Վ. Այվազյանը Զ. Փոստանջյանին. "ԱՍԵԼ ԵՄ` ՊՈՐՏԻՑ ՆԵՐՔԵՎ ՉԻՋՆԵՔ"
Արխիվ 12-16Վ. Այվազյանը Զ. Փոստանջյանին. "ԱՍԵԼ ԵՄ` ՊՈՐՏԻՑ ՆԵՐՔԵՎ ՉԻՋՆԵՔ"
Ազգային ժողովում երեկ մեկնարկեց "Եվրասիական տնտեսական միության մասին" 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումները: Բայց, սովորության համաձայն, ամեն ինչ փորձեց "հարամ" անել ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ով իր ելույթում սպառնաց բոլոր պատգամավորներին, թե նրանք կկոչվեն ազգի դավաճան` կողմ քվեարկելով այս պայմանագրին: Այս եւ այլ սպառնալիքներ ու մեղադրանքներ լսելով` նիստը վարող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ դիմելով Զ. Փոստանջյանին` ասաց. "Ասել եմ` պորտից ներքեւ չիջնեք": Ապա ներկաներին ի գիտություն` հավելեց. "Էս պայմաններում էլ աշխատում ենք": Գործընկերոջը շարունակելով ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ նկատեց. "Սա էլ մեր դժբախտությունն է": Իսկ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը շատ արագ լքեցին դահլիճը` ըստ երույթին, փոստանջյանական պիտակավորումներից խուսանավելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

