հանդես եկել, պնդել, թե Ուկրաինա պետությունն այդտեղ կապ չունի, եւ ընդհանրապես իրենց "քըխ" լրագրողներն անտեսել են Ուկրաինայի ԱԳՆ-ի հանձնարարականը` չայցելել Լեռնային Ղարաբաղ: Չէ, մայդանչիները իրար շատ նման են: Ճիշտ է, ուկրաինացիները սեփական երկրի ներսում են Մայդան սարքել, իսկ մեր քոչվոր հարեւանները մեր սահմանների վրա են փորձում արտաքին Մայդան ստեղծել, բայց մտածողությունը նույնն է: Ընդհուպ դետալներ: Կիեւում էլ բանդերականները նոր անկարգություններ էին հրահրել` նետելով քարեր, ձվեր եւ արցունքաբեր գազով նռնակներ, որպեսզի տապալեն երգչուհի Անի Լորակի համերգը: Եվ այդ երգչուհու նկատմամբ (անտեսելով այնպիսի "առավելությունը", ինչպիսին թուրք ամուսինը), բանդերականները թունդ ատելությամբ լցվել էին այն բանի համար, որ մինչեւ Կիեւ գալը, հյուրախաղերով հանդես էր եկել Ռուսաստանում: Դե, ճիշտ ու ճիշտ Բաքվի "Կարաբախ բիզիմդիր" տեսակի սեւցուցակային անմեղսունակ ձեռագիրն է:
Դե, մեր ներքին մայդանչիներն էլ պակաս չեն: Եթե ժամանակ առ ժամանակ տեղեկատվական դաշտում գլխներին չբամփես, անպայման կամ պացիֆիստական միջոցառում կանեն, կամ կզբաղվեն ադրբեջանական քարոզչական նյութերի տարածումով, կամ ծայրահեղ դեպքում գոնե գենդերապաշտպանությամբ կզվարճանան:
Սակայն վերադառնանք մեր "ոչխարներին", առավել եւս, որ  թուրքերն իրենք, ըստ սեփական առասպելաբանության, սեւ եւ սպիտակ ոչխարների ժառանգորդ են (ակկոյունլու եւ կարակոյունլու): Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն լրիվ ընկնավորվել է մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում հնչած ելույթից: Հիշեցենք, որ փաստերի ու անհերքելի իրողությունների հիման վրա նա մասնավորապես հայտարարել էր. "Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլեւ գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:
Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության համար: Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել: Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի` արցախյան հիմնախնդրի կարգավորման համար": Ադրբեջանի ԱԳՆ-ն դրան պատասխանել է հայտարարությամբ, որը ճիշտ ու ճիշտ մեր մայդանչիների ոճին է համապատասխանում` իբր պաշտոնական Երեւանը այդպիսի ելույթներով փորձում է քողարկել այն, որ "ռեժիմը խուճապի մեջ է":

"ԻՇԽԱՆԱՓՈԽԻՉՆԵՐԻ"
ԱՆԿԱՊ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԸ


ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեր քոչվոր հարեւանի դուրս տված ախմախություններին արձագանքել է շատ հակիրճ. "Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ունեցած ելույթի վերաբերյալ, վկայում է փաստերի  կատարյալ բացակայության մասին": Ճիշտն ասած, փաստերի կատարյալ բացակայությամբ են տառապում նաեւ մեր "իշխանափոխիչները", եւ իզուր չէր, որ մեր արեւմտամետների առնչությամբ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը օրերս զարմացել էր, թե ինչու են պահանջում Վլադիմիր Պուտինի հրաժարականը, երբ ամեն մի ընդդիմություն, ըստ տրամաբանության, պետք է քննադատի սեփական երկրի, այլ ոչ թե երրորդ երկրի իշխանություններին:
