«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ ԿՌՎՈՎ, ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԷԼ` ՀԱՍՏԱՏԵԼ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ»
Արխիվ 12-16«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ ԿՌՎՈՎ,
ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԷԼ` ՀԱՍՏԱՏԵԼ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ»
Դեկտեմբերի 1-ին լրանում է Խորհրդային Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման 25-ամյակը: Այդ օրը կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ նախաձեռնած ակցիայի շնորհիվ բջջային տիրույթում, անկախ բջջային օպերատորից, անհասանելի են լինելու շատ քաղաքացիներ, այդ թվում նաեւ հայտնի դեմքեր, ովքեր դեմ են Հայաստանի եւ Ղարաբաղի հանրապետությունների միջեւ ռոումինգին: «Իրավունքի» հետ զրույցում կինոռեժիսորը խոսեց ոչ միայն վերամիավորման կարեւորության, ինչպես նաեւ ակցիայից, այլ նաեւ վերջին շրջանում զոհված զինվորիներին նվիրված նոր նկարահանվող ֆիլմի մասին:
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ»
-Դեկտեմբերի 1-ը ոչ միայն չի նշվում, այլ գնում ենք դեպի բաժանում, հենց դրա համար էլ
կազմակերպել եմ «Ոչ ռոումինգին» ակցիան: Մենք սկսեցինք շարժումը, միացում ասելով` կռիվ գնացինք, հիմա գնում ենք անկախություն: Անկախություն ո՞ւմից, մեզնի՞ց: Անկախությունը մենք ձեռք ենք բերել կռվով, վերամիավորումն էլ` հաստատել ենք փաստաթղթով, պետք է դա շարունակել: Բայց այս ռոումինգը տեղով բաժանարար գիծ է Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ, որը հանձն եմ առել վերացնել: Ինչպես նաեւ այն սակագները, որոնք գործում են` արտասահմանյան սակագներ է գործում Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ, ինչն ինձ համար անընդունելի է, դա պետք է վերացնել: Ես միայնակ չեմ, հարյուր հազար մարդ այդպես է մտածում: Հաստատ կանգ չենք առնի այս մի ակցիայով` հեռախոսներն անջատելով միայն դեկտեմբերի 1-ին: Շարժումն ի սկզբանե սկսվեց 1988-ին, որ պետք է Արցախը վերամիավորվի Հայաստանին: Այդ միացումը հարգող բոլոր մարդիկ հարգում են նաեւ մեր նահատակներին, ուրեմն` նրանք պետք է բոյկոտեն օտար օպերատորներին, որոնք իրենց բիզնես շահերի պատճառով այսօր մեզ անհանգստություն են պատճառում: Ազգային շահերը պետք է դրվի առաջնահերթ, ոչ թե որեւէ մեկի բիզնես շահերը, լինի հայ, ամերիկացի, թե ռուս: Կարծում եմ` ազգային շահը պահանջում է, որ մեր եւ Արցախի հետ պետք է չլինի ռոումինգային կապ: Ուստի կոչ եմ անում բոլորին միանալ, որ այս օտար օպերատորները հասկանան` ազգային շահերը պիտի պաշտպանեն: Եթե եկել են այստեղ ու միլիարդներ են աշխատում, թող բարի լինեն ինչ-որ տեղ ինչ-որ բանով տուժեն, բայց մեր ազգային շահերը պաշտպանեն: Եթե` ոչ, թող գնան, կգան նրանք, ովքեր հա՛մ փող կուզեն աշխատել Հայաստանում, հա՛մ ազգային շահերը կպահպանեն: Ի դեպ, «Իրավունք» թերթն էլ մինչեւ այսօր պայքարում է ազգային արժեքների համար:
- Պարոն Զաքարյան, ինչպես վերջին շրջանում ձեր արած մյուս ակցիաներին, այնպես էլ «Ոչ ռոմինգին» միացել են նաեւ հայտնի դեմքեր:
