Վ. ՊՈՒՏԻՆԸ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԵՐՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳ
Արխիվ 12-16Վ. ՊՈՒՏԻՆԸ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԵՐՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳ
ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում վերսկսվել են բողոքի ցույցերը: Այս ամենի պատճառը Ֆերգյուսոն քաղաքում օգոստոսին սպիտակամորթ ոստիկանի կողմից 18-ամյա սեւամորթ երիտասարդի սպանությունն էր: Դեպքից շատ չանցած` սկիզբ առած լայնածավալ բողոքի ակցիաներն այն ժամանակ հաջողվեց հանդարտացնել Ազգային գվարդիայի միջոցով, չնայած ավելի շատ իր դերը խաղաց այն, որ բողոքավորները որոշեցին սպասել արդարադատությանը: Եվ ահա ամերիկյան արդարադատությունն էլ նախօրեին հայտարարեց, թե ձեռքերը վեր բարձրացրած սեւամորթ պատանու վրա վեց անգամ կրակելովª սպիտակամորթ ոստիկանը գործել է օրենքի շրջանակներում:
ՌՈՒՍ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Բայց այն, որ ոստիկանին արդարացնող ամերիկյան արդարադատության այդ հույժ "դեմոկրատական" քայլը հատկապես սեւամորթների մոտ բողոքի պայթյուն պետք է առաջացներ, անգամ նախագահ Օբաման չէր կասկածում, քանի որ վերջինս մինչ դատական որոշման հրապարակումն էր բողոքավորներին հորդորելª չափը չանցնել: Եվ այն, որ իր այդ հորդորներով Օբաման սեւերես դարձավ անգամ իր հարազատ սեւամորթների համար, վկայում է այն, որ սկսված բողոքները աստիճանաբար ոստիկանության հետ իսկական պատերազմի բնույթ են ստանում: Իհարկեª դա ուկրաինական եւ այն "դեմոկրատացած" երկրների օրինակով ԱՄՆ-ում էլ պետական հեղաշրջումներով չի ավարտվի. մեկ-երկու օր եւ բողոքավոր զանգվածներին տեղը-տեղին "կբացատրեն", որ նման "հակադեմոկրատական" ելույթները վայել չեն ԱՄՆ-ին: Դա, հասկանալի է, կդառնա երկակի ստանդարտների կիրառման եւս մեկ ապացույց: Բայց այսօր աշխարհում ո՞ւմ կզարմացնես ամերիկյան երկակի ստանդարտներով:
Ի դեպ, հենց նույն պահին, երբ Վաշինգտոնը տեղը-տեղին քոթակում է իր սեփական ցուցարարներին, Սպիտակ տունը երկակի ստանդարտների մեկ փաստ էլ ի ցույց դրեց: Խոսքն Աբխազիայի մասին է, որը, ի տարբերություն Կոսովոյի, Վաշինգտոնի կարծիքով ինքնորոշման որեւէ իրավունք չունի: Իսկ դրանից հետո, իհարկե, միանգամից անհանդուրժելի է դառնում այն, որ աբխազները հանդգնում են պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ: Առավել եւս, որ խոսքը "Դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին" համաձայնագրի մասին է, որը մասնավորապես նախատեսում է պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծման եւ ընդդեմ արտաքին ագրեսիայի ընդհանուր դիմակայության գաղափար:
Մի խոսքովª արեւմտյան արձագանքը բավականին կոշտ էր, ինչն զգացվում է նաեւ այն փաստից, որ եթե օրեր առաջ պաշտոնական Թբիլիսին գերադասում էր իր դժգոհությունն արտահայտել միայն քաղաքական հայտարարությունների միջոցով, ապա Վաշինգտոնի եւ դրան հաջորդած եվրոպական մի շարք ամերիկյան կամակատարների կոշտ արձագանքից հետո սկսեց խոսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու մասին:
Այլ հարց է, թե ինչու է Արեւմուտքն այդքան հուզվել, չէ՞ որ մինչ այս էլ Աբխազիայում այդ փաստացի իրավիճակն էր. հենց Ռուսաստանն էր իր վրա է վերցրել ցանկացած ագրեսիայի դեպքում Աբխազիան պաշտպանելու պարտավորությունը: Այդ առումով նոր պայմանագիրը Վաշինգտոնին պետք է, որ առանձնապես չհետաքրքրեր: Բայց մյուս կողմից էլ այն հայտարարությունները, որոնք հնչեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ն իր համար կարող է վտանգավոր համարել: Բանն այն է, որ ՌԴ նախագահը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպումից հետո ի թիվս այլ թեմաների, նաեւ հայտարարեց. "Հնարավոր ենք համարում միասին մտածել եւ ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը": Ընդ որում, որ այդ միտքն ամենեւին էլ պատահաբար չէր առաջացել, վկայում է այն փաստը, որ օրեր առաջ այդ մասին խոսել էր նաեւ Հաջիմբան` հայտարարելով, որ Աբխազիան համաձայն է դեպի Վրաստան տանող երկաթուղու վերագործարկման հետ:
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀՈՒԶՎԵԼ
Ի դեպ, աբխազական երկաթուղու վերագործարկման հարցի հետ կապված կար մեկ հետաքրքիր նյուանս, որը ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք: Խոսքը մեր միանգամայն արժանահավատ եւ տեղեկացված աղբյուրի այն պնդման մասին է, որ մինչ աբխազական իշխանափոխությունըª հենց Աբխազիայի հին վարչակազմն էր Թուրքիայի ազդեցությամբ արգելակում երկաթուղու վերագործարկման ծրագիրը, եւ ոչ թե Վրաստանը, ինչպես որ ընդունված է մտածել: Իսկ դրա հետ մեկտեղ էլ այն, որ ՌԴ-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու ռազմավարական նշանակությունը գնալով աճում է նաեւ Ռուսաստանի համար, վկայում են թեկուզեւ այն պարզ իրողությունները, որ Մերձավոր Արեւելքը բառացիորեն եռում է, եւ այդ իրավիճակին համարժեք արձագանքներ տալու համար Ռուսաստանի համար շատ կարեւոր է դարձել իր հայաստանյան ռազմաբազայի հետ երկաթուղային կապ ունենալը: Ինչքանով էր աբխազական իշխանափոխությունը կապված այս իրավիճակի հետ, ժամանակը ցույց կտա: Սակայն այդ իշխանափոխության ժամանակահատվածում առիթ ունեցել էինք ենթադրություն ներկայացնել, որ դրանից շատ չանցած` աբխազական երկաթուղու վերագործարկման թեման կմտնի օրակարգ: Եվ ահա ՌԴ նախագահի հիշատակած հայտարարությունը նշանակում է, որ երկաթուղու հարցն արդեն իսկ դիտարկվում է որպես կարեւոր օրակարգային խնդիր:
Սակայն հարցին մոտենանք նաեւ մյուս կողմից. վերջին օրերին Իրանը եւս չթաքցված շահագրգռվածությամբ է խոսում մեկ այլ նախագծիª Իրան-Հայաստան երկաթուղու մասին: Այսինքն, թե հարավկովկասյան տարածաշրջանում ինչ աշխարհաքաղաքական պատկեր կձեւավորվի, եթե Ռուսաստանը հնարավորություն ստանա Աբխազիա-Վրաստան-Հայաստան ուղղությամբ կապվել Իրանի հետ, դժվար չէ պատկերացնել: Համենայնդեպս այն, որ այդ երկաթուղին կվերածվեր հարավկովկասյան տարածաշրջանով ԱՄՆ-ի շարժը դեպի Կենտրոնական Ասիա կանխող