ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԿԱՆՉԵ՞Ն ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Հայտնի աղմկահարույց օֆշորային գործով այս պահին հաշվապահական, հարկային առումով փորձաքննություններ են ընթանում: "Դե վերջը Աշոտ Սուքիասյանին է պատկանել "Ձորաղբյուրը", ըստ այդմ ստուգվում է նաեւ իր տնտեսական գործունեությունը",- ասաց օֆշորային սկանդալի գլխավոր հերոս ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պաշտպան ՅՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: -Իսկ նոր առերեսումներ սպասվո՞ւմ են սույն գործի շրջանակներում:
- Իհարկե, առերեսումներ էլի որոշ անձանց հետ կլինեն, բայց թե` երբ կամ ում հետ, դա քննիչն է որոշում, ես չեմ կարող ասել: - Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ գործի շրջանակներում հարցաքննվի նաեւ նախկին վարչապետը, քանի որ գործարար Փ. Հայրապետյանը նման դիմում-խնդրանքով դիմել է դատախազին: - Հայրապետյանը չգիտեմ ինչ է ասում, բայց դա քննիչն է որոշում, թե ում կանչելու անհրաժեշտություն կա: Եթե կարիք լինիª կկանչի, եթե ոչ` ոչ: Թե չէ, Հայրապետյանի ցանկություններով լիներ, հիմա շատ բաներ կարող էին լինել: Հետո, եթե իմ պաշտպանյալը նշում է, որ էդ անձինք տեղյակ չեն եղել, որ իրենց ստորագրությունները նմանեցվել են, այդ դեպքում էդ անձանց որպես ի՞նչ հարցաքննեն: Իսկ ահա սնանկացման եզրին հայտնված գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործից որեւէ նորություն չկա, սակայն դա "Ամերիաբանկին" չի խանգարում ժամ առ ժամ վաճառքի հանել իր ունեցվածքը. - Դեռ գործը նախաքննության փուլում է, դեռ հայտնի չէ, թե ինչ ընթացք կստանա, հիմա էլ "Ամերիաբանկը" չնչին գներով վաճառքի է հանել սեփական առանձնատունս, Ջերմուկում գտնվող մարզամշակութային համալիրը, Ծովազարդի "Հայրապետ" հանգստյան տունը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը: Ու դեռ կշարունակվի այս ցանկը, խղճի խայթ անգամ չեն զգում: Իրենց թվում է, ոնց որ իմ ունեցվածքը երկնքից է իջել, իրենց պես ես էլ եմ հեշտությամբ այն տարիների ընթացքում վաստակել: Ապօրինի կերպով իմ ձեռքից խլում ու վաճառքի են դնում իմ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերածը: