ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ 13-ԱՄՅԱ ՍԵՎՅԱՆԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՏԻՏՂՈՍ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՖԻԴԵ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
Արխիվ 12-16ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ 13-ԱՄՅԱ ՍԵՎՅԱՆԻՆ
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՏԻՏՂՈՍ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՖԻԴԵ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Լեւոն Արոնյանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի միջեւ մրցախաղը: Երկրորդ պարտիայում Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով, եւ 50-րդ քայլում հաղթանակի հասավ, հավասարեցնելով ընդհանուր դիմակայության հաշիվը: Իսկ երրորդ պարտիայում գրոսմայստերները բաժանվեցին խաղաղ ելքով: Այս մրցախաղում հաղթանակի համար դասական պարտիաներում տրվում է 4, կայծակնայիններում` 1 միավոր (ոչ-ոքիների համար` համապատասխանաբար 2 եւ 0,5): Ահա թե ինչու խաղացված երեք դասական պարտիաներից հետո հաշիվն անսովոր է` 6:6: Հավելենք, որ գրոսմայստերներն անցկացնելու են չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: Մրցախաղը կավարտվի նոյեմբերի 25-ին:
Սակայն սենթլուիսյան հաջողություններն այսքանով չեն ավարտվում. 13-ամյա Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի նույն քաղաքում շրջանային կարգով անցկացվող մրցաշարում փայլուն խաղ է ցուցադրում: Վեց հնարավորից վաստակելով 5,5 միավորª նա վստահորեն ընթանում է առաջին տեղում: Արդեն չորրորդ տուրից հետո Սամվելի վարկանիշն անցավ 2500-ից, եւ վերջնականապես ուժի մեջ մտավ ՖԻԴԵ-ի որոշումը` հայ պատանուն գրոսմայստերի տիտղոս շնորհելու վերաբերյալ:
Հայ շախմատիստների նոյեմբերյան հաջողությունները աշխարհագրական լայն ընդգրկում ունեն. գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 262 մասնակիցների մեջ բաժանել` 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գեւորգ Հարությունյանին շնորհվել է երրորդ մրցանակը: Կես միավոր ավելի վաստակեց գրոսմայստեր Պուրիա Դարինին (Իրան), որն էլ դարձել է մրցաշարի հաղթող: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանի արդյունքն է 6,5, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանինը` 6 միավոր: Իսկ ահա Իսպանիայի Կան Պիկաֆորտ քաղաքում անցկացված բաց մրցաշարում ելույթները երկրորդ հորիզոնականով է ավարտել Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 60 մասնակիցների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը: Մովսիսյանը միայն կես միավոր է զիջել ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

