ԻՄՊԻՉՄԵՆՏԸ ՔՈ ՊԻՉՄԵՆՏԻՆ ՎՆԱՍ ՉԻ՞

Արխիվ 12-16

ԻՄՊԻՉՄԵՆՏԸ ՔՈ ՊԻՉՄԵՆՏԻՆ ՎՆԱՍ ՉԻ՞


Դարեր շարունակ որեւէ անխուսափելի բանի մասին խոսելիս` ասում էինք` անխուսափելի է ճակատագրի պես: Իսկ ՀՀ ներքաղաքական գործընթացները նկարագրելիս` այժմ, թերեւս, կարելի է ասել` անխուսափելի է ԵՏՄ-ի պես: Դա, բնականաբար, հասկանում են բոլորը, ու բացառություն չեն նաեւ ամենամոլի արեւմտամետները: Եվ պատահական չէ, որ, օրինակ, ամենաօդիոզ ռուսատյացի` քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի մոտ այժմ դիտարկվում է հրապարակային հիսթերիա: Վերջինս արդեն անիմաստ ու անպատվաբեր է անվանել ԵՏՄ-ի վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում, եւ նրա հոգու անդորրը այդ աստիճանի խաթարվել է ԱԺ-ում ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված խորհրդարանական լսումներից:



ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
"ՌՈՒՍԱԿԱՆ" ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ


Պարզ է, որ Երեւանում Մայդան կազմակերպելը դարձել է սոսկ անիրագործելի երազանք:  Ավելին, աշխարհով մեկ մայդաններ կազմակերպող ԱՄՆ-ն այժմ, կարծես թե, Մայդանի փայ է դառնում` փոքրիկ Ֆերգյուսոն քաղաքը, ուր երդվյալ ատենակալները դատարանում անմեղ են ճանաչել սեւամորթ պատանուն գնդակահարած ոստիկանին, ընկղմվել է այնպիսի ուժգին անկարգությունների մեջ, որ թերեւս Կիեւի Մայդանի կազմակերպիչները նախանձից կկանաչեն: Եվ հանրային հուզումները ծավալվելու միտում ունեն` ի համերաշխություն Ֆերգյուսոնի` ըմբոստության ցույցեր են տեղի ունեցել Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ Չիկագոյում, իսկ Սիեթլում բանը հասել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ագրեսիվ բախումների: Եվ իրավիճակը չի լիցքաթափվում այն հանգամանքով, որ ինքը` ԱՄՆ նախագահը սեւամորթ է: Ու ընդհանրապես, նոր ֆերգյուսոնների բռնկումն ընդամենը ժամանակի խնդիր է:
Բայց գլուխը քարը, թե ինչ է գալիս ամերիկացիների գլխին: Առավել հետաքրքիր է մեր երկրի քաղաքական պատկերը: Իսկ մեզանում արդեն, թերեւս, անվիճելի փաստացի իրողություն է, որ "եռյակի" փոխարեն առկա է դուետ: Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանազատվել է ԲՀԿ-ից եւ ՀԱԿ-ից` խոսելով ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ լինելու մասին, եւ արդեն չի էլ թաքցնում, որ "եռյակին" վաղ թե ուշ հրաժեշտ է տալու: Եվ եթե ԼՏՊ-ն սուսուփուս հնազանդվում է ԲՀԿ-ի այն պահանջին, որ հանրահավաք կամ այլ գործողություն տեղի կունենա միմիայն ԲՀԿ-ի բարեհաճությամբ, Րաֆֆին որոշել է դեկտեմբերի 5-ին եւ 6-ին անցկացնել, այսպես կոչված, "քաղաքացիական ժողովներ", սկզբում Ազատության հրապարակի, այնուհետ` դահլիճի պայմաններում:
Ու թեեւ բոլորը ծիծաղում են նրա` "Անհապաղ եւ ամբողջական իշխանափոխություն" եւ "Ով որ քաջ է` թող միանա" կարգախոսների վրա, այնուամենայնիվ, "Ժառանգության, ծաղրված եւ արհամարհված առաջնորդը բավականին ճարպկորեն էլ գիտի, թե ինչ է անում: Նա պարզ ու հստակ սահմանազատվում է "եռյակից" եւ ինքնուրույն գործելու նոր հայտ ներկայացնում:
Հիշենք, թե ինչպես թեթեւ քամահրանքով նույն Րաֆֆուն վերաբերվում էին շատերը 2008-ին, 2012-ին եւ 2013-ին: 2008-ին նա այդպես էլ "թռավ" ԼՏՊ-ի կողմից ծավալած շարժումից եւ խուսափեց ՀԱԿ դաշինքում ընդգրկվելուց, եւ 2012-ին նույն ՀԱԿ-ին քիչ զիջեց հավաքած քվեներով, դեռ մի բան էլ սեփական ուսերի վրա խորհրդարան բերեց ամերիկյան նոր նախագիծ "Ազատ դեմոկրատներին": Իսկ 2013-ի նախագահական ընտրություններում նա հայտնվեց միակ ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում (Բագրատյանն ու Հայրիկյանը տրամաչափով ավելի փոքր էին, իսկ Արման Մելիքյանի եւ Արամ Հարությունյանի տիպի հավերժական զրո ամբողջ տոկոս հավաքողները հաշիվ էլ չեն), ու արդյունքում ստացավ գործնականում ամբողջ բողոքավոր ընտրազանգվածի քվեները: Այսինքն` խոշոր հաշվով, թեեւ նրան բոլորը համարում էին "դուռակ", բայց ունեցավ ռուսական հեքիաթի հերոս Իվան Դուռակի բախտը: Ու ճակատագրի հեգնանքով, նա ընտրություններից հետո անհասկանալի մի մղումով ինքն իրեն նետեց Մոսկվա, ինչպես կեսլուրջ-կեսկատակ ասում էին` Պուտինից "դաբրո" ստանալու: Այդ իր իռացիոնալ քայլով նա, թերեւս, ենթագիտակցաբար ընդունել էր, որ իրականում մեր երկրում Արեւմուտքը խաղալու ռեալ տեղ չունի:
Հիմա էլ քաղաքական դաշտում եւ քաղաքականամերձ հանրության լայն շրջանակներում հակված են ծիծաղել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա եւ ձեռք առնել նրա քայլերը: Բայց կրկին նա կարծես թե պատրաստվում է օգտվել Իվան Դուռակի "ռուսական" տեխնոլոգիայից: Ի վերջո, նույն ԲՀԿ-ակենտրոն քաղաքական դաշինքը, անգամ, եթե կոնկրետ քաղաքական գործընթացները չվերլուծեր, չի կարող կենսունակ մնալ մինչեւ 2017-ի ու առավել եւս 2018-ի համապետական ընտրությունները: Իսկ "դուետի" վերածված "եռյակին" նոր փորձություն է սպասվում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ "ՀՂԻՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ"

Տարատեսակ հեղափոխական գործընթացների մասին շուրջ 100 տարի առաջ Վլադիմիր Իլյիչը ասում էր, թե հնարավոր չէ լինել "մի քիչ հեղափոխական" ճիշտ այնպես, ինչպես հնարավոր չէ լինել "մի քիչ հղի": Նման է, որ պրոլետարիատի համաշխարհային առաջնորդի որոշ գաղափարներ շատ են դուր եկել Նիկոլ Փաշինյանին եւ վերջինս ամբողջ ոչ իշխանական դաշտի գլխին յուրահատուկ "հղիության թեստ" գործարկեց: Նա հայտարարեց, որ նախաձեռնում է պատգամավորական ստորագրահավաք` ձմռան առաջին օրը ԱԺ արտահերթ նիստ անցկացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցով: Չնայած վերափոխելով Ջիվանու երգը կարող ենք ասել, թե "իմպիչմենտը քո պիչմենտին վնաս չէ", բայց, այնուամենայնիվ, փաշինյանական նախաձեռնությունը տհաճ անակնկալ է առաջին հերթին ԲՀԿ-ի համար: Մասնավորապես, այդ պահն արտահայտվել է կոնյուկտուրական վայրկյանապես ընկալող պատգամավոր Միքայել Մելքումյանի մեկնաբանություններում: Հիմա ի՞նչ է նա ասում. "Սպասեք, դա "եռյակը" կորոշի", "Դուք չգիտե՞ք "եռյակի" օրակարգը: Դրանք են` սահմանադրական փոփոխությունների կասեցում, 12 կետեր, ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ արտահերթ ընտրություններ":
Գլխանց պարզ է, որ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը ստորագրահավաքին չեն միանա, մեծագույն հաճույքով կստորագրի Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, կստորագրեն "ժառանգականներն" ու "Ազատ դեմոկրատները", թերեւս որոշակի նազուտուզով` նաեւ ՀԱԿ-իստները:  Բայց ԲՀԿ-ի պարագայում այդ հարցը դառնում է իսկական փորձանք: Եթե չստորագրեն` ապա ճակատներին դաջվում է կեղծ ընդդիմության, իսկ ավելի ճիշտ չընդդիմության խարանը, իսկ եթե ստորագրեն` ապա միանգամայն տրամաբանական է, որ իշխանությունը կսկսի ԲՀԿ-ի նկատմամբ բավականին կոշտ միջոցներ կիրառել: Իսկ շատ ու շատ ԲՀԿ-ականներ կորցնելու շատ ու շատ բաներ ունեն...
Հիմա օբյեկտիվորեն ո՞ւմ է ձեռնտու Նիկոլի "թեստը": Պարզ է, որ ձեռնտու է հենց իրեն` Նիկոլին, իր "քաղաքացիական պայմանագիր" նախաձեռնությամբ հանդերձ: Ձեռնտու է "Ժառանգությանը" եւ "Ազատ դեմոկրատներին", քանզի ընդդիմադիր դաշտը բեռնաթափվում է ԲՀԿ-ից: Նույն պատճառով ձեռնտու է "Նախախորհրդարանին" եւ առհասարակ բոլոր ոչ խորհրդարանական ընդդիմադիրներին: Բայց ՀԱԿ-ին ձեռնտու չէ, քանզի ծերուկ Լեւոնը դեռ մտադիր է շատ երկար քաղաքականապես շահագործել իր "քաղաքագիտական վերլուծությունը" եւ ապրել ԲՀԿ-ի հաշվին: "Քաղաքագիտական վերլուծության" փլուզումը, խոշոր հաշվով, ոչ մի լավ բան չի խոստանում ՀԱԿ-ին, քանզի հա՛մ սեփական ռեսուրսները ակնհայտորեն սպառվող են, հա՛մ վարկանիշային ծերացումն անխուսափելի է:
