ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
"Կլինի, անպայման հանրահավաք կլինի ու կլինի նախորդ 2 հանրահավաքներից շատ ավելի հուժկու: Ես չեմ կարծում, որ հերթականի է տանում մեր գործընթացը: Մարդիկ իշխանափոխություն են ուզում": Ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդպես արտահայտվել: Լեւոն Զուրաբյա՞նը, Ռուբիկ Հակոբյա՞նը, կամ միգուցե Վարդան Օսկանյա՞նը: Ոչ, այդպես է արտահայտվել Հայաստանի ամենահարուստ պատգամավորներից մեկը` օլիգարխ, ԲՀԿ խմբակցության անդամ ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Երբ իշխանափոխություն ուզում են չքավոր կամ միջին կենսամակարդակ ունեցող մարդիկ, հասկանալի է, թե ինչու` նրանք հույս ունեն բարձրացնել սեփական կենսամակարդակը:
Բայց, գրողը տանի, գերհարուստ մարդու ինչի՞ն է պետք իշխանափոխությունը: Զարմանալի է, տվյալ դեպքում կա՛մ տրամաբանության հետ խնդիրներ կան, կա՛մ գործ ունենք գերագահության դրսեւորման հետ` գերհարուստն իշխանափոխություն է ուզում, որ էլ ավելի արդյունավետ բոլոր հյութերը քամի չքավոր եւ միջին խավերից: Իսկ մեկ այլ պատգամավոր` Սյունիքում Մաքսիմ Հակոբյանի ընտանիքի աջակցությամբ մանդատ ստացած ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, պարզվում է, զարմանալիորեն պատրաստ է այդ մանդատը փոխարինել այլ կարգավիճակի հետ: Սկզբում նա ասում է. "Եթե ինձ մի նախարարի պորտֆել տան", այնուհետ` "Նախարարի պորտֆելը կարող է շատ լինի, մի կոմիտեի, մի ծառայության...", վերջում էլ ասում է "էնքան, որ մի բան ինձ առաջարկեն": Դա զարմանալիորեն վկայում է, որ այդ մարդու տեղը խորհրդարանը չէ, եւ նա հասկացել է, որ օրենսդիր աշխատանքը իր խելքի բանը չէ, ուստի պատրաստ է հրաժարվել մանդատից, եթե "մի բան առաջարկեն": Դե, ինչ ասես, թեեւ պառլամենտարիզմի ինստիտուտը դարեր շարունակ ենթադրում է պարապ, շատախոս արտոնյալների առկայությունը, բայց հո չի նշանակում, որ մանդատ պետք է ստանա նա, ով պատրաստ է այդ մանդատը փոխարինել, ասենք` ժէկի պետի բազկաթոռով:
Հիմա որ մի պարապ պպզող-թքող Վալոդ Անբանյանին էլ հարցնես, կասի, որ երազում է ապրել Ամերիկայում: Սակայն ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ բախտը վերջերս չի բերում: Մեկ` իր նախընտրական արշավը ֆինանսավորող մտերիմ թիմակցին են կալանավորում` մանկապիղծ համասեռամոլ լինելու համար, մեկ` նրա դասընկերուհին է հրապարակավ բերանը բացում եւ պատմում, որ ավագ դպրոցում սովորելու ժամանակ Բարաքը հակում ուներ դեպի թմրանյութերը, իսկ դրանք հայթայթելու նպատակով սեռական կապի մեջ էր մտնում հարուստ սպիտակամորթ տղամարդկանց հետ: Հիմա ասացեք, հայեր, որեւէ մեկը ցանկություն ունի՞ ունենալ այդպիսի նախագահ: Ինչեւէ, հիշատակենք Օբամայի եւս մեկ դժբախտությունը` Ֆերգյուսոն քաղաքի կատաղի անկարգությունները: Երեւի թե արժե կշտամբել մեր ԱԳՆ-ին, որ կոչ չի անում ջարդարարներին ու ոստիկանությանը զսպվածություն դրսեւորել եւ չսրել իրավիճակը, իսկ ամերիկյան ոստիկաններին` անհամաչափ ուժ չկիրառել:
Թեեւ ամերիկացիներից շատ-շատերը տառապում են ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ, սակայն զարմանալի արդյունավետ միջոց են գտել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները: Այնտեղ չեն զբաղվում հրաշք դիետաներ կամ հրաշք դեղահաբեր որոնելով, չեն նկարահանում ապուշ սոցիալական հոլովակներ, այլ այդ նույն գումարները շատ ավելի արդյունավետ են օգտագործում: Ավելորդ քաշ ունեցող ցանկացած ոք կարող է ցուցակագրվել մրցումների, եւ ամեն մի պակասած կիլոգրամի դիմաց ստանալ 2 գրամ ոսկի: Դե ինչ, լավ էլ խթանիչ է, բոլոր հրաշք միջոցներից էլ լավ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