- Այո, նույնիսկ քաղաքական շարժումներ: Կուսակցական ու քաղաքական այլ հարցերն այստեղ կապ չունեն, որ բաժանված լինենք: Այստեղ կա բիզնես շահը` ազգային շահի դեմ: Դեռ չեմ խոսել ոչ մի հայի հետ, որը համաձայն չլինի այս մտքն, որ պետք է ռոումինգի հարցը լուծվի:
«ԳԵՆԴԵՐԱ-ՄԵՆԴԵՐԱ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
ԱՅՍ ՍԵՐՆԴԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՉԱՑՆԵԼ»
-Հիմա նոր ֆիլմ եք սկսում` «Շունչը», ինչի՞ մասին է լինելու:
- Սցենարը տեղադրված է "Շունչ"-ի ֆեյսբուքյան էջում, դա նրանց համար է, ովքեր աջակցում են ինձ` ֆիլմը նկարահանելու համար: Գիտեք, որ իմ ֆիլմերի գումարները ժողովուրդն է հավաքում, ես չունեմ պետական աջակցություն, չունեմ որեւէ օլիգարխի աջակցություն: Այն հերթական ռազմահայրենասիրական ֆիլմն է, զոհված ազատամարտիկների ու այս սերնդի մասին է: Այն զոհված հայերի, որոնց շունչը փոխանցվում է իրենց որդիներին ու չի կարող նրանց որդին վատ հայ մեծանալ: Իմ ֆիլմերը նպատակ են հետապնդում սերունդ դաստիարակելու, ես չեմ գնում գիտաֆանտաստիկ կամ սարսափ ֆիլմերի հետեւից, կամ էլ` պարապ-սարապ, հի-հի, հա-հա-ներ չեմ նկարում: Իմ ֆիլմերն ուղղված են սերունդ դաստիարակելուն, որովհետեւ գտնում եմ, որ այդ դաստիարակվող սերունդն է այս երկրի փրկությունը: Ժանտախտով, փտախտով ու սովետախտով հիվանդ սերունդը պիտի գնա, ու նոր սերունդը պիտի փրկի այս երկիրը: Կոռուպցիան մեր արյան մեջ է, դրա համար մեր սերունդը պիտի գնա, իսկ նոր սերնդին պետք է ճիշտ դաստիարակել: Իսկ այսօրվա այդ լկտիություններով, լպիրշություններով ու գոմիկություններով, չգիտեմ ինչ գենդերա-մենդերա օրենքներով, այս սերնդին փորձում են փչացնել, որովհետեւ գիտեն, որ նրանք են փրկելու այս երկիրը: Իսկ դրսի բոլոր ուժերը ուզում են այդ գենդերաստանով փչացնել այս սերունդը, ես էլ ուզում եմ` ճիշտ սերունդ մեծանա, որ այս երկիրը պահի: Իմ բոլոր ֆիլմերում այդ թեման է, այլ թեմա չեք տեսնի` «Բոյկոտը», «Կինը», «Անպետքը»` բոլորը հայապահպանման, ազգային շահեր հետապնդող ֆիլմեր են:
«ԵԹԵ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԻ, ԱՅԴ ՄԱՐԴՈՒ ՄՏՔՈՎ
ԳՈՒՑԵ ՉԱՆՑՆԻ ԻՐ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐՋ ՏԱԼ»
- Դուք նաեւ պարբերաբար ԶԼՄ-ներին եք կոչ անում, որքան քիչ լինեն ինքնասպանության մասին նյութեր, այնքան` քիչ կլինեն այդ դեպքերը:
- Այո, դա ուղիղ համեմատական է: Լրատվամիջոցները հիմնական մեղավորներն են` ինքնասպանությունների տարածման հարցում: Մի կոպիտ օրինակ բերեմ, ասենք` ծարավ, մեքենայով գնում ես, գուցե տասը տարի չմտածես «Կոկա-կոլայի» մասին, բայց ճանապարհին մի վահանակի վրա տեսնում ես սառը, քրտինքը վրան նկարած շիշը ու անպայման հաջորդ բենզալցակայանում մի հատ կգնես ու կխմես: Հիմա, ասենք, մարդ ճգնաժամային իրավիճակում է, մեկ էլ` լսում է, որ Կարապետը իրեն գցեց կամրջից, մտածում է, արա, դե երեւի, ճիշտը դա է, էլի... ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են, ու մարդիկ իրար հետեւից սկսում են գցվել կամրջից: Եթե չլուսաբանվի, այդ մարդու մտքով գուցե չանցնի, որ իր կյանքին վերջ տա: Դա տարիներով ու դարերով ապացուցված բան է, որքան գովազդի նման խոսվում է ինքնասպանության մասին, այնքան ինքնասպանությունները շատանում են, ինչը շատ մեծ վտանգ է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