Ինչեւէ, Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ելույթներից հետո փաստացի դուետի վերածված "եռյակը", կարծես թե, իշխանափոխություն բառը այժմ օգտագործում է զուտ իներցիայով: ԵՏՄ համաձայնագրի խորհրդարանական հանձնաժողովական քննարկումների ընթացքն էլ ցույց տվեց, որ ԲՀԿ-ականները հակված են կողմ քվեարկել ԵՏՄ-ին: Համենայնդեպս, երեւում է, որ ամերիկացի Վարդան Սիվիլիթասիչի ազդեցությունը ԲՀԿ-ական պատգամավորական կորպուսի նկատմամբ էապես պակասել է: Իսկ դա ինքնաբերաբար նշանակում է, որ պակասել է եւ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը: Ինչ վերաբերում է մյուս խմբակցություններին, ապա ՀՅԴ-ն ակնհայտորեն կողմ է, իսկ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը "թռած" են, այսինքն` խուսափում են կոնկրետությունից, եւ միայն "Ժառանգությունն" ու "Ազատ դեմոկրատները" հստակորեն դեմ են: ՕԵԿ-ի պահվածքը հասկանալի է, չէ՞ որ ոչ մի կերպ չի անէացել Արթուր Բաղդասարյանի` Կիեւի Մայդանում երբեմնի ելույթ ունենալու իրողությունը, բայց միաժամանակ դեմ արտահայտվել էլ չեն կարող: Չէ՞ որ ԼՏՊ-ն հստակ ձեւակերպել էր ԵՏՄ-ի "այլեւս անշրջելի իրողություն" լինելու հանգամանքը, եւ դրանից ոչ ոք չի կարող խուսափել:
Եվ ահա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը` հրավիրել արտահերթ նիստ` Սերժ Սարգսյանի իմպիչմենտի օրակարգով: Ակնհայտ դրական դրան վերաբերվում են "ժառանգականները", իսկ ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանը դա նույնիսկ որակեց "ընդդիմադիր դաշտի լյուստրացիա": Իսկ ՀԱԿ-ի ու հատկապես ԲՀԿ-ի պարագայում ակնհայտ զգացվում է տհաճությունը, քանզի ԲՀԿ-ն կամ չստորագրելով կամավոր վերցնում է "չընդդիմության" խարանը, կամ ստորագրելով` ընկնում է հարվածի տակ: Թե ինչ աստիճանի է այդ տհաճությունը` երեւում է քոչարյանական քարոզչամիջոցների վարքագծից, ուր վերջին խոսքերով անպատվում են Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին, մեղադրելով նրանց Բաղրամյան 26-ի պատվերը կատարելու մեջ: ՀԱԿ-ը իր քարոզչամիջոցներով թեեւ ուղղակի չի արտահայտում իր դժգոհությունը, սակայն  նույնաբովանդակ մեղադրանքներ է հնչեցրել զինծառայությունից խուսափած երիտասարդ ագրեսիվ ակտիվիստ Արեգ Գեւորգյանի շուրթերով:
Իսկ մեկ ուրիշ անհեթեթություն եկավ "Նախախորհրդարանից": Գիշերով անհայտ անձինք հրկիզել են "Նախախորհրդարանի" մի քանի ներկայացուցիչների, ինչպես նաեւ վերջերս "Նախախորհրդարանին" հարող պրոֆեսիոնալ սադրիչ-ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները: Եվ "Նախախորհրդարանը" միանգամից վարկածներ հնչեցրեց, որ դա կամ պատասխանն է իրենց` "Ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի" ավտոերթի, կամ պատասխանն է Ժիրայր Սէֆիլյանի վերջին ասուլիսին: Նրանք պնդում են, որ միայն ոստիկանությանն էր հայտնի, թե որ ավտոմեքենաներն են մասնակցել երթին, այդ ավտոմեքենաների տերերի, կայանման մշտական վայրերի տվյալները: Ճիշտն ասած, տեղյակ էլ չէինք լինի, թե մեր կողմից հարգված Ժիրայր Սէֆիլյանը հերթական անգամ վատ բան է ասել իշխանություններին, եթե չլիներ այդ ավտոհրդեհների մասին լուրը: Բայց ընդամենը փաստենք, որ "Նախախորհրդարանի" անիմաստ ակցիաներն ու քարոզչությունը դժվար թե որեւէ կերպ պետք է անհանգստացրած լիներ իշխանություններին, եւ հրկիզումներով "Նախախորհրդարանի" վրա հանրային ուշադրություն սեւեռելը ամենաքիչը իշխանությանն էր պետք: Համ էլ, ավտոմեքենաների մասին մանրամասն տեղեկություն ունեցող, բացի ոստիկանությունից, եւս մեկ սուբյեկտ կա` ինքը` "Նախախորհրդարանը", ու թերեւս ամենեւին չէր խանգարի, որ ոստիկանությունն  իրոք լուրջ հետաքննություն անցկացնի` իրական հրկիզողներին գտնելու համար:
Ինչեւէ, հնացած մայդանային կամ ծայրահեղ ընդդիմադիր կարգախոսները բնական ճանապարհով դառնում են անախրոնիզմ, թանգարանային տեսակի կատեգորիաներ: Ու ռեալ, առավել կառուցողական եւ լուրջ ընդդիմադիր միավորումներ մինչեւ 2017-ի ընտրությունները հաստատ կձեւավորվեն, բայց ումից եւ ինչ գործընթացների արդյունքում` դա արդեն առանձին թեմա է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում