ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Այսօր ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է, եւ շատերը զարմանալիորեն դա մոռացել են ե՛ւ քաղաքական, ե՛ւ կենցաղային թոհուբոհում: Մինչդեռ Մոնթեն ոչ միայն ռազմական տաղանդի եւ հայրենասիրության եզակի օրինակ է, այլեւ Մոնթեի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես կարող է արթնանալ հայի գենը անգամ այն պայմաններում, երբ թվում է, թե ամեն ինչ պետք է մատնվի մոռացության: Չմոռանանք` նա մայրենի լեզու սկսեց սովորել, երբ արդեն դպրոցական էր... Ու ինչպիսի հրաշալի արդյունք տվեց հայկական արյան կանչը նրա երակներում` բոլորիս աչքի առաջ է, չթվարկենք նրա կենսագրության դրվագները, որոնք մի քանի կյանքի կհերիքեին: Ընդամենը հիշենք նրա պատգամը, որն այժմ մեծ տառերով գրված է մեր զորամասերում. "Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը":
Մեր արեւմտամետ եւ արեւմտամոլ որոշ գործիչներ այնքան են ատելությամբ ու թույնով լցվել ռուսների ու Ռուսաստանի հանդեպ, որ երբեմն կարելի է պարզապես ապշել: Անշուշտ, ատելության կենդանաբանական մակարդակի դրսեւորումներն այստեղ չենք ներկայացնի, այլ կբավարարվենք մեջբերելով իրեն քաղաքագետ համարող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ տեսակետը. "Սուխումում Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ռազմական գործընկերության նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել: Փաստորեն, աշխարհի կողմից չճանաչված Աբխազիայում ինքնիշխանության գիտակցությունն ավելի բարձր է, քան Հայաստանում: Էլ չեմ ասում այն մասին, որ աբխազներն, ի տարբերություն մեզ, քաղաքական, հասարակական դիսկուրս են ծավալում` երկրի զարգացման հեռանկարի շուրջ...": Լավ, ինչ ասես... Քիչ էր մնում հարցադրեի, թե այսպիսի տողեր գրելուց առաջ ինչ էր ծխել Սուրենյանցը, սակայն հետո հիշեցի, որ թունդ ըմպելիքների հանդեպ իր սիրով նա "ծալած ունի" ցանկացած ռուսի:
Խորհրդային այլախոհ, այժմ իրավապաշտպան ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ որոշել է փիլիսոփայել Հայաստանի քաղբանտարկյալների մասին. "Չհաշված առաջին 5-6 տարին, ունեցել ենք քաղբանտարկյալներ, այդ իմաստով Հայաստանի անկախ հանրապետությունն այնքան էլ հրապուրիչ չէ ինձ համար": Զարմանալի է, թե ինչ կարճ, իսկ ավելի ճիշտ, ընտրովի հիշողություն ունի սույն, կներեք արտահայտության համար, այլախոհը: Խորհրդային շրջանի քաղբանտարկյալներին հիշում է, իսկ ԼՏՊ-ի իշխանության օրոք մեր ունեցած բազում քաղբանտարկյալների մասին մոռացել է: Օրինակ, գրողը տանի, արդյոք քաղբանտարկյալ չէին ՀԱԲ-ի տղերքը, այդ թվում եւ` ՀԱԲ-ի հիմնադիր Ռազմիկ Վասիլյանը, ում գլխներին սադրանք սարքեցին եւ լցրեցին բանտերը: Կամ արդյո՞ք քաղբանտարկյալ չէին այն մի քանի հարյուր հոգին, ում լցրեցին բանտերը 1996-ի ժողովրդական ընդվզումից հետո:
Իսկ, այ ումից երբեք քաղբանտարկյալ չի ստացվի` դա ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ: Նրա խուճուճ ելույթները ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ Երեւանում այնքան բովանդակազուրկ էին, որ ընթերցողին խորհուրդ չէի տա կարդալ: Մանավանդ որ, մի շարք կետերով բրյուսելյան ելույթը վերլուծել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը (երնեկ նրա հավեսին): Ընդամենը մատնանշենք երեւանյան նրա խոսքի շատ ուշագրավ դրվագներ: Այսպես, նա մտադիր է դեկտեմբերի 5-ին հրավիրել հավաք, որի նպատակն է "անհապաղ եւ ամբողջական իշխանափոխությունը", եւ Րաֆֆին պաթետիկ բացականչում է. "Հիմա ժամն է, ով քաջ է` թող միանա": Եվ իրոք, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ այդ հավաքին միանալու համար պետք է ոչ միայն եզակի քաջություն, այլեւ երկաթյա կամքի ուժ, այլապես կարելի է ծիծաղից մեռնել: Համենայնդեպս, ես հաստատ այդքան ոչ քաջություն ունեմ, ոչ էլ` կամքի ուժ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