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը սկսում է "թեստ", որի արդյունքում ԲՀԿ-ն պետք է կամ խարանվի որպես չընդդիմություն, այսինքն` ժողովրդական լեզվով ասած` "փչանա", կամ հայտնվի իշխանության հուժկու հարվածների տակ: Անկախ նրանից, թե օբյեկտիվորեն ում է դա ձեռնտու, հարց է ծագում, թե այդպիսի քայլ ձեռնարկելուց առաջ ո՞ւմ հետ է խորհրդակցել Նիկոլը: Պարզ է, որ չի խորհրդակցել "եռյակի" հետ: Չի խորհրդակցել նաեւ "Ժառանգության" հետ, քանզի այդ դեպքում դա կլիներ առնվազն համատեղ նախաձեռնություն: Դե, ՀԱԿ-ի մասին չենք էլ խոսում: Բայց չենք կարող չմատնանշել, որ անկախ բոլոր փաստացի հանգամանքներից` Նիկոլի քայլը օբյեկտիվորեն առավել քան ձեռնտու է իշխանության համար: Չէ՞ որ ԲՀԿ-ն արդեն օբյեկտիվորեն դուրս է գալիս արանքից, որպես գլխացավանք` կամ վարկաբեկվելով, կամ առիթ տալով կոշտ միջոցների համար: Ու եթե ընդդիմադիր միավորումների համար ԲՀԿ-ի գլխին կազմակերպված այդ "թեստ" փորձանքի արդյունքը դաշտի մաքրումն է` սեփական գործունեությունը ծավալելու ու երկրորդ շնչառություն ստանալու, ապա իշխանությունն ազատվում է մի միավորումից, որի հետ սակարկելու, բանակցելու, հաշվի նստելու, սիրաշահելու անհրաժեշտություն կա, եւ որը ժառանգություն է մնացել Ռոբերտ Սեդրակիչի ժամանակներից:
Ինչեւէ, չգիտենք, թե քաղաքական դաշտում ով ինչով է "հղի", բայց հաստատ ոչ ոք "հղի" չէ Մայդանով ու հեղափոխությամբ: Ու արդեն գործնականում ոչ մի նշանակություն չունի, թե ով ինչքանով բարձրաձայն կխոսի իմպիչմենտի, իշխանափոխության, "վարչախմբի հեռացման", "ավազակապետության կազմաքանդման" եւ այլ կատեգորիաների մասին: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ընդամենը մեկ անելիք ունեն` Եվրասիական միության ռեալ պայմաններում պատրաստվել 2017-ի ընտրություններին: Այդ գործում ինչ-որ մեկը մտածում է, թե ինչ նոր տեսակի "լափշա" կախի ժողովրդի ականջներից, մեկ ուրիշը` թե ինչպես գրեթե ոչինչ չանի, բայց Իվան Դուռակի պես բախտավոր լինի: Այ, այդ երկրորդի հարցում Րաֆֆին, թերեւս, շանսեր ունի, թեեւ ոչ ոք իրեն լուրջ չի ընդունում ու դրանով իսկ բարձրացնում են նրա քաղաքական բախտի շանսերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում