ԽՈԶԻ ԲՈՒԴՆ ՈՒ ԼՈԲԻՆ ԷԼ ՊԱԿԱՍ ՋՐԻ ՎԱՐՁ ՉԵՆ
Արխիվ 12-16ԽՈԶԻ ԲՈՒԴՆ ՈՒ ԼՈԲԻՆ ԷԼ ՊԱԿԱՍ ՋՐԻ ՎԱՐՁ ՉԵՆ
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն "Իրավունքի" հետ զրույցում հայտնեց, որ "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ից գրավոր ծանուցել են գյուղի բնակիչների մեծամասնությանըª վճարել ամիսներով, նույնիսկ տարիներով կուտակված ջրի վարձը: Հակառակ դեպքում բնակիչները դատարանի հետ գործ կունենան:ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է...
Գումարները, ըստ գյուղապետի, մեծ չափերի են հասնում. 100.000-ից մինչեւ 500.000 դրամ. "Իմ ձեռքին է Բաբայան Փիրուզային ուղարկված ծանուցումը, որտեղ տիկին Փիրուզան տուգանվել է 500.000 դրամով: Եթե տասը տարի առաջ ունենար անասնագոմ, հիսուն գլուխ անասուն, ջրաչափ, հաստատ 500.000 դրամի մասին խոսք չէր կարող լինել":
Պարոն Հովսեփյանի խոսքով` ինքը յոթ տարի շարունակ համոզում է "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ին` գյուղացիների բնակարաններում ջրաչափ տեղադրել, սակայն ապարդյուն: "Եթե ջրաչափերի տեղադրումից հետո գյուղացիները ջրի վարձը չեն վճարի, թող գան ինձնից տանեն այդ գումարը",- ասել է գյուղապետը "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի աշխատակիցներին: Ռ.Հովսեփյանի խոսքով` եթե որոշ գյուղացիներ էլ ունեն ջրաչափեր, դրանք թաղված են խոնավության մեջ. "Կնիքները փտում են խոնավությունից, ջրմուղի ներկայացուցիչը գալիս եւ գյուղացուն ասում է` կնիքը պոկել ես, քեզ պետք է տուգանենք":
Բացի այդ, գյուղապետի խոսքով` ջրի վարձի մեծ պարտքերի տակ հայտնված այգեշատցիների մոտ երեսուն տոկոսը երկար տարիներ գյուղում չի բնակվում. "Մարդ կա, որ քսան տարի գյուղում չի բնակվում, բայց տուգանվել է 400.000 դրամով":
Սակայն սա դեռ ամենը չէ: Գյուղապետի հավաստմամբª գրեթե ամեն ամիս Այգեշատ է գալիս ջրմուղի մի նոր տեսուչ, պահանջում գյուղացիներից ջրի վարձը, բայց այդ պահին կտրոն չի տրամադրում: Իսկ անվճարունակներին էլ "Հայջրմուղկոյուղու" ներկայացուցիչները "ուրույն" մոտեցում են ցուցաբերում. "Իմ գանձապահ Անահիտից տասը կգ լոբի են պահանջելª տուգանքը զրոյացնելու համար: Սակայն եղել է հակառակը. տուգանքը զրոյանալու փոխարեն ավելացել է: Դեպքեր են եղել, որ անգամ խոզի բուդ, պոմիդոր, վարունգ, բադրիջան են պահանջել":
Ի դեպ, այգեշատցիներին, այսպես ասած, վախեցնելու համար բնակիչներից մեկի գործը, Ռ. Հովսեփյանի տեղեկացմամբ, ջրմուղն ուղարկել է դատարան:
... ՋՐՄՈՒՂԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է
Սակայն "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ից դժգոհություններն այսքանով չեն սահմանափակվում. այդ ընկերության անգործության պատճառով քանդվում է Այգեշատի դպրոցի հիմքը, իսկ մի քանի փողոցներ ջրակոլոլ վիճակում են` գետնի տակ գտնվող խողովակների պայթելու պատճառով:
Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով "Իրավունքը" զրուցեց նաեւ "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի մամլո քարտուղար Ալեքսանդր Օհանյանի հետ: Վերջինիս խոսքով` ընկերությունը ոչինչ չի կարող անել, եթե գյուղացիները օգտագործել են ջուրն ու դրա դիմաց չեն վճարել: "Օրենքով` բնակիչը պարտավոր է ունենալ ջրաչափ, իսկ եթե չունի, ջրի վարձը հաշվարկվում է խողովակի կտրվածքով",- մանրամասնեց մամլո քարտուղարը:
Ինչ վերաբերում է գյուղապետի այն պնդումներին, թե տուգանվածների երեսուն տոկոսը գյուղում չի բնակվում, Ալեքսանդր Օհանյանի խոսքով` էդպիսի բան հնարավոր չէ. "Միգուցե հին պարտքն է: Շատ հնարավոր է` տուգանվածները տարիներ առաջ ապրել են Այգեշատում, ջուր են օգտագործել, կամ խախտում են արել, պարտքեր են կուտակել, հետագայում էլ գնացել են, օրինակ, Ռուսաստան: Ինչ վերաբերում է այն բողոքներին, թե գյուղացիները չգիտեն` ինչպիսի ջրաչափ գնեն, դա խնդիր չէ: Նրանք կարող են հանգիստ գնալ "Ջրմուղի" իրենց մասնաճյուղ եւ հետաքրքրվել, թե ինչպիսի ջրաչափ պետք է տեղադրեն":
Անդրադառնալով "Ջրմուղի" որոշ ներկայացուցիչների` գյուղացիներից կաշառք վերցնելու հայտարարությանը, պարոն Օհանյանը խնդրեց մեզ փաստ ներկայացնել, ոչ թե մեջբերել գյուղապետի հայտարարությունը: "Փաստեր հրապարակեք, մենք կոշտ ձեւով այդ հարցը կլուծենք",- վստահեցրեց մամլո քարտուղարը, ապա հորդորեց մեր քաղաքացիներին` ոչ մի տեսուչի առձեռն ջրի վարձի գումար չտալ: Բայց չէ՞ որ գյուղերում ընդունված կարգով մարդիկ տարիներ շարունակ միգուցեեւ վճարել են "Ջրմուղի" անունից պաշտոնապես ներկայացած տեսուչներին: Քանի՞ նման դեպքեր են բացահայտվել, երբ այս կամ այն ծառայությունների գծով տեսուչները պարզապես գրպանել են այդ փողերը: Եվ հիմա, ինչ է, մարդիկ պետք է երկրորդ անգա՞մ վճարեն: Չէ՞ որ, նախ պետք է պարզել, եւ եթե իրոք վճարել են, ու գումարները տեղ չեն հասել, ապա նախ պետք է գողերին պատժել ու ոչ թե մարդկանցից պահանջելª եւս մեկ անգամ փող տալ:
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Այգեշատի դպրոցի շենքի ու մի քանի փողոցների տակ գտնվող խողովակների պայթելուն ու ջրի արտահոսքին` ասաց, որ այս պահին այդ գյուղում ներքին ցանց է փոխվում. "Էջմիածնի "Հայջրմուղկոյուղու" շահագործման պետը վաղը կլինի Այգեշատում, կտեսնեն` ինչն է խնդիրը, կզեկուցեն ինձ, ես հանձնարարականներ կտամ: Ներքին ցանցի մոտ ութսուն տոկոսը փոխված է, մի քսան տոկոս բան է մնացել":
Իսկ գյուղացիների ջրի վարձի կուտակված պարտքերի խնդիրը, ըստ պրն Մանանդյանի, "Հայջրմուղկոյուղին" կքննարկի. "Եթե սխալներ են եղել, կուղղենք, իսկ եթե ճիշտ է հաշվարկը, պետք է վճարեն: Ովքեր չեն կարող միանգամից վճարել, պատրաստ ենք ժամանակացույց կազմել: Ջրաչափեր չունենալու հետ կապված էլ ասեմ, որ ովքեր ջրաչափ ունեն, հանձնարարել ենք դուրսը դնել, իսկ ովքեր չունեն, մեզ մոտից կգան ու կտանեն":
Իսկ ինչու մինչ այսօր ջրաչափեր չէր տրամադրվում գյուղացիներին` հարցին ի պատասխան` "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը պարզաբանեց, թե ջրաչափերի տրամադրման որոշում ու թույլտվություն կառավարությունը վերջերս է կայացրել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

