"ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ Է ԻՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ"
Արխիվ 12-16"ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ Է ԻՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ"
Նախօրեին ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին լսումներից հետո հիմնական զեկուցող հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանից փորձեցինք պարզել, թե ԵՏՄ-ին միանալովª ինչ ֆինանսական ռեսուրսներ է ստանալու Հայաստանը: Այս հարցը վերջերս էլի էր մտել շրջանառության մեջ, մինչեւ որ պատկան պաշտոնյաները պարզաբանեցին, որ դեռ իրականացվում են կոնկրետ ուսումնասիրություններ, որից հետո միայն հստակ թվային տվյալներ կհնչեն:Եվ ահա ի պատասխան մեր հարցին, պարոն Կարայանը նշեց. "ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետությունների միջեւ: Հայաստանի Հանրապետության մասով հաշվարկված է եւ համաձայնագրով ամրագրված է, որ մեր երկիրը ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծված ապրանքների գանձվող մաքսատուրքերից կստանա 1,13% մասնաբաժին: Այսինքն, երբ համաձայնագիրը հունվարից ուժի մեջ մտնի, Հայաստանին բաժին հասնող մաքսատուրքերը կհաշվարկվեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից":
Իր հերթին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով շահարկվող այն հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կպահպանի՞ ազատ առեւտրի ռեժիմը հարեւան Վրաստանի հետ, նշեց. "Դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամª Հայաստանը պահպանելու է ազատ առեւտրի ռեժիմը Վրաստանի հետ: Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք ուշադրություն ենք դարձրել այն բանի վրա, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ մենք վտանգի տակ չդնենք հարեւան Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմը: Սա մեզ համար շատ կարեւոր հարց էր եւ մեզ հաջողվեց արդյունքի հասնել ու Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առեւտրական բարձր մակարդակի հարաբերությունները: Հայաստանը պահպանելու է իր բարձր մակարդակի առեւտրական հարաբերությունները նաեւ հարեւան Իրանի հետ, քանի որ այս ուղղությամբ եւս մենք ունենք որոշակի արտոնյալ պայմաններ: Եվ, առհասարակ, մեզ հաջողվեց ֆիքսել, որ այն պայմանագրերը, որոնք մենք ստորագրել ենք մինչեւ 2011-ի հունվարի 1-ը, կշարունակեն գործել: Մենք ամեն ինչ արել ենք, որ ԵՏՄ-ին անդամակցումը չվտանգի մեր հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ:
Ի դեպ, հաշվի առնելով արտոնությունների, բացառումների մեծ ծավալը, մեր գործընկերներն առաջարկում էին, որ մինչեւ 2016-ի փետրվարի 10-ը մենք ընդամենը լինեինք դիտորդի կարգավիճակում: Բանն այն է, որ կա Եվրասիական բարձրագույն խորհուրդ, կա հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ: Այդտեղ ամեն երկիր ներկայացված է մեկ անդամով, որոշումները կայացվում են ձայների 1/3-րդով: Մեզ առաջարկում էին մինչեւ 2016-ը լինենք ընդամենը դիտորդ, որովհետեւ ԵՏՄ-ի ներկայիս կոլեգիայի անդամների` նախարարների պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարի 10-ին: Իրենք ասում էին, որ իրենց մոտ կարգ է, նշանակվում են եւ չեն հեռացվում մինչեւ ժամկետի ավարտը: Սակայն հասանք նրան, որ ունենալու ենք մենք 3 անդամ, բայց այդ երեք անդամներն ունենալու են 1 ձայն: ՀՀ անդամակցությունից հետո ընդհանուրը 10 ձայն է դառնում, որոշումը կայացվում է 7-ով: Եվ մեր այդ մեկ ձայնը շատ կարեւոր է, քանի որ ցանկացած երկու պետությունն չեն կարող առանց Հայաստանի որոշում կայացնել":
Իսկ ահա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ ապրանքների այն ցանկին, որոնց մասով անցումային ժամանակահատվածի համար պահպանվելու են Հայաստանում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերը. "Գործարար շրջանակի հետ քննարկվել ու հաստատվել է առաջին անհրաժեշտության զգայուն ապրանքների ցանկը, որի նկատմամբ որոշակի ժամանակահատվածում պետք է պահպանվեն ՀՀ-ում գործող ներմուծման մաքսատուրքերը: Ցանկում ընդգրկվել են սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքներ, արդյունաբերության համար հումք հանդիսացող պարագաներ, էներգակիրներ, մեքենաներ, դեղորայք: Մաքսատուրքերի փոփոխման անցումային ժամանակահատված է լինելու 752 ապրանքների համար: Պայմանագրով մի շարք ապրանքների համար նախատեսվում են մաքսատուրքերի վճարման մասով զրո տոկոս դրույքաչափի կիրառման արտոնություններ:
Միեւնույն ժամանակ այդ անցումային հատվածում Հայաստանում գործող համապատասխանության գնահատականի մարմնի կողմից տրված սերտիֆիկատը հիմք կհանդիսանա մեր արտադրանքը ԵՏՄ-ում իրացնելու համար: Ուզում եմ նշել նաեւ, որ 26 ապրանքախմբերի ներմուծումն ու արտահանումը սահմանափակված են ոչ սակագնային կարգավորման միջոցներով":
ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված որեւէ մտահոգություն չի տեսնում. "Ընդհակառակը, այստեղ մենք միայն ձեռքբերումներ ունենք: Հիմնական ձեռքբերումն այն է, որ այստեղ մենք գնում ենք մի այնպիսի միասնական տնտեսական միություն, որը ենթադրում է տնտեսական ջանքերի, տնտեսական ռեսուրսների մեկտեղում, ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ: Սա լրացուցիչ հնարավորություն է հատկապես Հայաստանի համար":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

