ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԳԱՅԱՆԵՆ» ԻՐ ԾՆՈՒՆԴՈՎ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ ԲԱԼԵՏ»
Արխիվ 12-16ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԳԱՅԱՆԵՆ» ԻՐ ԾՆՈՒՆԴՈՎ
ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ ԲԱԼԵՏ»
Օրերս կրկին բեմում փայլում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, ու թեպետ խոսակցություններ էին պտտվում, որ այն այս տարի վերջին անգամ է ներկայացվում հանդիսատեսին, սակայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ չի շտապում ամփոփել տարին. «Դեռ երկու ամիս կա, ամեն ամիս ներկայացումը դնում ենք, եւ այն միշտ սիրված ներկայացում է` պատվավոր հյուրեր, արտասահմանցիներ... Բոլորը հաճույքով գալիս են նայելու»:
Իսկ «Իրավունքի» այն հարցին, թե ի՞նչն է գաղտնիքը, որ վաստակաշատ
բալետմեյստերի բեմադրած «Գայանե» բալետը 40 տարի շարունակ իր մնայուն տեղն է գրավում ու մշտապես պահանջված է, ի պատասխան Վ. Գալստյանը անկեղծացավ մինչեւ վերջ. « «Գայանեն» իր ծնունդով միշտ եղել է անհաջող բալետ, որովհետեւ գրված է եղել տարօրինակ սյուժեով: Երաժշտագետների աշխարհում բոլորը գիտեն այս մասին: Այն գրված է եղել ազգերի բարեկամության մասին, որտեղ պարում էին ուկրաինացիներ, ռուսներ, քրդեր, վրացիներ, հայեր... Մի խոսքով` ազգերի ինչ-որ մի փունջ: Երբ Արամ Իլյիչին ասացի, որ չեն լինելու այդ պարերը, նա ինձ իսկույն վիրավորեց եւ ասաց. «Տի շովինիստ, ես գրել եմ ազգերի բարեկամության մասին, իսկ դու ինձ ասում ես ռուսականը, ուկրաինականը, քրդականը... չի լինելու»: Իսկ ես ասացի` կլինի միայն հայկականը: Երիտասարդ էի, չէի մտածում, որ նեղացնում եմ Արամ Իլյիչին, բայց համարձակ շարունակեցի պնդել, որ չեմ դնելու ռուսական, ուկրաինական, քրդական պարերը: Դա ո՞ւմ է պետք, եթե ուզում եք արտասահմանյան պարեր տեսնել, գնացեք անսամբլում նայեք: Իսկ ով ուզում է «Գայանեն» նայի, ես սա եմ առաջարկում եւ համարում եմ, որ սա ճիշտ է, հայերեն է, մերն է...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- «Գայանե» բալետի ստեղծման մասին մի շարք բացահայտումների, ինչպես նաեւ վաստակավոր բալետմեյստերի մտորումների ու հետագա ծրագրերի մասին, կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» հաջորդ համարում:

