ԻԳԻԹՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉՈՒ ՉԿԱՅԱՑԱՎ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ
Արխիվ 12-16"Իրավունքն" անդրադարձել էր, որ վերջերս Հայաստանում նախատեսված էր իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ վարպետության դասեր, սակայն, հետո պարզվեց, որ մեր ապագա արվեստագետները վարպետության դասերի կարիք չունեն:
"Իրավունքի" հետ զրույցում, Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, "Անտիկյան" ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում ասել էր, որ մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է իրականություն դառնում. "Ահռելի ջանքեր են պահանջվում` ինչ-որ բան անելու համար: Փառք Աստծո, կարողացանք բոլոր ծրագրերն ավարտին հասցնել, բայց վարպետության դասը, որն ինձ համար շատ կարեւոր էր, չկայացավ: Կարեւոր էր, որովհետեւ Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի, ու գուցե նորից ստեղծվեն կապեր, հարաբերություններ: Բրունոն ծրագրում էր, որ այստեղից երեխաներ գնան, սովորեն: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում է` Իգիթյան կենտրոնում, եթե չեմ սխալվում, մոտ 20 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել: Մի բան էլ, որ ինձ համար շատ տարօրինակ էր, կարծես թե, այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավելի բան տալու, դրա համար չստացվեց: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու ցանկություն էլ չունենք: Իսկ Բրունոն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված":
"ԵՍ ԲՐՈՒՆՈՅԻ ԱՌԱՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԵԻ"
"Իրավունքը" զրուցեց նաեւ "Իգիթյան" կենտրոնի գլխավոր տնօրեն, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ. "Բրունոյին ես չեմ հրավիրել Հայաստան, նա որոշակի ծրագրի համաձայն` եկել էր իր ցուցահանդեսի համար: Նա, ինչ խոսք, մեծ վարպետ է, ես գիտեմ նրա մակարդակը: Ցուցահանդեսը մոտենում էր փակման, ինձ զանգահարում են ու ասում, որ մի ուրախալի լուր, մենք գիտենք, որ Հայաստանում կա երկու լիտոգրաֆիայի սարք, մեկը ձեզ մոտ է, մեկը` Գեղարվեստի ինստիտուտում, իսկ մերը, մասնագետների գնահատմամբ, ավելի լավն է, ու Բրունոն ուզում է վարպետության դաս անցկացնել: Ինձ հարցրին` կարո՞ղ եք տրամադրել, ասացի` իհարկե, բայց Բրունոյին տարեք` սարքը տեսնի, որովհետեւ 20 տարուց ավել այդ սարքը չի աշխատում: Բրունոն թող տեսնի ու ինքը որոշի` կարո՞ղ է այդ դասն անցկացնել: Բրունոյի գալուց 2-3 օր առաջ մասնագետ հրավիրեցի, եկավ, նայեց, ասաց, որ մի քանի բան է պակասում: Բրունոն էլ նայեց ու ասաց, որ բազմաթիվ բաներ կան, որ սարքը չի լինի աշխատեցնել, մի քանիսը Հայաստանից կարող ենք ապահովել, եթե մոտ 2 ամիս ժամանակ ունենայինք: Բայց մի շատ կարեւոր բան, որ Հայաստանում չկա, ինքը պիտի բերեր իր հետ, ու ասաց` իմանայի` ինձ հետ կբերեի: Ինչ արած, ափսոս, որ չեղավ այդ վարպետության դասը, բայց ես Բրունոյի առաջ պարտավորություն չունեի, նա ինքն իր ծրագրով էր եկել Հայաստան ու հանկարծ ցանկություն էր ունեցել վարպետության դաս անցկացնել, բայց դա չի նշանակում, որ ես խանգարել եմ կամ չեմ ապահովել":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

