ՆԱՐԿՈԲԱՐՈՆՆԵՐՆ ԷԼԻ՞ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ՊԱՏԺԻՑ
Արխիվ 12-16ՆԱՐԿՈԲԱՐՈՆՆԵՐՆ ԷԼԻ՞ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ՊԱՏԺԻՑ
Քրեական այս գործից պետք է գալ երկու կարեւոր եզրակացության. Հայաստանը փորձում են դարձնել նարկոբիզնեսի համար տարանցիկ վայր եւ Հայաստանը պատրաստ չէ դրան արդյունավետ դիմակայելուն: Եթե իրավապահ որեւէ պաշտոնյա չհամաձայնի այդ իրողության հետ, թող առարկայական հերքի լրագրողական հետաքննությամբ բացահայտված հետեւյալ "օպերատիվ-քննչական" գործողությունների անհեթեթությունը...ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ
2014 թվականի փետրվարի 23-ին, ժ. 16:00-ի սահմաններում "Զվարթնոց" օդանավակայանում Դոմինիկյան Հանրապետությունից Երեւան ժամանած Իտալիայի քաղաքացի Վալերիանո Դի Սիմոնեին էին մոտեցել իրավապահները եւ ուղեկցել նրան իրենց աշխատասենյակ: Թարգմանչի եւ ընթերակաների ներկայությամբ իտալացու բեռի մեջ հայտնաբերվել էր շուրջ 3 կգ կոկաին: Մաքսանենգը, ըստ իրավապահների եւ դատավճռի, իրեն սարուձոր չէր գցել, խոստովանել էր արարքը, ընդունել էր մեղքն ու զղջացել կատարածի համար:
Դե ինչ, կեցցեն մեր աչալուրջ իրավապահները, ավելի ճիշտª մաքսավորները: Նկատի ունենք, որ այս դեպքի առնչությամբ հետագայում տեղի ունեցած դատական գործի ընթացքում անգամ գործնականում հայտնի չդարձավ, թե ինչից ելնելով էին մաքսատանը կասկածել իտալացուն, ստուգել եւ գտել կոկաինը: Իսկ դա ակնարկ է այն մասին, որ թմրանյութը գտել են ոչ թե նախօրոք ստացած օպերատիվ տվյալների, այլ մաքսավորների աչալրջության արդյունքում: Ասենքª դրա նախատիպն էլ կա. ընթերցողները հիշում են, որ այս տարեսկզբին Մեղրիի մաքսակետում արձանագրվեց հերոինի հսկայականª մոտ մեկ տոննանոց խմբաքանակ Հայաստան անցկացնելու փորձ: Այդ օրերին անգամ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրեց, որ թմրանյութի այդ ահռելի խմբաքանակը հայտնաբերվել է ոչ թե օպերատիվ տվյալների միջոցով, այլ բացառապես. "Շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների":
Մի փոքր էլ թեմայից շեղվելով` հիշեցնենք, որ թեեւ այդ գործով էլ կային ձերբակալվածներ, սակայն հետագայում գրեթե ձայն-ծպտուն չհնչեց, թե ովքեր էին կազմակերպիչները, ում էր պատկանում այդ հերոինը եւ այլն: Մինչդեռ, կրկնում ենք, խոսքն անգամ աշխարհի մասշտաբի այնպիսի մեծ խմբաքանակի մասին էր, որի շուրջ մինչեւ իսկ միջազգային հնչեղության դատավարություն պետք է լիներ: Առավել եւս, որ գործով ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներ էին:
Ուրեմն ինչո՞ւ ենք կարեւորում, թե ինչպես այդ, այնպես էլª "Զվարթնոց" օդանավակայանի դեպքում ովքեր եւ ինչպես են հայտնաբերել թմրանյութի այդ մեծ խմբաքանակները: Եթե միայն մաքսավորները, ապա նրանց արածը գնահատելով հանդերձª տանք այն հարցը, թե այդ դեպքում ինչո՞վ են զբաղված այն մարմինները, որոնց անմիջական գործն է թմրաբիզնեսի դեմ պայքարը: Լավ, ասենք մաքսավորները մի քանի անգամ "հոտառությամբ" գտան թմրանյութը: Բայց չէ՞ որ ակնհայտ է. եթե դեպի Հայաստան նման խոշոր խմբաքանակներ են ուղղորդվում, ապա դա վկայում է, որ սա արդեն փորձված երթուղի է. ո՞ր խելքը գլխին թմրաբարոնը անփորձ ուղիներով կիլոգրամներով, ավելինª տոննայով կոկաին ու հերոին կուղարկեր:
Բացի այդ, որ երթուղին համեմատաբար անվտանգ է, ցույց է տալիս նաեւ այն, թե ինչ է լինում հայտնաբերված թմրանյութերի գործերի ճակատագիրը: Հերոինի գործով, նշեցինք, որ ձայն ու ծպտուն այդպես էլ չկա:
Իսկ ահա կոկաինի գործի հետագան սա էր...