արգելապատնեշի, միանշանակ է: Եվ եթե դրան ավելացնում ենք նաեւ այն, որ ներկայումս Ռուսաստանն ու Իրանը վերջապես սկսում են բավականին լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք առանցքային ռազմավարական հարցերի շուրջ, իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին է սկսում աստիճանաբար տապալված համարել Իրանի հետ հաշտեցման ծրագրերը, վկայում է, որ հարավկովկասյան տարածաշրջանով հյուսիս-հարավ ուղղությամբ նման բաժանարար գծի ստեղծման ծրագրերը մտել են ձեւավորման փուլ: Եվ այն կետերը, որտեղ ԱՄՆ-ը դեռ կարող է կանգնեցնել այդ գործընթացը, Ադրբեջանն ու Վրաստանն են: Սակայն առաջին դեպքումª Ադրբեջանի միջոցով կովկասյան տարածաշրջանումª Ղարաբաղում նոր պայթյուն առաջացնելը քանիցս ձախողվեց: Ուրեմն մնում է, որ վրացիները դեմ գնան աբխազական երկաթուղուն, եւ ահա այն տպավորությունն է, որ հենց դրան էլ միտված է ՌԴ-Աբխազիա հիշատակված պայմանագրի շուրջ Վաշինգտոնի սարքած հիստերիան:
Այսպիսովª կարեւոր է դառնում, թե Թբիլիսին ինչքանո՞վ ընդառաջ կգնա այդ խաղին: Մի կողմից աբխազական թեման, ինչ խոսք, հարվածում է վրացական ինքնասիրությանը: Բայց մյուս կողմից էլª ժամանակին Սահակաշվիլին աբխազական եւ հարավօսեթական խնդիրների շուրջ մինչեւ վերջ սրեց Մոսկվայի հետ հարաբերությունները, իսկ միակ բանը, որին հասավ, դա ՌԴ-ի կողմից վրացական ապրանքների մուտքի արգելափակումն էր, որից հետո արեւմտյան շուկաներում Վրաստանն այդպես էլ տեղ չստացավ: Ասենքª այս իրավիճակն ով ավելի լավ գիտի, եթե ոչ վրացական ներկայիս վարչակարգը, որը, ի դեպ, Սահակաշվիլուց իշխանությունը վերցրեց հենց ռուսների հետ հարաբերությունները բարելավելու խոստումներով: Այսինքնª Թբիլիսին արդեն մեկ անգամ մտել է ծայրահեղ հակառուսականության ջուրը եւ հազիվ թե անցած այդ ճանապարհը նրան նորից եվրոպական դրախտի տեսքով պատկերվի:
Բայց մյուս կողմից էլª ի վերջո ԱՄՆ-ն է սարքում նոր խաղը, այսինքնª պետք է ինչ-որ կերպ դրա մեջ մտնել: Այսինքնª կարելի է պահանջել ռուս-աբխազական պայմանագիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել, թեեւ էս գլխից էլ պարզ է, որ դա որեւէ բան չի տալու, թեկուզեւ այն պատճառով, որ ԱԽ-ում ռուսներն ունեն վետոյի իրավունք: Սակայն արդեն դրանից հետո, երբ խոսակցությունն անցնում է երկաթուղուն, Թբիլիսին շատ ավելի մեղմ է: Ասենք` ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլու այս արտահայտության տեսքով. "Երկաթուղու վերագործարկման որոշումը կընդունվի միայն Վրաստանի շահերը հաշվի առնելով, եւ ոչ մեկը չի կարող մեզ թելադրել իր պայմանները":
Իսկ ո՞վ է թելադրում: Կամª Վրաստանում էլ է շատ տարածված այն կարծիքը, որ աբխազական երկաթուղու վերագործարկումը մեծապես օգուտ է իրենց տնտեսությանը: Այնպես որª վրացական ԱԳ նախարարի երկու նախապայմանն էլ էս գլխից ապահովված է: Միայն թե, հասկանալի է, մի փոքր ժամանակ է պետք պայմանագրի հետ կապված այս արեւմտյան աղմուկ-աղաղակը հանդարտացնելու համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

