ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԽԱՂԱԼ ՄՇՏԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԽԱՂԱԼ ՄՇՏԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
Արդեն օրինաչափություն է դարձել, որ Ազգային հավաքականների խաղերը եւ արդյունքները ազդում են մեր առաջատար ֆուտբոլիստների ակումբային խաղերում ցուցադրած խաղի վրա: Այսպես օրինակ` Հենրիխ Մխիթարյանը, ով Պորտուգալիայի ընտրանու դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում գրեթե միայնակ իր ուսերին տարավ թիմի հարձակման գոտու պարտականությունները եւ իր անհատական որակների հաշվին փորձում էր ճեղքեր գտնել մրցակցի պաշտպանությունում, Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի "Պադերբորնի" հետ կայացած խաղում հանդես է եկել իր հնարավորություններից ցածր:
Գերմանական պարբերականները ցածր են գնահատել հայ ֆուտբոլիստի գործողությունները խաղադաշտում. Kicker-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 5: Նման գնահատական է ստացել նաեւ Սինձի Կագավան: "Բորուսիայի" կազմում լավագույնը եղել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (2): Bild-ը նույնպես Մխիթարյանի խաղը գնահատել է 5: Նման գնահատական են ստացել նաեւ Մատիաս Գինտերը, Նեւեն Սուբոտիչը եւ Սինձի Կագավան: Ի դեպ, օրեր առաջ Բունդեսլիգայի կայքը առանձնացրել էր Գերմանիայի առաջնության ամենաակտիվ ֆուտբոլիստներին: Դորտմունդի "Բորուսիայի" եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է չորրորդ տեղըª վաստակելով 602 միավոր (164 միավոր հարվածների համար, 172 միավորª գնդակը խլելու, 105 միավորª փոխանցումների, 161 միավորª անցումների): Ազգային հավաքականի եւ գերմանական ակումբի խաղամակարդակների խիստ տարբեր լինելը ազդում է Մխիթարյանի ցուցադրած խաղի վրա, ընտրանու կազմում հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստը դժվարությամբ է վերադառնում գերմանական ֆուտբոլի իրականություն:
Այս ընթացքում ճիշտ հակառակ հոսքի մեջ է Ազգային հավաքականի մյուս առաջատարըª Յուրա Մովսիսյանը, ում ոչ այնքան տպավորիչ խաղը ընտրանու կազմում ուներ համոզիչ փաստարկª վնասվածք, որից ապաքինվելը միայն գործի կեսն է: Բայց ահա ակումբային խաղերում Մովսիսյանն իր աշխատասիրության շնորհիվ մեծ քայլերով առաջ է գնում: Այսպեսª Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի "Մորդովիայի" հետ խաղում Յուրան կրկին ցույց է տվել իր բարձր որակներն ու արդյունավետ գործողություններով աչքի ընկել: Sport express-ը գնահատելով ֆուտբոլիստների խաղըª Յուրա Մովսիսյանին տվել է 6 գնահատականը: Նույն գնահատականն են ստացել "Սպարտակի" եւս երեք ֆուտբոլիստներ, իսկ լավագույնը Կուինսի Պրոմեսն է (7): Պարբերականը նաեւ գրել է. "Յուրա Մովսիսյանը մեծ աշխատանք կատարեց խաղադաշտում: Պրոմեսին կրնկով կատարած փոխանցումը նրա մասնակցությամբ ամենատպավորիչ դրվագն էր: Երկրորդ խաղակեսում Մովսիսյանը պաշտպանի հետ պայքարում ընկավ, եւ մրցավարը կարող էր նշանակել 11 մետրանոց": Այս խաղում "Սպարտակը" հաղթել էր 4:2 հաշվով, իսկ գոլային փոխանցում կատարած Յուրա Մովսիսյանը փոխարինվել է 88-րդ րոպեին:
Մովսիսյանը դրական գնահատական է ստացել նաեւ Sovsport-ի վերլուծաբան Վալերի Ռեյնգոլդի կողմից. "Չեմ կարող քննադատել Պրոմեսին, Մովսիսյանին եւ Գլուշակովին: Ինչո՞ւ են այդ ֆուտբոլիստներն աշխատում, իսկ մյուսները հանդիսատեսի դերում են: Չեմ զարմացել, որ Շիրոկովը պահեստայինների թվում էր":
Ինչպես երեւում է, Մովսիսյանը վերադառնում է իր դիրքերին: Իսկ Մխիթարյանին քննադատություններից խուսափելու համար միայն լավ մարզավիճակը ցավոք չի օգնի. հայ ֆուտբոլիստը Գերմանիայում խաղում է մշտական ճնշման տակ եւ ամեն խաղում պետք է ուժերը ներդնի 100 տոկոսովª "Բորուսիայի" կազմում լավագույններից մեկը լինելու համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