ԴԻ ՍԻՄՈՆԵՆ ՀՈՒՇՈՒՄ Է
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՆՐԱՆՑ ԱՆԵԼԻՔԸ
Իտալացու հայաստանյան "արկածներին" սկիզբ էր դրվել 2014-ի հունվարի սկզբներին: Իր պատմելովª Դոմինիկյան Հանրապետությունում Դի Սիմենոն պատահաբար ծանոթացել էր Կառլոս անունով անձնավորության հետ: Կառլոսը առաջարկել էր նրան Հայաստան տեղափոխել կոկաին թմրամիջոց, որի դիմաց առաջարկել էր Հայաստանում վճարել 18000 ԱՄՆ դոլար: Առաջարկն ընդունվել էր. 42-ամյա իտալացուն գումար էր անհրաժեշտ` լյարդը վիրահատելու համար: Դի Սիմոնեն նկարագրել էր Կառլոսին, հայտնել նրա հեռախոսահամարը եւ հայտնել օպերատիվ գործողություններ սկսելու համար հետեւյալ փաստերը. "2014 թվականի փետրվարի 22-ին, թռիչքից մոտ 3 ժամ առաջ Կառլոսն ինձ տվել էր ճամպրուկը, որում թաքցված է եղել կոկաինը: Տրամադրվել է նաեւ Երեւանում իմ անվամբ ամրագրված "Դելյուքս" հյուրանոցի տվյալները, "Մոտոռոլա V315" մոդելի հեռախոս, որպեսզի մինչ թռիչքս տեղեկանան առանց խնդիրների օդանավ նստելու մասին: Բացի այդ` Կառլոսն ասել էր, որ Երեւանի օդանավակայանից ես պետք է հյուրանոց ողեւորվեմ տաքսի ավտոմեքենայով, որտեղից պետք է զանգեմ եւ հայտնեմ տեղավորվելուս մասին, որից հետո` 2 կամ 3 օր անց, ինձ հյուրանոցում այցելելու է ազգությամբ դոմինիկացի անձը, որին ես պետք է հանձնեմ կոկաինը եւ ստանամ խոստացած 18000 ԱՄՆ դոլարը: Կառլոսը հայտնել էր նաեւ, որ դոմինիկացին կոկաինը պետք է տեղափոխի Թուրքիա...":
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ
ԱՆՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Թեկուզեւ պատահաբար, սակայն Դի Սիմոնեն կալանավորվել էր օդանավից իջնելուն պես, այսինքնª նրա գործընկերներն այդ մասին պատկերացում անգամ չունեին: Համենայնդեպսª անգամ "Դելյուքս" հյուրանոցային համալիրի գիշերային հերթափոխի ադմինիստրատորի տվյալներն են վկայում այդ մասին. "2014 թվականի փետրվարի 23-ին հյուրանոցի համարներից մեկը ամրագրված է եղել Վալերիանո Դի Սիմոնեի անվամբ: Այդ օրը, գիշերը ժամը 2-ի սահմաններում հյուրանոցի 010-27-77-10 հեռախոսահամարին զանգահարել էր մի կին եւ խոսելով անգլերեն լեզվով, հարցրել, թե Վալերիանո Դի Սիմոնե տվյալներով անձը եկե՞լ է հյուրանոց, թե` ոչ":
Այսինքնª կամա, թե ակամա, ստեղծվել էր մի իրավիճակ, որն իսկական նվեր կլիներ թմրանյութերի դեմ պայքարող ցանկացած կառույցի համար:
Նույնիսկ նման գործերից քիչ պատկերացում ունեցող ընթերցողին ուղղենք նման հարց. "Ունենալով վերը նշված տեղեկություններըª դուք չէի՞ք փորձի արդյոք բացահայտել Կառլոսին եւ Հայաստան-Թուրքիա "տնտեսական կապեր" հաստատած դոմինիկացուն կամ անգլախոս կնոջը": Առավելեւս, որ եթե Կառլոսին հայտնաբերելու համար անհրաժեշտ էր միջազգային համապատասխան կառույցների միջամտությունը, ապա Դի Սիմոնեի այցելուին բռնելու համար բավարար էր ընդամենը համագործակցել Դի Սիմոնեի հետ: Ավելին, "գիշերը ժամը 2-ի սահմաններում", երբ այդ կինը զանգահարում էր հյուրանոցª իտալացուց տվյալներ ստանալու համար, այդ զանգը պետք է ընդունեին համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Իսկ դրանից հետո արդեն թմրանյութի այդ բավականին խոշոր խմբաքանակի հայաստանյան հասցեատիրոջը հայտնաբերելն առանձնակի բարդ գործ չէր կարող լինել:
Արվել է դա, թե ոչª հայտնի չէ: Սակայն փաստն այն է, որ Վալերիանո Դի Սիմոնեն մենակ էր կանգնել հայաստանյան առաջին ատյանի դատարանի առաջ եւ վերջում էլ ստացավ Հայաստանում 12 տարով "բնակվելու իրավունք": Կալանավայրում...
Իսկ թե ինչու է այնպես ստացվում, որ չնայած կիլոգրամներով եւ տոննայով թմրանյութերի հայտնաբերմանը, այդպես էլ դրանց հետ կապված, բացի մանր կատարողներից, որեւէ խոշոր շնաձկան անուն չհնչեց, հուսանք, որ կբացատրեն մեր պատկան ատյանները:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

